Վճարի´ր և նայի´ր. երիտասարդների խումբը քննադատում է այցելուներից Խոսրովի արգելոց մուտքի վճար գանձելու որոշումը

Վճարի´ր և նայի´ր. երիտասարդների խումբը քննադատում է այցելուներից Խոսրովի արգելոց մուտքի վճար գանձելու որոշումը

Սիրանույշ Գեւորգյան, ԱրմենիաՆաու

Երիտասարդական նախաձեռնող խումբը կարծում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մուտքի վճարը խոչընդոտում է, որ ուսանողները և աշակերտներն այցելեն հին եկեղեցիներ ունեցող արգելոցի տարածք:

«Ճանաչիր քո երկիրը» կազմակերպությունը տեղեկացնում է, որ Խոսրովի անտառ «ճանաչողական այցի թույլտվություն» ստանալու համար այցելուն պետք է 3500 դրամ (մոտ 10 դոլար) վճարի արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրը (X դար), Աղջոց վանքը (XIII դար) և Կաքավաբերդի ամրոցը (IX դար) տեսնելու համար:

Վերջերս կազմավորված երիտասարդական նախաձեռնությունը, որ ստեղծվել է առավել հայտնի «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հիմքի վրա, զբաղվում է հիմնականում երիտասարդների համար տարբեր ռազմահայրենասիրական արշավներ կազմակերպելով:

«Նախաձեռնությունը դիտարկում է առանց այդ էլ ֆինանսապես անապահով հայրենանվեր երիտասարդ արշավորդներից գումար գանձելը որպես Հայաստանի պատմամշակութային վայրերի ճանաչմանն ուղղված խոչընդոտ»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում` անարդարացի համարելով սրբատեղիներ այցելելու համար գումար գանձելը և կոչ է անում Մայր աթոռ Սբ Էջմիածնին, ինչպես նաև Հայաստանի մշակույթի և բնապահպանության նախարարություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանն «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, որ օրերս իրենք ցանկացել են 50 հոգանոց արշավ կազմակերպել դեպի Խոսրովի անտառ, սակայն երբ իմացել են մուտքի գումարի չափը, արշավը չի կայացել:

Սակայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, որ 3500 դրամ են գանձում այցելուներից: Նրա խոսքով` այդ սակագինը հաստատվել է բնապահպանության նախարարության կողմից, և դեռ մի բան էլ էժան է իրենց մատուցած ծառայությունների դիմաց:

«Այցելուները տրանսպորտային միջոցով այցելում են պատմամշակութային վայրեր, նրանց կցվում է գիդ, իսկ եթե օտարերկրացի են` նաև թարգմանիչ: Բացի այդ, եկեղեցիները, որ նշել է այդ կազմակերպությունը, գործող եկեղեցիներ չեն, դրանք պատմամշակութային հուշարձաններ են»,- ասում է Բարսեղյանը:

Խոսրովի արգելոցի մուտքավճարը ոչ թե 3500 դրամ է, այլ` 3000. արգելոցի տնօրեն
NEWS.am

2010 թ. օգոստոսից Խոսրովի արգելոց մուտք գործելու համար սահմանվել է մուտքավճար` 3000 դրամ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խոսրովի արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը: Նրա խոսքով` այդ արժեքն այս տարի չի փոփոխվել, սակայն ներկայում քննարկվում է որոշման նախագիծ, որով մուտքավճարը հետիոտնի համար կրկնակի էժանանալու է`մինչեւ 1500 դրամ:  Ըստ Վ. Բարսեղյանի` եթե նախկինում մուտքավճարը գանձվում էր բացառապես պատմամշակութային հուշարձաններ այցելելու համար, ապա նոր կարգով այն կտարածվի բոլոր հետիոտների վրա: «Մուտքավճարը բխում է արգելոցների կառավարման պլանից, եւ նպատակ ունի զարգացնելու էկոտուրիզմը»,- ասաց արգելոցի տնօրենը: Տրանսպորտային միջոցի համար կսահմանվի 10 հազ. դրամ մուտքավճար, իսկ ձիով ժամանածների համար` 5 հազ.:

Բացի այդ, ըստ Վ. Բարսեղյանի, Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող եկեղեցիները, ինչպես Հավուց Թառը կամ Աղջոց վանքը, Հայ առաքելական եկեղեցում գրանցված չեն, դրանք ընդամենը պատմամշակութային կոթողներ են, որոնք գտնվում են արգելոցի տնօրինության ներքո: «Այսօր եթե եկեղեցի ես գնում` չե՞ս վճարում: Մայր Աթոռ ես գնում` 1000 դրամ վճարում ես, ինչո՞ւ այս կոթողները այցելելու համար չպետք է վճարել»,- ասաց Վ. Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է «Ճանաչիր քո երկիրը» հ/կ-ի հայտարարությանը, ապա արգելոցի տնօրենն ասաց, որ այդ աղմուկը հանել են կարմիր համարանիշներով ՋԻՊ-ի այցելուները` 2 կին եւ 3 երեխա: Նրանցից գանձվել է 3000-ական դրամ մեծահասակների համար, եւ 500-ական դրամ` երեխաների համար: «Բաժանել` ստացել են 3500 դրամ յուրաքանչյուրի համար, այդտեղից էլ գալիս է այդ աղմուկը»,- ասաց Վ. Բարսեղյանը:

Այն հարցին, թե որքանո՞վ ճիշտ է եկեղեցիներ այցելող ուխտավորներից եւ հավատացյալներից գումար վերցնելը, Վ. Բարսեղյանը պատասխանեց, որ շատ հաճախ ստիպված են լինում ուխտավորների հետեւից մաքրել թափած աղբը, իսկ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում:

Նա վկայեց, որ համարյա բոլոր եկեղեցիների շրջակայքում այցելուները աղբ են թափում:

Մայիս 31, 2011 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր