

Անահիտ Փիլոսյան, “Հայք”
ՙԱրփի լիճ՚ ազգային պարկը Հայաստանի ամենաերիտասարդ բնության հատուկ պահպանվող տարածքն է: Այն ստեղծվել է ընդամենը երեք ամիս առաջ՝ ապրիլի 16-ի կառավարության որոշմամբ: Շիրակի մարզում սա առաջին հատուկ պահպանվող տարածքն է: Այն պահպանելու է 670 տեսակ բույսեր, որոնցից 22-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, 200 տեսակ թռչուններ, կենդանական աշխարհի վտանգված կենդանատեսակներ: Այստեղ է գտնվում Հայաստանի`մեծությամբ երկրորդը լիճը, որը հատուկ նշանակություն ունի հատկապես չվող ջրլող թռչունների համար:
Այսպիսի ԲՀՊՏ ստեղծելու աշխատանքները մեկնարկել են 2007թ. նոյեմբերից: Թեեւ իրաբավաբանորեն այն արդեն գոյություն ունի, սակայն աշխատանքներն ամբողջովին ավարտված չեն, սահմանները ճշգրտման կարիք ունեն, չի հաստատվել կառավարման պլանը: Ծրագրի արժեքը մոտ 2.5 մլն եվրո է, որը տրամադրում է Գերմանայի Դաշնային Հանրապետությունը, իսկ Հայաստանում այս ծրագիրը կոորդինացնում է բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Սովորաբար, երբ ստեղծվում է հատուկ պահպանվող տարածք, հարակից համայնքները մտավախություն են հայտնում, թե բնությունը պահպանելով, վտանգվելու են իրենց կենսատարածքները:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի խոսքերով, այս անգամ աշխատանքները միանգամից երկու ուղղությամբ են սկսել զարգանալ: ՙԾրագիրն ունի երկու բաղադրիչ` ազգային պարկի ստեղծում, տուրիզմի զարգացում եւ երկրորդը` հարակից համայնքների զարգացում, այսինքն` այն համայնքների, որոնք գտնվում են ազգային պարկի բուֆերային գոտում: Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայն, կա այդպիսի 14 համայնք, եւ այդ համայնքների ներկայցուցիչները ներգրավված են եղել մեզ հետ բոլոր աշխատանքներում՚,- ասում է նա:
Ծրագիրն իրականացնողները համայնքների հզորացման հիմնական հեռանկարը տեսնում են տեղի բնակիչների ավանդական զբաղմունքի զարգացմամբ, այսինքն` անասնապահության, մեղվաբուծության ընդլայնում: Գյուղատնտեսական այս արտադրանքի առավելությունը կլինի այն, որ իսկապես կլինի էկոլոգիապես մաքուր, քանի որ ծովի մակերեւույթից մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվող այս բնակավայրերը դեռեւս բարեբախտաբար զերծ են մնացել հանքարդյունաբերության եւ շրջակա միջավայրն աղտոտող տնտեսական գործունեության այլ տեսակի ներգործությունից: Զբոսաշրջության զարգացումը եւս գյուղական համայնքներին օգուտ կբերի, կստեղծվեն տեղեկատվական կենտրոններ, գյուղացիների` հարմար պայմաններ ստացած տները կացարան կդառնան զբոսաշրջիկների համար: Կարեն Մանվելյանը խոստանում է, որ իր մաքրությամբ եւ անաղարտությամբ, ես կասեի կուսությամբ, ՙԱրփի լիճ՚ ազգային պարկը չի համեմատվի Հայաստանի մյուս երկու ազգային պարկերի հետ, եւ զբոսաշրջության զարգացումն էլ կընթանա միջազգային ընդունված նորմերին համապատասխան: Որպեսզի հարակից գյուղերի համար ազգային պարկի ստեղծումը չդառնա խոչընդոտ անասնապահության համար, ազգային պարկի արգելոցային հատվածը, թեեւ ընդգրկելու է բավական լայն տարածք`ազգային պարկի մոտ 40-50 տոկոսը (Հայաստանի մյուս երկու ազգային պարկերի`ՙՍեւանի՚ եւ ՙԴիլիջանի՚ արգելոցային գոտիները, որոնք առանձնանում են պահպանության խիստ ռեժիմներով եւ որեւէ տեսակի գործունեություն արգելվում է, ընդամենը 10-20 տոկոս են- Ա.Փ.), գյուղական համայնքներից հեռու է լինելու: Երեք արգելավայրեր`Արդենիսի լիճը, Ախուրյանի կիրճը եւ գետի նախկին հունը, թեեւ ուղղակիորեն չեն մտնելու ՙԱրփի լճի՚ վարչական տարածքի մեջ, սակայն կառավարվելու են ՊՈԱԿԻ-ի կողմից: Նշենք, որ ՙԱրփի լիճ՚ ազգային պարկը, ըստ նախնական հաշվարկների, ընդգրկելու է 28 հազար հա: ՙԱրփի լիճ՚ ազգային պարկի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն ունենալու անմիջական հարեւան:
Վրաստանում եւս ստեղծվում է ազգային պարկ` ՙՋավախեթի՚: Այսպիսի ազգային պարկի ստեղծումը կարեւորուվում է նրանով, որ փաստորեն ստեղծվում է բնության պահպանության միասնական համակարգ, ինչը բնականաբար կբարձրացնի հատուկ պահպանվող տարածքի արդյունավետությունը: Մնում է հուսալ, որ նմանատիպ պարկ էլ կստեղծեն Թուրքիայում՝ Չլդր լճի շրջանում:
Հուլիս 09, 2009
