

Tert.am
Ամերիկյան համալսարանում սեպտեմբերի 26-ին իր աշխատանքները սկսեց «Կովկասի ֆաունայի կենսաբազմազանությունը և նրա պահպանության խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի մասնակիցները տագնապ են հնչեցնում Հայաստանի կենսաբազմազանության ապահովման և կենսական ռեսուրսների պահպանման առնչությամբ:
20 տարվա ընթացքում Հայաստանի Կարմիր գրքում ավելացել է ողնաշարավոր կենդանիների շուրջ 60 տեսակ, մեկ տեսակ միջատ իսպառ վերացել է, ուրեմն վատ է գործում կենսաբազմազանության հսկողությունը: Զեկուցողները փաստեցին, որ չնայած 2006թ. ընդունվեց օրենք «Հատուկ հսկողության բնատարածքների մասին», սակայն օրենքում կան բացեր, գիտական հաստատությունները չեն ֆինանսավորվում, ավելին` աշխատում են առանց էքսպեդիցիոն նմուշների: Ներկա պահին Հայաստանում գործում են ոչ պետական հասարարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են էկոլոգիայի և կենսաբազմազանության խնդիրներով, սակայն հնարավոր չէ կոորդինացնել այդ ուսումնասիրություններն ու գիտելիքները, դա բացասաբար է անդրադառնում կենսական ռեսուրսների պահպանման վրա: Կովկասի կենդանական և բուսական աշխարհում կան բազմաթիվ տեսակներ, որ հենց այս տարածքին է հատուկ, ուրեմն շատ կարևոր է արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը:
«Բոլորին է հայտնի, որ մարդու միջամտությունն է բացասաբար անդրադառնում բնության վրա, մենք բոլորս այդքան կարևորում ենք Հայաստանի տնտեսության զարգացումը, այնինչ դա կարող է հանգեցնել որոշ կենդանիների իսպառ վերացմանը,- համոզմունք հայտնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը,- մյուս կողմից չենք կարող չզարգացնել տնտեսությունը և ուրեմն իրավունք չունենք չմտահոգվելու կենսաբազմազանության պահմանման ուղղությամբ: Մեր գիտաժողովը նպատակ ունի պետական մարմինների առջև հարց բարձրացնել` գործողության մեջ դնել ծրագիր` կենսաբազմազանության պահպանման և կենսական ռեսուրսները պահպանելու նպատակով»:
Հոկտեմբեր 03, 2011 at 14:01
