Վրաստանը պատրաստվում է զարգացնել որսորդական զբոսաշրջությունը Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների հաշվին

Վրաստանը պատրաստվում է զարգացնել որսորդական զբոսաշրջությունը Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների հաշվին

Նաթիա Կուպրաշվիլի, Կովկաս, www.iwpr.net

Ոլորտը կարգավորող օրենսդրական սահմանափակումների վերացումը կարող է օտարերկրացի որսորդների, հետեւաբար`դրամի մեծ ներհոսք ապահովել`միաժամանակ սպառնալով արդեն իսկ վտանգված կենդանատեսակներին:

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վճռական քայլերի դիմել` որսորդությունը եկամտաբեր առեւտրային ոլորտ վերածելու համար`հաշվի չառնելով այն կարգավորող օրենսդրական սահմանափակումների վերացման բնապահպանական հետեւանքները:

Վրաստանի խորհրդարանի բնապահպանական հանձնաժողովն արդեն իսկ սկսել է քննարկել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան [Վրաստանում գրանցված] բոլոր կենդանատեսակների եւ թռչունների արտոնագրված որս կազմակերպել անգամ ազգային պարկերում եւ արգելոցներում:

Բնապահպանական կազմակերպություններն արդեն իսկ դիմել են խորհրդարանին`պահանջելով կասեցնել օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որոնք, ըստ նրանց, վտանգում են վրաստանյան արջերի, եղջերուների եւ կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների գոյությունը:

«Մենք կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունները խիստ բացասական արդյունքներ են ունենալու: Մասնավորապես, Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանիներ կհայտնվեն ոչնչացման սպառնալիքի տակ: Եթե ազգային պարկերում որս կազմակերպելը թույլատրվի, ապա Վրաստանում համարյա այլեւս տարածք չի պահպանվի, որտեղ վայրի կենդանիները կկարողանան բազմանալ բնական պայմաններում», - նշվում է «Green Alternative» («Կանաչ այլընտրանք») հասարակական կազմակերպության եւ «NACRES» բնապահպանական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:

Բնապահպանների խոսքերով`օրենսդրական փոփոխությունների եւ որսորդական զբոսաշրջության զարգացման արդյունքում կարելի է կարճաժամկետ կտրվածքով շահույթ ակնկալել, սակայն երկարաժամկետ կտրվածքով ոչնչացման եզրին կհայտնվեն այնպիսի կարեւորագույն կենդանատեսակներ, ինչպիսիք են բեզոարյան այծը, որի թվաքանակն ավելացել է միայն բնապահպանության ոլորտում կատարված ներդրումների շնորհիվ:

«Վայրի այծերի որսն օրինականացվելու է այն ժամանակ, երբ այս տեսակին պատկանող ընդամենը մի քանի կենդանի է մնացել: Վայրի այծերի գլխաքանակն ավելացնելու համար արտասահմանից են այս ցեղատեսակին պատկանող կենդանիներ ներմուծվել: Նշանակում է`որսորդը, վճարելով 100 լարի, կոչնչացնի այն, ինչի վրա միլիոններ են ծախսվել», - դժգոհում է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի ներկայացուցիչ Ռեզո Գեթիաշվիլին:

Նրա խոսքերով`որսի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական սահմանափակումների վերացման դեպքում, կվտանգվի նաեւ բնապահպանության ոլորտին հատկացվող ֆինանսական օգնությունը, որը Վրաստանը ստանում է ԵՄ եւ ՄԱԿ-ի կողմից:

Օրենսդրական փոփոխությունների նախագծի հեղինակները`խորհրդարանի պատգամավորներ Պավլե Կուբլաշվիլին, Կախաբեր Անջափարիձեն եւ Զվիադ Կուկավան պնդում են, որ այն չի հակասում Վրաստանի միջազգային պարտավորություններին:  

«Օրենքի վերանայման հիմնական նպատակը որսի կազմակերպման ընթացակարգը պարզեցնելն է, ինչը [եկամտաբեր կլինի] եւ թույլ կտա ավելացնել մատուցվող հանրային ծառայությունների քանակը», - նշվում էր օրենսդրական նախագծին կից ներկայացվող պարզաբանման մեջ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա առ այսօր վերջիններս դեմ չեն արտահայտվել օրենսդրական փոփոխություններին, իսկ նրանց անդամներից ոմանք անգամ այդ առաջարկները որպես առաջխաղացում են բնորոշել:

«Որսորդական զբոսաշրջությունը 10 անգամ ավելի շահավետ կլինի Վրաստանի համար, քան սովորական զբոսաշրջությունը: Բազում անիմաստ սահմանափակումներ կան, եւ ես ուրախ եմ, որ խորհրդարանը ներկայում գիտակցում է այս օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը», - ասում է «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեն, որը նաեւ որսորդական կազմակերպություն սեփականատեր է:

Սակայն այս կարծիքը ոչ բոլորն են կիսում: Որսորդական արտոնագրերի տրամադրմամբ եւ որսորդական համայնքի շահերը ներկայացնող «Որսորդների միության» անդամ Գոգիտա Լոբիձեն զարմանում է, թե ինչու են իշխանությունները պատրաստվում թույլատրել արգելոցներում բնակվող կենդանիների որս իրականացնել:

«Նույնիսկ առանց օրենքի առկայության, փորձառու որսորդները գիտեն, որ պետք է պահպանել այնպիսի հազվագյուտ կենդանատեսակները, ինչպիսիք են լեռնային վայրի այծերը: Օրենքն առ այսօր զսպում էր որսագողներին, իսկ ի՞նչ կլինի այժմ: Եթե վճարում ես, ուրեմն կարող ես ուզածդ անե՞լ», - տարակուսում է նա:

Զուրա անունով որսորդներից մեկն իր հերթին ասում է, որ գործող օրենքն իսկապես փոփոխությունների կարիք ունի, սակայն առաջարկվող փոփոխությունները չափազանց հեռուն են գնում:

«Գայլերը կարող են ընտանի կենդանիներին ոչնչացնել վրացական գյուղերում, բայց մարդիկ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ գայլերի որսն արգելվում է եւ պատժվում բարձր տուգանքներով: Իհարկե, այս ամենը պետք է փոխել: Լավ կլիներ, որ եղջերուների որսը թույլատրեին: Սակայն նման որոշումները պետք է ընդունվեն`բնապահպանական եւ հանրային շահերից ելնելով, ոչ թե միս կամ փող ձեռք բերելու համար», - ասում է նա:

«Green Alternative» («Կանաչ այլընտրանք») վրաստանյան հասարակական կազմակերպությունը համամիտ է որսորդների հետ`նշելով, որ օրենսդրական փոփոխությունների պատճառով շրջակա միջավայրը վերածվելու է առեւտրային ոլորտի: Կազմակերպության համակարգող Իրակլի Մաչարաշվիլին նշում է, որ օրենսդրական առաջարկի դրական արդյունքը կլիներ այն, որ վճռական քայլեր կձեռնարկվեին որսագողության դեմ:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, այս փոփոխությունների առավել հավանական արդյունքը վերահսկողության պակասն է լինելու: Մաչարաշվիլին, սակայն, նշում է նաեւ, որ օրենսդրական նախագծի հետ համատեղ ներկայացված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ փոփոխությունները հավելյալ ծախսեր չեն պահանջի, եւ վտանգված կենդանատեսակների որսը կվերահսկվի Վրաստանի բնապահպանության նախարարության կողմից: Նույն նախարարությունը վերջերս զրկվել էր իր մի շարք լիազորություններից, իսկ նրա շրջանակներում գործող բնապահպանական տեսչությունը փակվել է 3 ամիս առաջ (Տե´ս «Վրաստան. բնապահպանության նախարարության իրավասությունները խիստ կրճատվում են» հոդվածը):

«Որսորդությունն իրականում չի վերահսկվի: Պարզապես ոչ ոք չկա, որ այդ վերահսկողությունն իրականացնի», - ասում է Մաչարաշվիլին:

Նաթիա Կուպրաշվիլին Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրենն է:

 Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

Հոկտեմբեր 18, 2011 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր