ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՏԱՆԵԼ ԴԵՊԻ ԱՂԲԱՆՈՑՆԵՐ

Ankakh.com

Աշխարհում ըստ միջին հաշվարկի, ամեն տարի  արտադրվում է 4-5 տրիլիոն պլաստիկե տոպրակ: Պլաստիկե տոպրակի կյանքի միջին տևողությունը 20 րոպե է, մինչդեռ դրա քայքայման համար պահանջվում է 100-200 տարի:

«Արմատ» մամուլի ակումբում ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  բնապահպանները քննարկում էին պլաստիկե շշերի և տոպրակների առաջացրած էկոլոգիական խնդիրները:

Առաջին անգամ 20-րդ դարի 50-60-ականներին ԱՄՆ-ում օգտագործված պլաստիկե տոպրակներն այսօր սպառնում են ախարհի մասշտաբով բնապահպանական աղետի պատճառ դառնալ:

Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Կենդանիները, սխալմամբ այն սնունդ համարելով, ուտում են: Դրա հետևանքով ամեն տարի սատկում է 1 մլն թռչուն,  100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ:

Չնայած Հայաստանը հեռու է համաշխարհային օվկիանոսից, սակայն այս խնդրից զերծ չէ: Հայաստանում աղտոտված են գետերը, Սևանա լիճը:

Հայաստանում չեն պահպանվում նաև աղբանոցների համար կիրառվող միջազգային ստանդարտները: Եթե ընդունված է, որ աղբանոցը պետք է լինի ոչ ջրաթափանց վայրում, դրա վրա պետք է լցնել նաև շինարարական աղբի շերտ, ավազով ծածկել, հետո կանաչապատել և այդպես շարունակ, ապա Հայաստանում աղբանողները բաց են: Տեղացած անձրևը, որ իր  մեջ լուծում է քիմիական նյութերը, հոսում,  ոռոգման ջուր է դառնում կամ էլ ներծծվում ու միանում խմելու ջրի պաշարներին: Բացի այդ «որ բնակավայրում հարցնենք, թե աղբը որտեղ են թափում, կասեն ձորում»,- ասում է բնապահպան Թամարա Գալստյանը:

«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբիրելյանն ասում է, որ հատկապես վտանգավոր են թեթև պլաստիկե տոպրակները, որոնք թեթև քաշի պատճառով ձեռնտու չէ հավաքել և վերամշակման հանձնել. դրանք մնում են բնության մեջ:

Բնապահպանները նշում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, գիտակցելով վտանգը,  փորձում են այլընտրանքային միջոցներ կիրառել պլաստիկե տոպրակների փոխարեն: Շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան, Բանգլադեշը, Տանզանիան ու Մոզամբիկը արգելել են դրանց արտադրությունը և ներմուծումը:

Որպես այլընտրանքային տարբերակ` բնապահպաններն առաջարկում են օգտագործել կտորից և թղթից տոպրակներ, որոնք պիտանի են բազմակի օգտագործման համար: Բնապահպան Թամարա Գալստյանը, սակայն, նշում է, որ թղթի վերամշակման ինստիտուտ չունեցող Հայաստանում թղթե տոպրակների կիրառումը կարող է մեկ այլ բնապահպանական աղետի հանգեցնել. առանց այդ էլ սակավաթիվ անտառները կարող են իսպառ վերանալ թղթե տոպրակների արտադրության համար:

Գալստյանն առաջարկում է, որ դպրոցականների համար մեկ անգամ դեպի աղբանոցներ էքսկուրսիա կազմակերպվի: Նրա հավաստմամբ` եթե երեխան մեկ անգամ տեսնի, որ իր նետած աղբը իրենից ընդամենը մի քանի կմ հեռու կուտակվում է և թե  ինչ խնդիրներ է առաջացնում, նրա գիտակցությունը կփոխվի:

ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԻՑ ԿԱՄ ՇՇԵՐԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՍԱՏԿՈՒՄ Է 1 ՄԻԼԻՈՆ ԹՌՉՈՒՆ
Panorama.am

 
«Պոլիէթիլենային տոպրակները մեծ վնաս են պատճառում բնությանը, քանի որ դրանք բնության մեջ քայքայվում են 100-200 տարվա ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը:

Նա նշեց որ առաջին անգամ պոլիէթիլենային տոպրակաները սկսվել են կիրառվել ԱՄՆ-ում 1950-1960-ական թվականներին: Նրա խոսքով, քանի որ պոլիէթիլենային տոպրակաները շատ հարմար են եղել կիրառման համար, դրանք շատ շուտ տարածվել են ամբողջ աշխարհով մեկ:

«Որոշ փորձագետների հաշվարկներով արդեն 2002 թվականին աշխարհում միջին հաշվով 4-5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է արտադրվում»,- հավելեց նա:

Գ. Գաբրիելյանի խոսքով, պոլիէթիլենային տոպրականերն իրենց քիմիական բաղադրությամբ կարող են տարբերվել, դրանցից բնության համար մեծ վտանգ է ներկայացնում ամենացածր խտություն ունեցողները, որոնք շատ թեթև ու շատ էժան են: «Դրանք վտանգ են ներկայացնում բնության համար, քանի որ շատ թեթև լինելու պատճառով վերամշակող ընկերություններին ձեռնտու չէ հավաքել վերամշակելու համար»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով, քանի որ պոլիէթիլենային տոպրակները բնության մեջ չեն քայքայվում, գետերի մեջ թափվելով` լցվում են Համաշխարահային օվկիանոս: Գ. Գաբրիելյանի հայտնեց, որ որոշ տվյալների համաձայն Համաշխարահային օվկիանոս է հասնում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի հիմնական մասը պոլիէթիլենային տոպրակներ կամ շշեր են:
«Պոլիէթիլենային տոպրակները կամ շշերը օվկիանոսում շատ մեծ վտանգ են պատճառում ձկներին և թռչուններին: Կենդանիները, համարելով դրանք որպես սնունդ, ընդունում են: Որոշ փորձագետների հաշվարկով պոլիէթիլենային տոպրակներից կամ շշերից տարեկան սատկում է շուրջ 1 մլն թռչուն և 100 հազար ծովային կաթնասուն»,- ասաց Գրետա Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ամբողջ աշխարհում այժմ իրականացվում են տարբեր ծրագրեր պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելու համար:

Ապրիլ 06, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր