

ԷկոԼուր
ՀՀ կառավարության N123-Ն որոշումը գայլաորսի թույլատրության մասին իսկական քաոս է առաջացրել:
Որոշման հիման վրա Բնապահպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը չնայած 2010-11թթ որսաշրջանի ավարտին, գայլաորսով զբաղվողներին անվանական թույլտվություն կտրամադրի:
Հանձնաժողովին արդեն հանձնվել է 32 գայլի մորթի, որոնք այժմ գտնվում են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր սպանված գայլի համար պետությունը խոստացել է վճարել 100 հազար դրամ:
Իրենց հերթին անտառների սանիտարների քանակի կրճատման դեմ ուղղված կառավարության նախաձեռնությունից դժգոհում են բնապահպանները:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների բաժնի վարիչ Մամիկոն Ղասաբյանի խոսքերով` ՀՀ բնապահպանության նախարարությունը ուռճացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում գայլերի պոպուլայցիայի վերաբերյալ: «Նախարարությունը հայտարարում է, որ գայլերի որսը թույլատրվել է նրանց պոպուլյացիայի աճի պատճառով: Ըստ նախարարության` հանրապետությունում 1700 գայլ կա: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 30 տարիների ընթացքում գայլերի միջին թիվը հանրապետությունում կազմում է 450-650, եւ հազվադեպ դեպքերում է հասնում 800-ի»,- «ԱրմԻնֆո»-ին ասել է Մամիկոն Ղասաբյանը:
Մինչ նախարությունն ու բնապահպանները բանավիճում են գայլաորսի շուրջ, Լոռու մարզի որսորդմիությունն էլ անորոշության մեջ է: «Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի որսորդների և ձկնորսների միավորման նախագահ Ֆրունզիկ Աղաջանյանը հայտնել է, որ հավելյալ ինֆորմացիայի ինքը չի տիրապետում, անգամ չգիտի, թե քանի գայլ է նախատեսվում ոչնչացնել. «Հեռուստացույցով ինչ լսել ենք՝ դա է: … Կոնկրետ որոշում չունեմ ձեռքիս տակ:… Զանգում եմ նախարարություն՝ էնտեղից ինձ ասում են, որ բնապահպանության նախարարությունից էսա գրություն կստանաք, որոշում կստանաք, թե ինչ ձևով որսորդին կհատկացվի էդ 100 հազար դրամը: Հիմա սպասում ենք »,- ասել է Ֆրունզիկ Աղաջանյանը:
Մարտ 17, 2011
