

ԷկոԼուր
Երեւանի կենդանաբանական այգու` վանդակներում բանտարկված կենդանիների ճակատագիրը հուզեց հասարակությանը: Սեւ կարապների մահվան դեպքի շուրջ մամուլում բարձրացած աղմուկը ցույց տվեց, որ Երեւանի կենդանաբանական այգու խնդիրները նոր չեն, որ դրանք կուտակվել են երկար տարիների ընթացքում, եւ որ դրանք լուծում են պահանջում: Անհեթեթություն է վայրի կենդանին անազատության մեջ: Նայեք գիշատիչ կատուներին: Բնության մեջ նրանք ընդունակ են տասնյակ կիլոմետրեր վազել: Բայց ի՞նչ անեն նրանք մի քանի մետրանոց բետոնե տարածքում: Մի՞թե պարզ չէ, որ նման պայմաններում կենդանիները կհիվանդանան եւ կմահանան ոչ թե որսագողի փամփուշտից, եւ ոչ էլ նրա համար, որ դարրձել են ավելի հաջողակ գիշատչի զոհը, այլ ճարպակալումից եւ սթրեսից: Քաղաքակիրթ աշխարհը մարդկային մոտեցում է ցուցաբերում եւ ջանում է վայրի կենդանիներին պահել բնական պայմաններին մոտ պայմաններում:
Ինչի՞ց սկսել: Մեկնաբանությունների համար մենք դիմեցինք Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, «Հայաստանի թռչունների պահպանման միության» հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Մամիկոն Ղասաբյանին եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանին:
«Պետք է սկզբում որոշել, թե ինչ ուղղությամբ զարգացնել կենդանաբանական այգին»,- կարծում է Մամիկոն Ղասաբյանը: Նրա կարծիքով` խնդիրը կլուծվի, եթե կենտրոնանան այն տեսակները պահելու վրա, որոնք կարող են կրկին վերադարձնել բնություն: «Մենք զբաղվում ենք գիշատիչ թռչունների պահպանման հարցերով եւ աշխատում ենք կենդանաբանական այգիների հետ: Կենդանաբանական այգիները կարող են դառնալ այն հիմքը, որը օգնում է պահպանել կամ ավելացնել պոպուլիացիան»,- ասում է Մ. Ղասաբյանը: «Մեզ մոտ ժողովրդի մեջ այն կարծիքն է, որ գիշատիչ թռչուններին կարելի է շահավետ վաճառել: Դա միֆ է, քանի որ նման առեւտրի համար պետք է ունենալ համապատասխան փաստաթղթեր, դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները: Իսկ մարդիկ քանդում են բույները, վերցնում են թռչունների ձագերին, որսում են մեծերին, վիրավորում են նրանց, իսկ հետո չեն իմանում, թե նրանց հետ ինչ անեն: Երեւանի կենդանաբանական այգին ժամանակին վերցնում էր նման թռչունների: Նախկին տնօրեն Սահակ Աբովյանն ասում էր, ապա ինչ անենք այդ թռչունների հետ, հո չենք թողնի, որ նրանցից խրտվիլակ սարքեն: Մեծ գիշատիչ թռչուններ պահելը շատ դժվար էր, բայց մենք համոզում էինք, որ նրանց պահեն մեծ վանդակներում, եւ նրանք նույնիսկ սկսեցին բազմանալ: Այդ փորձը կարելի է հաջողված համարել, քանի որ մենք կարող ենք բնության մեջ ավելացնել գիշատիչ թռչունների պոպուլիացիան»,- ասում է Ղասաբյանը: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, չի կարելի ընդհանրապես հրաժարվել ցուցադրական, այսինքն` կենդանիների էկզոտիկ տեսակներից, բայց պետք է նրանք լինեն այն քանակով, որքան թույլ են տալիս պայմանները: «Կենդանաբանական այգին պետք է գրավի այցելուներին, հակառակ դեպքում ի՞նչ միջոցներով այն պահել»,- կարծում է նա:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը կարծում է, որ Երեւանի կենդանաբանական այգին պետք է դառնա բիոպարկ, որի հիմնական նպատակը հազվադեպ եւ անհետացող կենդանիների պահումն ու բազմացումն է այն պայմաններում, որոնք առավելագույնս մոտեցված են բնականին: Նա հիշեցրեց, որ 1994-2001թթ. ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում գործում էր Կենսաբազմազանության պահպանման կենտրոն, որտեղ ստեղծվեցին Հայաստանի տարբեր բնական լանդշաֆտներին բնորոշ 10 բիոտոպեր: Նրանցում պահվում էին 350 տեսակի բույսեր (130-ը` հազվադեպ հանդիպող եւ անհետացող ) ու 30 տեսակի կենդանիներ` օձեր, կրիաներ, սողուններ, թռչուններ (18-ը` հազվադեպ հանդիպող եւ անհետացող): «Յուրաքանչյուր տեսակ ապրում էր իր համար բնական լանդշաֆտում: Մենք նույնիսկ քարեր էինք բերել այն վայրերից, որոնց լանդշաֆտը վերստացանք բիոտոպերում: Նման պարկի մթնոլորտը նպաստում էր էկոդաստիարակությանն ու էկոկրթությանը»,- ասում է Մանվելյանը: Նա նշեց, որ, ցավոք սրտի, այդ կենտրոնը կոմերցիոն հիմքի վրա չդրվեց, եւ հետագա առաջընթաց չունեցավ, բայց գաղափարի կյանքի կոչումը ցույց տվեց, որ կարող է հաջողությամբ աշխատել:
Համաձայն Կարեն Մանվելյանի ներկայացրած ցուցակի` Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիները կենդանաբանական այգում կարող են ներկայացվել կաթնասունների 3 տեսակով` բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, Առաջավորասիական ընձառյուծ, թռչունների 8 տեսակով, 11 տեսակի սողուններով: Մանվելյանը կարծում է, որ այդ կենդանիներից որոշները կարող են պահվել եւ մյուսների` էկզոտիկ տեսակների հետ, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն: Պատասխանելով նման ծրագրի արժողության վերաբերյալ «ԷկոԼուր»-ի հարցին` Մանվելյանն ասաց. «Մենք այն գնահատում ենք 30-ից 50 հազար դոլլար` հաշվի առնելով այն, որ Երեւանի կենդանաբանական այգում օգտագործվում է տարածքի ընդամենը հինգերորդական մասը («ԷկոԼուր»-ի տվյալներով` 35 հա-ից 7 հա), իսկ պետք է յուրացնել ողջ տարածքը` կենդանիներին լավ պահելու համար»:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ կենդանաբանական այգի է եկել, որպեսզի բարեփոխումներ իրականացնի: «Կան խնդիրներ, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում: Դրանք կարելի է լուծել լավ կազմակերպելու եւ աշխատանքին լավ վերաբերվելու միջոցով: Օրինակ, մենք փոխեցինք կոյուղու համակարգը, որն անցնում էր գետաձիերի մոտից դեպի լճակներ: Դա կարելի էր վաղուց անել»,- ասաց Խաչատրյանը: Ապա, տնօրենի խոսքերով, արգելք է դրված մասնավոր անձանց հետ կենդանիների առք ու վաճառքի վրա. «Թեպետ կանոնադրությունը չի արգելում կենդանիներ վաճառել, բայց մենք մտադիր ենք նմանատիպ գործարքներ կնքել միայն այլ կենդանաբանական այգիների հետ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ տեսակի կենդանիներ են պահվելու կենդանաբանական այգում, ապա տնօենի կարծիքով` անհրաժեշտ է կենտրոնանալ այն տեսակների վրա, որոնք սովոր են տվյալ կլիմայական պայմաններին, եւ էնդեմիկ տեսակների վրա:
Ինչ վերաբերում է էկզոտիկ տեսակներին, ապա սկզբի համար պետք է հասկանալ` կարող է կենդանաբանական այգին իրեն թույլ տալ պահել այդ կենդանիներին, թե ոչ: «Մենք կարող ենք կենդանիներին վարձակալության տալ, մինչեւ չստեղծվեն պայմաններ»,- ասաց նա:
Գլխավոր հարցերից մեկն էլ այն է, թե որտեղից կարելի է ստանալ անհրաժեշտ գումարներ բարեփոխումների համար եւ որքան է այդ գումարների ենթադրվող չափը: Ռուբեն Խաչատրյանի խոսքերով` դեռ վաղ է ծրագրի արժեքի գնահատականը տալ: «Դա կարելի է անել այն բանից հետո, երբ կազմված կլինի մաստեր-պլանը: Ներդրումները պետք է աստիճանաբար անել: Անել առաջին ծրագիրը, դրա համար միջոցներ գտնել, եւ շարժվել առաջ»: Նրա խոսքերով` հարկավոր է զբաղվել ֆոնդրեյզինգով, ներգրավել մասնավոր նվիրատվություններ, հիմնադրամներ, պետական միջոցներ: Դրանում որոշակի դեր կարող է խաղալ եւ Կենդանաբանական այգիների Եւրոպական ասոցիացիան, որին շուտով կանդամակցի Երեւանի կենդանաբանական այգին: Խաչատրյանը հայտնեց, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան, օրինակ` գերմանական կառավարության GIZ կազմակերպության եւ գերմանական KfW բանկի հետ:
Մեր կողմից նշենք, որ գերմանական կառավարության GIZ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում «Կանաչ տնտեսության» աշխատանքային խմբի խորհրդակցության ժամանակ Վայրի բնության պահպանման եւ մշակութային արժեքների հիմնադրամի ծրագրերի տնօրեն Բարբարա Զիբերտը (հիմնադրամի նախագահը Ռուբեն Խաչատրյանն է) ներկայացրեց էկոլոգիական քոլեջի ստեղծման առաջարկություն, որը հավանություն ստացավ GIZ-ի տնօրեն Դետլեֆ Բարթի կողմից: Քոլեջի ստեղծման մտադրության մասին հայտնեց նաեւ Ռուբեն Խաչատրյանը` նշելով, որ կենդանաբանական այգու պլաններում կա էկոկրթության կենտրոնի կազմակերպումը եւ բնականին մոտ պայմաններով բիոտոպերի ստեղծումը:
style="height: 390px; width: 640px">
Հուլիս 07, 2011 at 12:24
