«Սոսիների պուրակ»-ում գերհասուն ծառերը փոխարինվում են մատղաշ տնկիներով

«Սոսիների պուրակ»-ում գերհասուն ծառերը փոխարինվում են մատղաշ տնկիներով

Արմենպրես

«Շիկահող» պետարգելոցի կազմում ընդգրկված «Սոսիների պուրակ»-ում ամեն տարի աշխատանքներ են իրականացվում ծերացած ծառերը երիտասարդ տնկիներով փոխարինելու համար:

«Տարվա ընթացքում պուրակի 1-2 ծառ ինքն իրեն ընկնում է: Դրանք 500-600 տարեկան գերհասուն ծառեր են, որոնց փոխարեն տնկում ենք մատղաշ տնկիներ: Իսկ տապալված ծառերը թույլատրված է սանիտարական մաքրման միջոցով հեռացնել անտառից»,- «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը:

Երբ 2005-ին «Սոսիների պուրակ»-ն ընդգրկվեց արգելոցի կազմում, զբաղեցնում էր ընդամենը 59 հա տարածք, որտեղ կային 1574 հատ սոսենու եւ 196 հատ արեւելյան ընկուզենու մայր ծառեր: Այսօր պուրակում սոսիների թիվն անցնում է 10 հազարից, իսկ արեւելյան ընկուզենիներինը' 2 հազարից:

««Սոսիների պուրակ»-ի տարածքը ներկայում 64,2 հա է: Միայն այս տարի տնկել ենք 1 544 հատ սոսի եւ 460 հատ արեւելյան ընկուզենի, որոնց կպչողականությունը հասնում է 90 տոկոսի», - ասաց Մկրտչյանը: Պուրակի ծառատեսակները' սոսին ու արեւելյան ընկուզենին, բնական վերաճ չեն ապահովում: Դրանց տնկիներն աճեցվում են արգելոցի 2 հա տարածք ունեցող տնկարանում: Տնկինեը հիմնականում ստացվում են սերմերի միջոցով, երբեմն օգտագործվում է նաեւ կտրոններով բազմացման եղանակը: Արգելոցի տնօրինությունը ցանկացողներին եւս ապահովում է տնկիներով:

Նոյեմբեր 08, 2011 at 12:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր