«Շիկահողի ծրագրի» իրագործելիության հետազոտություն

«Շիկահողի ծրագրի» իրագործելիության հետազոտություն

Սյունաց երկիր

ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Գերմանիայի Դաշնության անունից հանդես եկող KfW զարգացման բանկը նախատեսում են իրականացնել «Շիկահողի ծրագիրը»: Սա ֆինանսական զարգացման համագործակցային ծրագիր է՝ միտված Սյունիքի մարզի Շիկահողի ենթաշրջանին: Ծրագրի հիմնական փոխլրացնող նպատակները տեղական բնակչության կենսապայմանների բարելավումը եւ տարածքի կենսաբազմազանության պաշտպանությունն են, ինչը թույլ կտա ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում եւ բնապահպանական վիճակի բարելավում ծրագրի ազդեցության գոտում:

«Շիկահողի ծրագրի» իրականացմանը պատրաստվելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ KfW զարգացման բանկը նախաձեռնել են սույն իրագործելիության հետազոտությունը: Ս.թ. հունիս ամսին ավարտվող սույն հետազոտությունն իրականացնելու համար ներգրավվել է Ավստրիական, Գերմանական եւ Հայաստանի կազմակերպություններից բաղկացած խորհրդատվական կոնսորցիում: ՀՀ բնապահպանության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, մարզային պետական եւ հասարակական կառույցների, համայնքապետարանների հետ համագործակցության միջոցով իրականացվել է ազդեցության գոտու բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետազոտություն եւ վերլուծություն: Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղական համայնքների շուրջ 300 բնակիչներ եւ այլ շահառուներ մասնակցել են համայնքային զարգացման պլանավորման աշխատանքներին եւ քննարկումներին: Նրանք ներկայացրել են իրենց կարիքները եւ խնդիրները, համայնքների զարգացման նպատակները: Կարծիքներ են ներկայացվել կոնկրետ գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Շիկահողի ենթաշրջանի դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից իրականացված նկարչական մրցույթին: Ապրիլի 30-ին Սյունիքի մարզպետարանում անցկացված մրցանակաբաշխության ընթացքում հաղթող մասնակիցները պարգեւատրվել են արժեքավոր մրցանակներով, յուրաքանչյուր մասնակից ստացել է անհատական նվեր, եւ մասնակից հինգ դպրոցներին տրամադրվել են տարբեր դիդակտիկ նյութեր եւ գույք: Զուգահեռ կազմակերպված գործարար գաղափարների մրցույթին մասնակցել է ենթաշրջանի 51 բնակիչ: Հաղթողների պարգեւատրումը կիրականացվի ս.թ. մայիսի վերջին:

«Շիկահողի ծրագրի» իրագործելիության հետազոտությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ KfW զարգացման բանկին կտրամադրի ապագա ծրագրի իրագործման վերաբերյալ անհրաժեշտ հիմնարար տեղեկություններ: Իրագործման հայեցակարգը տարբեր միջոցառումներ եւ գործողություններ է ներառում Շիկահողի ենթաշրջանի բնակչության կենսապայմանների եւ բնապահպանական իրավիճակի բարելավման եւ եզակի արժեքների պահպանման ուղղություններով: Բացի դասընթացներից եւ վարժանքներից, ունակությունների զարգացման միջոցառումներից, պլանավորման եւ խորհրդատվական գործողություններից` «Շիկահողի ծրագրի» կողմից կիրականացվեն նաեւ զգալի ֆինանսական ներդրումներ: Ծրագիրն իրագործող կազմակերպություններին առաջարկվում է իրագործել մասնավոր գործարարությունը խթանող, աշխատատեղերի ստեղծմանը եւ եկամուտների գեներացմանը միտված միջոցառումներ մրցակցային դրամաշնորհների համակարգի միջոցով: Օժանդակություն կտրամադրվի նաեւ համայնքային հատուկ ենթակառուցվածքների եւ կոմունալ ծառայությունների բարելավման ուղղությամբ: Կառաջարկվի նաեւ ստեղծել վարկային հիմնադրամ, որը ազդեցության գոտու 5 գյուղական համայնքների բնակչությանը թույլ կտա ստանալ արտոնյալ վարկեր եւ բարելավել իրենց կենսապայմանները` տների վերանորոգման, էներգիայի առավել խնայողական միջոցառումների եւ այլ նպատակներով: Ի լրացումն, կիրականացվեն նաեւ ռազմավարական նշանակության ինկուբացիոն, ներկայացուցչական եւ փորձնական տարբեր ծրագրեր` միտված լայն հասարակության մոտ տեղեկացվածության բարձրացմանը եւ համայնքներում կրթական մակարդակի բարելավմանը: Բոլոր նշված գործողությունները կկենտրոնանան Շիկահողի ենթաշրջանի վրա` ներառյալ տեղական համայնքները եւ հարակից տարածքները: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Կապան քաղաքը սերտ ֆունկցիոնալ կապի մեջ է ծրագրի ազդեցության գոտու հետ, եւ «Շիկահողի ծրագիրը» լուրջ դրական ներդրում կարող է ունենալ եւ գործողություններ իրականացնել նաեւ Կապան քաղաքում եւ հարակից տարածքներում:

«Շիկահողի ծրագրի»՝ իրականացման առաջարկվող հինգ տարիների ընթացքում Շիկահողի ենթաշրջանը անհրաժեշտ աջակցություն կստանա UNESCO-ի ստանդարտներով «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի շրջանակներում միջազգային ճանաչում ստանալու համար` որպես եզակի բնական արժեքներ պարունակող տարածք:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել.
Պրն. Վահե Մամբրեյանին, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ, Երեւան
Իրագործելիության հետազոտության խորհրդատվական կոնսորցիումի ազգային կոորդինատոր
Հեռախոսներ` 010 242497, 091 425433, Էլ. փոստ` [email protected]

Մայիս 17, 2011 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր