

ԷկոԼուր- www.mnp.am
Հայաստանի Հանրապետության և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև հուլիսի 18-ին ստորագրվել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում է 4 մլն եվրո դրամաշնորհ Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրիե իրականացման նպատակով: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Ուվե Ուլցը: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը` տարածքում գործող բնապահպանական կառույցների լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի «Կենսոլորտային արգելավայր» պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն): Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015թթ. ժամանակահատվածում: Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզբում միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում:
Հուլիս 21, 2011 at 12:23
