ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

Ամենաթողություն, այլ կերպ չես անվանի թռչունների որսը, որսաշրջան, որը դեռ չի փակվել եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 28-ը: Սպանված թռչունների մեջ կան նաեւ Կարմիր գրքում գրանցված տեսակներ (տես լուսանկարները): Իրավիճակը «ԷկոԼուր»-ին ներկայացրեց Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ  հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը:

«Թռչուններին, որոնց սպանում են մեր որսորդները, չի թույլատրվում կրակել: Դրա համար չի կարող տրված լինել որեւէ արտոնագիր: Այդ, այսպես կոչված, որսորդները գաղափար անգամ չունեն, թե ինչ տեսք ունեն թռչունների տեսակները, որոնց նկատմամբ որսը թույլատրվում է: Նրանց համար թե ձկնկուլը, թե փոքր սուզակը, բոլորը բադեր են,- ասաց նա ,- միայն մեկ օրվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես սպանեցին փոքր ձկնկուլին, որը գրացված է Հայաստանի Կարմիր գրքում, սովորական հողմավար բազեին: Սովորական հողմավար բազեն մեծ օգուտ է բերում: Այս թռչունը կրծողներ է որսում: Մենք փորձում ենք պահպանել այս տեսակը, որպեսզի պաշտպանենք դաշտերը»,- ասաց Ղասաբյանը: Իսկ երկնագույն ալկիոնին եւ մոխրագույն տառեղին նույնիսկ չվերցրեցին: «Հասկանալի չէ, թե ինչու նրանց սպանեցին, պարզապես զվարճանքի՞ համար»: ASBP-ի նախագահը կարծում է, որ որսորդության համար արտոնագիր տալուց առաջ հարկավոր է ստուգել որսորդների գիտելիքները: «Պետք է մինիմում գիտելիքներ ունենալ թռչունների տեսակների մասին, Հայաստանի բնության մասին, այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս կամ այն տեսակի կորստի դեպքում»,- կարծում է Ղասաբյանը:

Փետրվար 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր