Կենդանաբանական այգին տոնում է 70-ամյակը

Կենդանաբանական այգին տոնում է 70-ամյակը

www.armeniatv.com

Հոկտեմբերի 15-ին Երեւանի կենդանաբանական այգում մեկնարկեցին այգու հիմնադրման 70-ամյակին նվիրված երկօրյա տոնական միջոցառումները, որ կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության համատեղ ջանքերով:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ խոստացավ, որ տոնակատարությունն ավանդույթ կդառնա: «Երեւանի կենդանաբանական այգին այսօր համագործակցում է եվրոպական մի շարք կենդանաբանական այգիների հետ, որոնք իրենց գիտելիքներն ու աջակցությունն են տալիս մեր այգուն»,- ասաց նա: Ռ. Խաչատրյանի խոսքով’ կենդանաբանական այգին ծննդյան 70-ամյակի առթիվ եվրոպական երկրներից թանկարժեք բժշկական գործիքներ ու դեղորայք է նվեր ստացել, իսկ World Land Trast կազմակերպության նախագահ Ջոն Բարթոնն այգուն նվիրել է 110 կենդանաբանական գրքեր:

«Ուրախությամբ պիտի նշեմ, որ դպրոցականների շրջանում Երեւանի քաղաքապետարանի հերթական ծրագրերից է Երեւանի կեդանաբանական այգու այս տոնական միջոցառումը: Երեխաների այցը կենդանաբանական այգի եւս մեկ անգամ բարություն է սերմանում նրանց մեջ դեպի կենդանին, նրա խնամքը: Մենք ընդգրկել ենք մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 1-7 դասարանի աշակերտներին եւ այսօր 5 անգամ 3 ժամ տեւողությամբ դպրոցականների այցեր են լինելու այգի»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի խոսքով’ կենդանաբանական այգին մեր քաղաքի զվարճանքի վայրերից մեկն է, որը շատ սիրում են մանուկները, եւ որտեղ բոլորը հիշում են իրենց մանկությունը: Հ. Նաղդալյանը հավելեց, որ բարձր է գնահատում կենդանաբանական այգու տնօրինության կողմից ստեղծված ծրագիրը, որով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այգու մաքրությանը:

Նշենք, որ տոնական միջոցառումների ընթացքում այցելուներին կներկայացվեն համերգային եւ ժամանցային բազմաբնույթ միջոցառումներ, կլինի հյուրասիրություն, իսկ մուտքը կենդանաբանական այգի այդ օրերին անվճար է:

Երեւանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941թ.-ին: Ներկայում այնտեղ ապրում են 204 տեսակի 2749 կենդանիներ: Այգին ունի 50 ազատավանդակներ, վանդակներ, քարե կացարաններ:

Հոկտեմբեր 17, 2011 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր