

ԷկոԼուր
Մայիսի 20-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ՀՀ կարմիր գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այս ժողովածուն կարող է մեծ դեր խաղալ մասնագետների պատրաստման և մասնագետների ամենօրյա աշխատանքների համար»,- ողջունելով ներկաներին իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Պատահական չէ, որ Կարմիր գրքի շնորհանդեսը կազմակերպված է Կենսաբազմազանության միջազգային օրվա նախօրյակին, քանի որ համահունչ այդ օրվա նպատակին այն միտված է կրկնապատկելու մեր ջանքերը կենսաբազմազանության կորստի աճը զգալիորեն նվազեցնելու համար,- իր ելույթում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով,- այսօրվանից մենք պետք է ձեռնամուխ լինենք հաջորդ Կարմիր գրքի ստեղծմանը, որպեսզի հետագայում այս Կարմիր գրքերը բարակեն»:
«Չնայած այն ջանքերին, որ կիրառում է կառավարությունը, իր գործընկերները, բուսական և կենդանական աշխարհի շատ տեսակներ դեռևս վտանգված են: Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունը որոշակի մտահոգիչ միտումներ է արձանագրում, և սա նշանակում է, որ նշանակալի ջանքեր պետք է կիրառել, որպեսզի ապահովվի վտանգված տեսակների պատշաճ պաշտպանությունը: Եթե մենք պատշաճ միջոցներ չձեռնարկենք պահպանելու կենսաբազմազանությունը, ապա արդյունքում կարող է վտանգվել մոլորակի ազգաբնակչության կյանքը»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան: Նշենք, որ Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են բարձրակարգ բույսերի 452 տեսակ և առաջին անգամ` սնկերի 40 տեսակ, կենդանիների 308 տեսակ` 153-ը` ողնաշարավոր և առաջին անգամ 155-ը` անողնաշար: Նախկին Կարմիր գրքերում գրանցված էին 387 տեսակի բարձրակարգ բույսեր և 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:
Երկհատորանի ՀՀ Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով: Այն մշակվել է 2007-2009թթ. Ժամանակահատվածում և դրական եզրակացություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարության կից գործող Կարմիր գրքի վարման հանձնաժողովի կողմից: ՀՀ Կարմիր գիրքը պատրաստվել է ըստ Բնության Պահպանության Միջազգային Միության կողմից մշակված միջազգային չափանիշների և լիովին համապատասխանում է «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների պահանջներին:
ՀՀ Կարմիր գրքի աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտկան կենտրոնի, ԵՊՀ-ի և այլ հիմնարկների մասնագետների կողմից, ովքեր եւ արժանացան ՀՀ վարչապետի եւ Բնապահպանության նախարարի պարգեւներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գիտության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտկան կենտրոնի տնօրեն Գագիկ Սարկիսովին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանին: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ՀՀ Բույսերի և կենդանիների Կարմիր գրքի կազմման և հրատարակման աշխատանքներում մասնագիտական լուրջ ներդրում կատարելու, ինչպես նաև բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար ՀՀ բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ Էլիոնորա Գաբրիելյանին, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի միջատաբանության և հողային կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանին, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի առաջատար գիտաշխատող Կամիլա Թամանյանին, ԵՊՀ-ի կենդանաբանական ֆակուլտետի բուսաբանական ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանին:
ՀՀ Կարմիր գիրքը հրատարակվել է ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Զարգազման Ծրագրի, Բնության Պահպանության Միջազգային Միության, Բնության Համաշխարհային Հիմնադրամի և Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության օժանդակությամբ: Այն երկու լեզվով` հայերեն և անգլերեն:
Մայիս 20, 2011 at 17:35


