Բարձր գները եւ վատ ծառայությունը թույլ են տալիս հուսալ, որ վայրի կենդանիները Հայաստանում կփրկվեն

Բարձր գները եւ վատ ծառայությունը թույլ են տալիս հուսալ, որ վայրի կենդանիները Հայաստանում կփրկվեն

ԷկոԼուր

«Մենք որս ենք անում Մեծ Կովկասի տարբեր շրջաններում` Բաքվի սահմաններից մինչեւ Դաղստան: Կովկասյան տուրի ընթացքում դուք կարող եք մասնակցել ամենախոշոր կենդանիներից մեկի որսին եւ ստանալ մեծ որսորդական ավար»: Այս հրավերը տեղադրված է http://www.safariinternational.com կայքում, որն ամենահայտի որսորդական կայքերից է: Կայքի գլխավոր զարդը սպանված կենդանիների եւ երջանիկ որսորդների լուսանկարներն են:

Որսորդները փորձում են ցուցադրել սպանված կենդանիների եւ իրենց արժանիքները: Օրինակ` եղջյուրները որքան մեծ, այնքան լավ, կամ արյուն ընձառյուճի մաշկի վրա, կամ ճերմակատամ ժպիտ արյան ֆոնի վրա եւ այսպես շարունակ:

Իրենց մոտ որս անելու են հրավիրում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Ամերիկայի  ավելի քան 40 երկրներ: Ամենաակտիվներից են Մակեդոնիան, Խորվաթիան, Սերբիան: Այնտեղ կարելի է կազմակերպել զրահամեքենաներով եւ ինքնաձիգներով ռազմական որս: Եվրոպան  անհանգստանում է, որ վայրի բնություն չի մնացել, իսկ Բալկաններում, խնդրեմ, կա եւ վայրի բնություն, եւ քողարկված կերպով կրակողներ: Այդ երկրների ցանկում նաեւ աշխարհիկ Մեծ Բրիտանիան է, որը հրավիրում է եղնիկների որսի: Իրանում կարելի է որսալ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ: Այսպես, բեզոարյան այծերի որսը, որը Հայաստանից անցնում է Իրան, Իրանից` Ադրբեջան, անսահմանափակ է:

Այժմ Հայաստանի մասին: Հայաստանը որսի հրավիրող երկրների ցուցակում չկա, թեպետ երեք տարի առաջ կարելի էր գտնել եւ Հայաստանը, եւ տեսնել որսորդական ավարը` բեզոարյան այծերին, հայկական մուֆլոններին: Աղմկահարույց հրապարակումներից հետո հայկական որսորդական կազմակերպությունները որոշեցին աչքի չընկնել եւ այժմ որսը լուռ են կազմակերպում` արդեն իսկ գործող կապերի միջոցով: Տեղեկացված աղբյուրները որսի այնպիսի վայրերի անուններ են տալիս, ինչպիսիք են Ուրցասարի լեռնաշղթան եւ Եղեգիսի կիրճը, Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթան եւ Մեղրու անտառները: Գները չեն զիջում միջազգային գներին, բայց ծառայությունն, ասում են, այդքան էլ լավը չէ: Դրա համար էլ նախընտրում են որս անել, օրինակ, Ղրղզստանում կամ Տաջիկիստանում, որտեղ ծառայությունը նույնպես լավը չէ, բայց գները զգալիորեն էժան են:

Այնպես որ, մնում է հուսալ, որ մեր որսորդական ծառայությունը չի լավանա, կազմակերպիչների ախորժակները չեն չի նվազի, եւ հետեւաբար, գները չեն իջնի, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ կենդանիներ կփրկվեն:

Մայիս 04, 2011 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր