Կարծես թե սառույցը տեղից ուզում է շարժվել. Բնապահպանության նախարարությունը մտածում է Գիլան արգելավայրին արգելոցի կարգավիճակը վերադարձնելու ուղղությամբ

Կարծես թե սառույցը տեղից ուզում է շարժվել. Բնապահպանության նախարարությունը մտածում է Գիլան արգելավայրին  արգելոցի կարգավիճակը վերադարձնելու ուղղությամբ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը ջանալու է Խոսրովի պետական արգելոցի Գիլան արգելավայրին վերադարձնել արգելոցի կարգավիճակը: Այս մասին մայիսի 30-ին մի շարք հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: 

Հանդիպմանը մասնակցում էին ՀԿ- սեկտորից` Սիլվա Ադամյանը (Թռչնասերների կենտրոն), Սոնա Այվազյանը (Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Կարինե Դանիելյանը (Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա), Մարինա Օգանեզովան (Հայկական բուսաբանական ընկերություն), Ժաննա Գալյանը (Էկոտուրիզմի ասոցիացիա), Մերի Խաչատրյանը (Օրհուս կենտրոնների իրավախորհրդատու),  նախարարության կողմից` նախարար Արամ Հարությունյանը, առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը, նախարարության Կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատիանա Դանիելյանը,  Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշեզ Զիրոյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության  2007թ. մայիսի 24-ի 673-Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը, որին, ըստ որոշման, կցվեց արգելոցի «Բայբուրդ» տեղամասը` 118 հեկտար տարածքով: Իշխանություններն արգելավայրի ստեղծումը պայմանավորում էին Բայբուրդում մարդկանց ապրելով: Սակայն իրականում Բայբուրդը Գիլանից բավականին հեռու է, իսկ Գիլանին կցվել է Գիլանլար տեղամասը, որտեղ մարդ չի ապրում: Նույն 2007թ. նոյեմբերի 18-ին  ՀՀ կառավարությունն ընդունեց 1203-Ն որոշումը, որով 60 տարի ժամկետով Գիլանից 118 հա տարածք վարձակալության տրվեց «Հովազաձոր» ընկերությանը` կապիտալ շինարարության թույլտվությամբ: Նշենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից բացակայում է այս որոշումը:

Երբ «Դրախտ» անունը կրող շինությունը վեր խոյացավ Գիլանում, այդ ժամանակ էլ հասարակայնությունը սկսեց բողոքել ՀՀ կառավարության որոշումների դեմ, կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ, բնապահպանության նախարարի հետ այցելություն Խոսրովի արգելոց, նամակներ ուղարկվեցին ՀՀ նախագահին եւ բոլոր մյուս պատասխանատու մարմիններին` այս խնդիրը լուծելու համար, այն է` արգելավայրին արգելոցի կարգավիճակը վերադարձնելու եւ շինությունը ապամոնտաժելու համար:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, ՀՀ նախագահի նստավայրից ՀԿ-ների նամակը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարություն, որպեսզի վերջինս լուծի այս հարցը:

Սիլվա Ադամյանը նշեց, որ նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ Գիլանի կարգավիճակը փոխելուց հետո Գիլանում կառուցված շինությունը ծառայելու է որպես այցելությունների կենտրոն, չմանրամասնելով, թե նախարարությունը ինչ պայմանավորվածություն է ձեռք բերելու «Հովազաձոր» ընկերության հետ`  տնօրինելու համար վերջինիս վարձակալած տարածքն ու կառուցած շինությունը: ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել այդ շինության պահպանմանը` ասելով, որ չի բացառվում, որ այդ շինությունը հետագայում կվերածվի ռեստորանի եւ, ընդհանրապես, արգելոցային գոտում պետք է պահպանվի խիստ ռեժիմ` առանց որեւէ շինության:

Նախարարության ներկայացուցիչներն  անդրադարձել են նաեւ արգլոցի տարածքում գտնվող Բայբուրդ տեղամասում ապրող մարդկանց խնդրին` ասելով, թե նրանց չեն կարող տարհանել, այդ պատճառով էլ ստեղծվել է արգելավայրը: Սակայն ՀԿ-ների ներկայացուցիչները չեն ընկրկել այս պատճառաբանության առաջ` նշելով, որ եթե Հյուսիսային պողոտայից մարդկանց տարհանեցին, ապա թող պետական արգելոցից էլ տարհանեն, առավել եւս, որ այդ մարդիկ այլ վայրերում տուն ունեն:

Վերջնական հայտարարի չգալով` քննարկման մասնակիցները որոշել են եւս մեկ անգամ հանդիպել:

Մայիս 30, 2011 at 18:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր