ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ՉԿՐԿՆՎԻ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ՉԿՐԿՆՎԻ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

2011թ. լրանում է Երեւանի կենդանաբանական այգու 70 տարին: Կենդանաբանական այգին, ինչպես նաեւ Երեւանի բուսաբանական այգին երեւանցիների հանգսիտի սիրելի վայրերն են: Միեւնույն ժամանակ ավելի է պարզ դառնում, որ նրանց նորմալ գործելու համար պահանջվում են եղածից զգալիորեն ավելի շատ միջոցներ: Կենդանաբանական եւ բուսաբանական այգիները նախ եւ առաջ գիտական հաստատություններ են, որտեղ իրականացվում են կենսաբազմազանության պահպանման ծրագրեր:  

Բիոպարկերի ստեղծման գործում ժամանակակից մեթոդներ ներդնելու փորձն արվեց բուսաբանական այգում 90-ական թվականներին` էներգետետիկ ճգնաժամից անմիջապես հետո: Կիսաքանդ տարածքում ստեղծվեց Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կենտրոն: Այսպես կոչված բիոտոպներում ընդամենը 12 տեսակի կենդանիներ կաին` կրիաներ, օձեր, սողուններ:  Այդ տեսակները բնակվում էին մի միջավայրում, որն առավելագույնս մոտեցված էր բնական պայմաններին: Բնական լանդշաֆտների ստեղծման համար նույնիսկ քարերը բերվում էին գիտարշավներից:

Ներկայումս ակտիվ քննարկվում է Հրազդանի կիրճում նոր կենդանաբանական այգի ստեղծելու առաջարկը: Այս առաջարկը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia),  տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանին:

-Պարոն Մանվելյան, մի անգամից մի քանի հարց: Երեւանին պե՞տք են նոր կենդանաբանական եւ բուսաբանական այգիները: Ո՞վ է այն կառուցելու, եւ գլխավորը եւ ո՞վ է կենդանիների համար պատասխանատվությունը վերցնելու իր վրա: Արդեն իսկ տխուր օրինակներ կան: Վերջերս «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ստորագրահավաք սկսեց Արմավիրի կենդանաբանական այգում պահվող կենդանիների փրկության համար, որտեղ կենդանիները սովամահ են լինում: Եւ վերջապես, ի՞նչ է ասում համաշխարհային փորձը:
 
- Մեզ Երեւանի բազմաթիվ բնակիչներ են դիմում նոր կենդանաբանական այգու նախագծի հարցով` կարծելով, թե գաղափարը մերն է: Ուզում եմ նշել, որ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը այդ գաղափարի հետ առնչություն չունի:

Առաջարկվող վայրը` Հրազդանի կիրճը, միանգամայն  անընդունելի է բիոպարկի տեղակայման համար առաջին հերթին բնապահպանական տեսանկյունից: Կիրճը նեղ է, զառիթափ լանջեր ունի: Այդ լանջերին կենդանիներ պահելը կբերի հողերի դեգրադացիայի եւ էռոզիայի, ինչը կիրճի ողջ էկոհամակարգի համար կունենա ծայրաստիճան բացասական հետեւանքներ:

Հայտնի է նաեւ, որ մեծ քանակությամբ կենդանիներ պահելը գետերի հուների մոտ սպառնում է տարածքի վարակմանը վտանգավոր ինֆեկցիաներով, որոնք  ավելի ներքեւում են գտնվում: Ժամանակակից կենդանաբանական այգիները օգտագործում են ջրամատակարարման փակ ցիկլեր` ներառյալ  արհեստական լճակների, ջրվեժների եւ ենթակառուցվածքների այլ տարրերի ջրամատակարարումը, ինչը Հրազդանի կիրճի դեպքում անհնար է:

Այժմ ֆինանսավորման մասին: Մեր հաշվարկներով ապագա բիոպարկի միայն գլխավոր հատակագծի մշակումը կարժենա մոտ 2 միլիոն դոլլար: Գլխավոր հատակագիծը պետք է ներառի տարածքի ընտրության հիմնավորումը, հիմնական շինությունների պլանը, կենդանիների համար յուրաքանչյուր վանդակի նախագիծը` ներառյալ սպասարկման անվտանգությունը, դիզայնը, միկրոկլիմայի ապահովումը, անասնաբուժական կլինիկան, կերախոհանոցը եւ այլն: Վերջապես, գլխավոր հատակագիծը պետք է ներառի երկու բյուջե` ներդրումային եւ գործառնական: Իսկ նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 40 միլիոն դոլլար: Նշեմ, որ աշխարհում կենդանաբանական այգիները պահվում են հիմնականում քաղաքապետարանների կողմից, իսկ դոնոր կազմակերպությունները կամ հիմնադրամներն աջակցում են կենդանաբանական այգիներին վերացող տեսակների պահպանման ուղղված փոքր նախագծերի մակարդակով: Հենց դրա համար էլ շատ քաղաքներ անհաջողության մատնվեցին նոր կենդանաբանական այգիների ստեղծման գործում հատակագիծ չունենալու կամ այն թերի մշակված լինելու պատճառով: Իհարկե, ցանկալի չի լինի կրկնել այդ սխալները` «պահեստում» ունենալով միայն գաղափար եւ ուրիշ ոչինչ: 

- Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում` թողնել ամեն ինչ ինչպես կա՞:


- Ես բարեփոխումների եւ արդեն իսկ առկա կենդանաբանական եւ բուսաբանական այգիների իրավիճակի լավացման կողմնակիցն եմ: Կենդանաբանական այգու տարածքն ընտրվել է 1940թ. գիտնականների խմբի կողմից` Երեւանի կենդանաբանական այգու հիմնադիր, պրոֆեսոր Սարկիսովի գլխավորությամբ: Կենդանաբանական այգին տեղակայված է Բերդաձորի գեղատեսիլ կիրճում: Ընդհանուր 34 հեկտար տարածքից օգտագործվում է ընդամենը 12 հեկտարը (տարածքի 35%-ը): Եթե փուլային վերակառուցում կատարվի, ապա Երեւանի կենդանաբանական այգին կարելի է հասցնել միջազգային չափանիշների:

Ամփոփելով ասվածը` առաջարկում եմ քննարկել բուսաբանական եւ կենդանաբանական այգու նախագիծը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ եւ հիշեցնում եմ, որ նմանատիպ նախագծերը պետք է գիտականորեն եւ տեխնիկապես հիմնավորված լինեն: 

Մարտ 29, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր