ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐԱՌԵԼ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ

ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐԱՌԵԼ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ

ԱրմԻնֆո

Ամենամոտ ժամանակներս Երևանում կկայանա Հայաստանի կարմիր գրքի 2 հատորների շնորհանդեսը: Այդպիսի նշանակալի իրադարձության ֆոնի վրա (վերջին անգամ ԿԳ հրատարակվել է 20 տարի առաջ) էկոլոգները դարձյալ նշում են մի շարք չլուծված խնդիրներ հանրապետության բնապահպանության ոլորտում:

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն իր խորհրդային նախորդի, Հայաստանի կարմիր գրքի նոր վարկածում ներառված են բույսերի և կենդանիների ավելի շատ տեսակներ: Եթե նախկինում Կարմիր գրքում ներառված էր բույսերի 367 տեսակ և ողնաշարավոր կենդանիների 99 տեսակ, ապա այժմ այդ թվերն ավելացել են համապատասխանաբար մինչև 452 և 153: Էկոլոգների կարծիքով, այդ ամենը բնական պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանք է:

«Մենք տեսնում ենք, որ որոշակի պաշտոնյաների շահերը բնապահպանության հարցերից ավելի բարձր են դասվում, և դա մեզ չի կարող չմտահոգել: Հարկավոր է հիշել այն մասին, որ այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և եթե չպահպանենք էկոհամակարգը, ապա արդեն մենք ինքներս կհայտնվենք Կարմիր գրքում», - ընդգծել է Կ.Դանիելյանը մամուլի ասուլիսում:

ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԵՐԸ
Aysor.am


Լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը, որտեղ ներառվել են 452 տեսակ բույսեր, 40 տեսակ սնկեր, 153` ողնաշարավոր և 155` անողնաշարավոր կենդանիներ: Գրքերը լույս են տեսել 500 օրինակ տպաքանակով: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը և հիշեցրեց, որ Հայաստանի վերջին Կարմիր գիրքը լույս էր տեսել 1980-ական թվականների վերջերին:

Ըստ նրա` նոր Կարմիր գրքում կենդանատեսակների և բուսատեսակների թվաքանակը աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափանիշների կիրառմամբ:

«Ուսումնասիրություններ են կատարվել հանրապետության ամբողջ տարածքում: Գնահատվել է կենսաբազմազանության իրավիճակը»,- շեշտեց Տատյանա Դանիելյանը և հավելեց` կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է, որ բոլորը հոգ տանեն բնությանը և դրա համար պետք է մարդկանց մտածելակերպը փոխել:

Բանախոսը նշեց նաև, որ Կարմիր գրքի լույս ընծայման համար ծանր և երկարատև ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համար 2007թ.-ին պետբյուջեից տրամադրվել է 31 մլն դրամ:

Տ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ:
 
ԲՆԱՊԱՀՊԱՆ. ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԸՆԳՐԿՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԸ
Aysor.am


2010թ.-ին լույս տեսած Հայաստանի նոր Կարմիր գրքերում բարձրակարգ բույսերը, որոնք 452 տեսակ են, բաժանվել են հետևյալ կատեգորիաների` չափազանց բարձր ռիսկի ենթակա տեսակներ 143, շատ բարձր ռիսկի ենթակա` 249, անհետացման ենթակա` 60 տեսակ: Կենդանատեսակներից իսպառ անհետացել են Սևանի իշխանի երկու ենթատեսակներ, վտանգված են բեզորարյան այծը, մուֆլոնը, հովազը, եղջերուն և այլն: Փետրվարի 8-ին այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը

«Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն, իր հերթին, շեշտեց, որ մենք կորցնում ենք մեր բնակչությանը և եթե այսպես շարունակվի, Կարմիր գրքում կարող է ընդգրկվել նաև հայ մարդը, «որովհետև մենք մեզ անգամ չենք վերարտադրում»:

Ըստ նրա` կենսաբազմազանությանը ամենամեծ հարվածը հասցնում է ակտիվ ընդերքօգտագործումը, իսկ մեր երկիրը վերածվել է հումքային կցորդի:

Կենսաբազմազանության նվազման պատճաներից մեկը, ըստ Կարինե Դանիելյանի, պահպանվող տարածքներում իրականացվող շինարարությունն է:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2007թ.-ին, առանց հանրությանը տեղեկացնելու, Խոսրովի արգելոցից Կառավարության որոշմամբ անջատվել է 117 հա տարածք` Գիլանը, որտեղ այժմ շինություն է կանգնած:

Այդպիսի գործելակերպի արդյունքում, բնապահպանի համոզմամբ, Հայաստանի Կարմիր գրքերը հաստափոր կդառնան. «Հաջորդ Կարմիր գիրքը ներկայիս կրկնապատիկն է լինելու»:
 
ԻՆՉ Է ՀԱՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Նոր հրատարակված Հայաստանի Կարմիր գրքում աճել են անհետացման վտանգի տակ հայտնված կենդանական և բուսական տեսակները: Ողնաշարավոր կենդանիներից արդեն անհետացած տեսակներ կան. Սևանա լճի իշխան ձկան երկու ենթատեսակներն իսպառ վերացել են, ոչ մի կերպ դրանք վերարտադրել հնարավոր չէ: Վտանգված է հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հովազը և այլն: Բուսական աշխարհում որևէ տեսակի կորուստ չի եղել:

2010-ի դեկտեմբերին 500 օրինակով հրատարակվել է Հայաստանի Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկված են առավել վտանգավոր բուսական և կենդանական աշխարհի տեսակները: ԲՆ կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը նշում է, որ Կարմիր գրքի մեծացման պատճառը նախևառաջ մարդու ազդեցությունն է էկոհամակարգի վրա, որը մեծացել է, ինչը, սակայն, բնորոշ է ողջ աշխարհին:

Եթե նախորդ Կարմիր գրքում ընդհանուր առմամբ 367 տեսակ էր ընդգրկված, ապա նորում 452 տեսակի բույս է ընդգրկված և 40 տեսակի սունկ (նախրոդում սնկերը չէին ներառվել): Նախորդ Կարմիր գրքում 99 տեսակ ողնաշարավոր կենդանիներ են եղել, նորում` 153 տեսակ, 155 տեսակ անողնաշարավորներ:

Չափազանց բարձր ռիսկի տակ գնտվող կամ կրիտիկական 143 տեսակ կա: Վտանգված տեսակները, որոնք շատ բարձր ռիսկային խմբում են` 249 են, իսկ խոցելի, անհետացման բարձր ռիսկի տակ 60 տեսակ կա:

«Բնակչությունը մեծաքանակ դառնալով` ավելի մեծ ազդեցություն է թողնում էկոհամակարգերի վրա: Բացի դրանից, ինչքան երկիրը աղքատ է, այդքան այդ ազդեցությունն ավելի մեծ է, որովհետև մարդիկ կախված են այն կենսառեսուրսներից, որոնք շրջապատում են նրանց: Մարդիկ կախված են ծառից` որպես բնափայտի աղբյուր, որով տաքացնում են  իրենց, քանի որ հնարավորություն չունեն, ենթադրենք, օգտվել գազից, և մարդիկ կախված են կենդանուց, ենթադրենք` ձկից»,- ասում է Տատյանա Դանիելյանը:

«Բնակչության վերաբերյալ ես կասեի, որ հակառակն է մեզնում, մենք կորցնում ենք մեր բնակչությունը, և եթե այսպես շարունակվի, Կարմիր գրքում կարող ենք նաև ընդգրկել Հայաստանում հայ մարդուն, որովհետև երբ նայում ենք, որ մենք մեզ անգամ չենք վերարտադրում, իսկ միգրացիան էլ եթե միացնենք, ապա ստացվում է, որ մեր բանկչությունն ուղղակի մարում է»,- կարծում է էկոլոգ Կարինե Դանիելյանը և կարևորում նաև պահպանությունը:

Կարինե Դանիելյանը նշում է, որ Հայաստանը վերածվել է հումքային կցորդ երկրի, արտահանման հիմնական կազմը ընդերքի օգտագործումից է առաջանում, ընդ որում` բաց ընդերքի: Օրինակ` Թեղուտում` անտառային տարածքի բաց օգտագործումը, ինչը ամենամեծ հարվածն է բնությանը: Երկրորդը` շինարարությունն է: Մյուս կողմից` պահպանվող տարածքներն են ավելանում:

«Բայց որքանով է այնտեղ ռեժիմը պահպանվում»,- հարցնում է էկոլոգը և մանրամասնում, եթե հանկարծ բարձրաստիճան պաշտոնյային մի գեղեցիկ հատված է դուր գալիս պահպանվող տարածքում, ապա ներքին կարգով այն տրվում է նրան, ինչպես Խոսրովի արգելոցի Գիլանի դեպքում էր: Կարինե Դանիելյանը նշում է, որ դրա արդյունքում են Կարմիր գրքերը հաստափոր դառնում: Այսինքն` էկոհամակարգը փողկապակցված է, և մեկը պայմանավորված է մյուսով:

Կարինե Դանիելյանը չի ժխտում, որ Կարմիր գրքի հրապարակմամբ Բնապահպանության նախարարությունը իր աշխատանքը կատարել է, բայց նախարարության աշխատանքն է նաև վերահսկել կենսաբազմազանության պահպանությունը, որպեսզի Կարմիր գրքերը ոչ թե հաստանան, այլ ավելի բարակեն: «Կապերը որ խզվեցին, հաջորդը զարմանալու ենք` էս ինչի քաղցկեղն աճեց, էս ինչի աննորմալ ծնունդներն աճեցին, մենք բոլոր թելերով կապված ենք»,- նշում է բնապահպանը:

Կարինե Դանիելյանը նաև հիշեցնում է, որ կենսաբազմազանության տեսակետից Հայաստանը աշխարհի կենտրոններից է,  օրինակ, էնդեմիկ տեսակներ կան, որոնք միայն Հայաստանն ունի, եթե կորավ, ուրեմն աշխարհն է կորցնում այդ տեսակները:

Վերջին Կարմիր գիրքը տպագրվել էր ավելի քան 20 տարի առաջ, որից հետո ոչ վերանայվել էին գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ցուցակներ, ոչ էլ գիրքն էր վերահրատարակվել, քանի որ ֆինանսական միջոցներ չեն եղել` այդ ծավալուն գործը և ուսումնասիրությունները կատարելուը համար: 2007թ-ից սկսած պետական բյուջեի միջոցներով` 31 մլն դրամով, սկսվել էին աշխատանքները նոր Կարմիր գրքի պատրասման և լրամաշակման ուղղությամբ:

Փետրվար 09, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր