Մագիլի քարանձավում շինարարական աշխատանքները կարող են հանգեցնել Կարմիր գրքում գրանցված չղջիկների անհետացմանը

Մագիլի քարանձավում շինարարական աշխատանքները կարող են հանգեցնել Կարմիր գրքում գրանցված չղջիկների անհետացմանը

Մեդիամաքս

«Ինկար» ընկերության բիզնես նախագծի իրականացումը եւ Մագիլի քարանձավը տուրիստական վայր դարձնելու նպատակով շինարարական աշխատանքները կարող են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված չղջիկների անհետացման պատճառ դառնալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր այս մասին ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքերով, ընկերությունը նախատեսում է տուրիստական էքսկուրսիաներ կազմակերպել քարանձավում, որի նպատակով այնտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, անցկացվում է էլեկտրական լուսավորում:

«Քարանձավում բնակվում են 8 տեսակ չղջիկներ, որոնցից 6-ը գրանցված են Կարմիր գրքում: Շինարարական աշխատանքների աղմուկը կարող է չղջիկների վերաբնակեցման եւ, հավանաբար, անհետացման պատճառ դառնալ», - ասել է նա:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տարածքային –տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ասել է, որ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը անց է կացվել բնապահպանական փորձաքննություն, եւ փորձագետները դրական գնահատական են տվել:

«Կմշակվեն եւ կներդրվեն այս տարածքի շահագործման այնպիսի պայմաններ, որոնք կպահպանեն էկոհամակարգի հավասարակշռությունը եւ չեն վնասի չղջիկներին: Բացի այդ, քարանձավի այցելության համար կհաստատվեն որոշակի ժամեր», - պարզաբանել է Մեխակ Ապրեսյանը:

Բնապահպաններն ահազանգում են. Կարմիր գրքում գրանցված չղջիկները կարող են անհետանալ Մագելի քարանձավից
ԱրմԻնֆո

Նորավանքի մոտ գտնվող Մագելի քարանձավը, որտեղ չղջիկների 8 տեսակ է բնակվում, համեղ պատառ է դարձել գործարարների համար, ովքեր որոշել են «բարեկարգել» այն զբոսաշրջիկների համար:

Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամաանակ պատմել է «ԷկոԼուրի» ղեկավար Ինգա Զարաֆյանը, քարանձավում էքսկուրսիաներ անցկացնելու համար նախատեսվում է շինարարական աշխատանքներ սկսել, ընդլայնել մուտքը, էլեկտրական լուսավորում անցկացնել:

Փորձագետը նշել է, որ փետրվարի 18-ին հիշյալ նախագծի շուրջ առաջին հասարակական լսումների ընթացքում մասնագետները կտրականապես դեմ են արտահայտվել դրա իրականացմանը: «Քարանձավում բնակվում են 8 տեսակ չղջիկներ, որոնցից 6-ը գրանցված են Կարմիր գրքում: Շինարարական աշխատանքների աղմուկը կարող է չղջիկների անհետացման պատճառ դառնալ», - ասել է նա:

Բնապահպանների տեղեկությունների համաձայն, վիճահարույց նախագիծը ներկայացվել է «Ինկար» ընկերության կողմից:

«Կարելի՞ է արդյոք խոսել բնապահպանության մասին, երբ մարդիկ ուղղակի ուզում են գումար վաստակել»,- նշել է Զարաֆյանը:

Չնայած մասնագետների վրդովմունքին`քարանձավի «բարեկարգման» ծրագրերը կարող են իրականություն դառնալ. այս տարի նախագիծը դրական բնապահպանական փորձաքննություն է անցել:

«Մենք նույնիսկ չգիտենք, թե երբ են անցկացվել երկրորդ հասարակական լսումները, քանի որ մեզ այդ մասին չեն տեղեկացրել»,- հաղորդել է «ԷլոԼուրի» ղեկավարը:

Չնայած բացասական գնահատականին` Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ավելի լավատեսորեն էր տրամադրված:

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք այդ նախագիծը: Գոյություն ուներ երկու ելք` կամ փակել քարանձավը, կամ այն մատչելի դարձնել զբոսաշրջիկների համար` էկոհամակարգը պահպանելու պայմանով»,- հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տարածքային –տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Մ. Ապրեսյան. «Զբոսաշրջությունը չի վնասում էկոլոգիային»
Արմենպրես

«Մենք դեռեւս չենք հասել նրան, որ զբոսաշրջությունը վնասի էկոլոգիային. կան փոքր, լուծելի խնդիրներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը' պատասխանելով բնապահպան Ինգա Զարաֆյանի մտավախությանը, թե զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարության հետեւանքով երբեմն տուժում է բնությունը:

«Զբոսաշրջությունը պետք է զարգացնել այնպես, որ դրանից բնապահպանական խնդիրներ չառաջանան»,- ասաց Մ. Ապրեսյանը: Ի. Զարաֆյանի խոսքով' մեր երկրում հաճախ շահագործվում են հանքեր, ընդ որում' բաց եղանակով, որն իրենից վտանգ է ներկայացնում: Մ. Ապրեսյանն այս կարծիքին հակադարձեց' ասելով, որ ցանկացած գործընթաց սկսելիս հաշվի է առնվում' դրանից ստացվող եկամուտները կլինեն այնքան, որ բավարարեն նաեւ վնասը ծածկելուն: Եթե հնարավոր կլինի պահպանել ռեսուրսները եւ փոխանցել դրանք ապագա սերունդներին, ապա հանքի շահագործման մեջ որեւէ վտանգավոր բան չկա: «Եթե պատահաբար պարզվի, որ մեր երկրում նավթի պաշարներ կան, մենք պետք է հրաժարվե՞նք դրա շահագործումից' առանց կշռադատելու դրական եւ բացասական կողմերը»,-ասաց վարչության պետը' հորդորելով բնակչությանը' չթափել աղբը որտեղ պատահի, այլ թափել այն դրա համար նախատեսված վայրերում:

Ի. Զարաֆյանը նշեց, որ «Ինկար» ընկերության բիզնես- նախագծի իրականացումը եւ Մագիլի քարանձավը տուրիստական վայր դարձնելու նպատակով շինարարական աշխատանքները կարող են Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված չղջիկների անհետացման պատճառ դառնալ: «Քարանձավում բնակվում են 8 տեսակ չղջիկներ, որոնցից 6-ը գրանցված են «Կարմիր գրքում»«,- ասաց բնապահպանը' հայտնելով, որ «Ինկար» ընկերությունը նախատեսում է տուրիստական էքսկուրսիաներ կազմակերպել քարանձավում. այդ նպատակով այնտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, անցկացվում է էլեկտրական լուսավորում:

Վարչության պետը տեղեկացրեց, որ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը, անց է կացվել բնապահպանական փորձաքննություն, եւ փորձագետները դրական գնահատական են տվել: «Կմշակվեն եւ կներդրվեն այս տարածքի շահագործման այնպիսի պայմաններ, որոնք կպահպանեն էկոհամակարգի հավասարակշռությունը եւ չեն վնասի չղջիկներին: Բացի այդ, քարանձավի այցելության համար կհաստատվեն որոշակի ժամեր»,- ասաց Մ. Ապրեսյանը' նշելով, որ քարանձավները հսկողությունից դուրս թողնելով' իրենք վտանգում են թե չղջիկներին, թե այնտեղ հայտնվող մարդկանց կյանքը:

Ինգա Զառաֆյանը` Մագիլի քարանձավի էկոհամակարգի պահպանման խնդրիր մասին
Panorama.am

Բնության հատուկ պահպանվող գոտիների և պատմամշակութային արձանների պահպանություն, առաջին հերթին նշանակում է դրանց արդյունավետ օգտագործում»,- «Զբոսաշրջություն և բնապահպանություն` փոխլրացում, թե հակադրություններ» թեմայի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա ասաց, որ Բնության հատուկ պահպանվող գոտիների և պատմամշակութային արձանների օգտագործումը պետք է լինի համապատասխան սահմանված ռեժիմի համաձայն:

«Այդ տարածքներից մենք պետք է օգուտ քաղենք, եկամուտ ստանանք, որպեսզի հետագայում այդ գումարը ուղենք այդ տարածքների պահպանմանը»,- նշեց նա:

Այդ կապակցությամբ, ասուլիսին ներկա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զառաֆյանը բարձրաձայնեց Մագիլի քարանձավի էկոհամակարգի պահպանման խնդիրը: Նա ասաց, որ Մագիլի քարանձավում բնակվում են 8 տեսակի չղջիկներ, որոնցից 6-ը գրանցված են «Կարմիր գրքում»:

«Այդ քարանձավի էկոհամակարգի պահպանման համար փակել էին քարանձավի մուտքը, որպեսզի մարդիկ չմտնեն քարանձավի ներսը և չխանգարեն չղջիկների քունը: Այժմ այդ տարածքում` զբոսաշրջության զարգացման համար, բնապահպանության նախարարություն է ներկայացվել մի նախագիծ, որը նախարարության կողմից հավանության է արժանացել»:

Նրա խոսքով, նախագծի համաձայն բացվել է քարանձավի մուտքը, կատարվում է շինարարություն`լույս է անցկացվել և այլն: «Ո՞ր մի բնությունը, ո՞ր մի էկոհամակարգը կարող է այնտեղ պահպանվել, եթե մի մարդ ուղղակի ցանկացավ գումար վաստակել այդ քարանձավի վրա»,- հարցրեց Ինգա Զառաֆյանը:

Այդ հարցի հետ կապված Մ.Ապրեսյանը ուներ այլ կարծիք: Նա ասաց, որ Մագիլի քարանձավը անցել է բնապահպանական համապատասխան փորձաքննություն, այնտեղ աշխատել են պրոֆեսիոնալներ: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ քարանձավը կարելի է օգտագործել որպես տեսարժան վայր: Նրա խոսքով, որոշում է կայացվեց օգտագործել հուշարձանը` սահմանելով պահպանման հատուկ ռեժիմ, որպեսզի չխախտվի քարանձավի էկոհամակարգի հավասարակշռությունը:

Նա ասաց, որ նախագիծը դեռ նոր է արժանացել բնապահպանական փորձագիտական դրական եզրակացությանը և հուշարձանի օգտագործման պայմանագիր առայժմ չի ստորագրվել: Նրա հավելմամբ, Մագիլի քարանձավի տարածքում առայժմ որևէ շինարարական աշխատանքներ չեն տարվում:

Մագելի քարանձավի շահագործումը անհրաժեշտ է մարդկանց անվտանգության համար. Մեխակ Ապրեսյան
Tert.am

«ԷկոԼուր» լրատվական ՀԿ–ի նախագահ Ինգա Զառաֆյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը անդրադարձավ Նորավանքի տարածքում գտնվող Մագելի քարանձավի խնդրին։ «Այստեղ պետությունն արդեն որոշակի աշխատանքներ է իրականացրել։ Լույս են քաշել, բարեկարգել, բայց կարծում եմ, որ այստեղ էլ, ինչպես շատ դեպքերում, խաթարվելու է էկոհամակարգը։ Հայաստանում փողն ու բնությունը անհաշտ պայքարի մեջ են»։

Մասնագետին մտահոգությունը չկիսեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը. «Պետք չէ անտեր թողնել պատմական հուշարձանները կամ զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող տարածքները՝ դրանք վնասելու մտավախության պատճառով։ Ընդհակառակը, պետք է այդ տարածքները առավել լրջորեն վերահսկել և օգտագործել արդյունավետ, սահմանված ռեժիմի համաձայն»։

Ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց նաև, որ Մագելի քարանձավի հարցը քննարկվել է, այն մասնագիտական փորձաքննություն է անցել և որոշվել է քարանձավը շահագործել հենց բնության և մարդկանց անվտանգության պահպանման նկատառումներով։

Քարանձավը անտերության մատնելն ու այնտեղ այցելությունները առանձին մարդկանց կամքին թողնելը ավելի վտանգավոր է, քանի որ այնտեղ կան չղջիկներ, նաև՝ անդունդներ և այլ խոչընդոտներ», –հավելեց նա։

Օգոստոս 17, 2011 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր