ԱրմԻնֆո
Հայաստանում որսագողության խնդիրը դեռ մնում է չլուծված: «Մենք այս երեւույթի հետ ենք բախվում ողջ Հայաստանում: Կրակում են այն ամենին, ինչը թռչում է, վազում եւ սողում»,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Մասնագետը նշեց, որ երկրում էկոլոգիական ոստիկանության ստեղծման մասին WWF առաջարկը մնում է առանց ուշադրության: Ինչ վերաբերվում է բնապահպանական տեսչությանը, ապա նրա ռեսուրսները բավարար չեն` նշենք միայն, որ ողջ Սյունիքի մարզի համար ընդամենը 5 տեսուչ կա: Կ. Մանվելյանը նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով: «Մենք միայն տեխնիկապես կարող ենք օգնել: Օրինակ` նախանցած տարի երեք տեսչությունների մեքենաներ տվեցինք, համազգեստ, հեռադիտակներ: Բայց բոլոր շրջաններում տեսչությունները պետք է բարելավի ինքը` պետությունը: Տեսչությունները պետք է ունենան գրասենյակներ, մեքենաներ,վառելանյութ, բարձր աշխատավարձ: Դա բավականին երկար աշխատանք է, բայց ցանկության դեպքում այն կարելի է իրականացնել»,- ասաց նա:
Ըստ WWF-Հայաստանի ղեկավարի` որսագողության դեմ պայքարի գործող մեթոդ է դարձել Հայաստանի հարավում հատուկ պահպանվող տարածքների ցանցի ստեղծումը: Դա «Արեւիկ» ազգային պարկն է, «Զանգեզուր» արգելավայրը եւ «Շիկահող» արգելոցը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում «Խուստուփ» արգելավայրի ստեղծման ուղղությամբ: «Վերջին 5-10 տարիների ընթացքում որսագողության մակարդակը Հարավում զգալիորեն նվազել է: Հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցները համագործակցում են Բնապահպանական տեսչության հետ, լավ թիմ է ստեղծվել, որը բավականին արդյունավետ է աշխատում»,- ասաց Մանվելյանը: WWF-Հայաստանի ղեկավարը հույս հայտնեց, որ իրավիճակը կլավանա նաեւ մյուս մարզերում: «Ցանկալի է, որ նորանոր հատուկ պահպանվող տարածքներ ստեղծվեն, իսկ Բնապահպանական տեսչությունն ավելի արդյունավետ աշխատի: Առանց համագործակցության որսագողության դեմ պայքարելն անհնար: Դրան պետք է աջակցեն տեղի համայնքները, մարզային կառույցները, ՀԿները եւ ԶԼՄ-ները»,-ընդգծեց Մանվելյանը:
Մարտ 12, 2011
