ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ՝ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ՝ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Նելլի Դանիելյան  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

Հայաստանի երկու ազգային պարկերին մոտ ապագայում կավելանա եւս մեկը: «Արփի լիճ» անունը կրող պահպանվող տարածքը նախատեսվում է ստեղծել Հայաստանի ամենամոռացված ու մեկուսացած հատվածում: Այստեղ գտնվող 10-յակ գյուղերը տարվա ավելի քան 8 ամիսը ցրտաշունչ ու երկարատեւ ձմռան պատճառով ընդհանրապես կտրվում են աշխարհից: Ազգային պարկի ստեղծումը Աշոցքի այս գյուղերի բնակիչների համար հույս է՝ քաղաքակիրթ աշխարհի հետ շփվելու եւ սոցիալական վիճակը բարելավելու:

Նախկինում, երբ Աշոցքի մոռացված գյուղերի քարքարոտ ու փոշոտ ճանապարհներին ավտոմեքենաներ էին հայտնվում, գյուղացիները գիտեին, որ եկողը որսորդներ են: Գրունտային ճանապարհների 10-յակ կիլոմետրեր անցնելու միակ նպատակը` այստեղ բնակվող վայրի թռչուններին կրակելն էր: Բայց արդեն շուրջ 2 տարի բնության եզակի տարածքը հայտնվել է նաեւ բնապահպանների, այդ թվում` միջազգային կազմակերպությունների ուշադրության տակ: Կառավարության ապրիլի 16-ի որոշմամբ, Հայաստանի հյուսիսում ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը, որը լճից բացի ընդգրկում է շուրջ 62 հա լեռնային տափաստաններ, բարձր ալպիական եւ ենթաալպիական մարգագետիններ, գետեր ու լճեր: Ծրագիրը ֆիանանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից` Գերմանական KFW բանկի միջոցով, իրականացնողը բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակն է: Պահպանվող տարածքների նկատմամբ միջազգային կառույցների ուշադրությունը հույս է ներշնչում, որ Արփի լիճը չի արժանանա Սեւանի կամ Դիլիջանի ազգային պարկերի ճակատագրին` վերածվելով սոսկ հանգստի գոտու:

«Այստեղ մի փոքր նորություն է, այն իմաստով, որ այստեղ մարդիկ չեն կարող լողալ: Այստեղ պետք է գա այն տուրիստը, ով ուղղակի ուզում է հանգստանալ, մաքուր օդ շնչել, մաքուր ու հանգիստ միջավայր վայելել, այլ ոչ թե ռեստորաններ, ոչ թե բարեր, ոչ թե կազինոներ»,- մեկնաբանում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Ազգային պարկի տարածքը բարձրալեռնային յուրահատուկ էկոհամակարգ է, որի բնական սահմանները ձգվում են միջպետական սահմաններից այն կողմ` սահմանակից երեք երկրների միջեւ ստեղծելով դրախտային մի եռանկյունի, որի բնակիչներից միայն բանական արարածն է զրկել իրեն այս վայրերում ազատ շրջելու իրավունքից: Իսկ օրինակ, թռչունների համար հավասարապես իրենցն են թե Արփին, թե Փարվանան, եւ Չլդրի լճերը:

Լճից աջ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանն է, ձախ` Հայաստանի եւ Վրաստանի սահմանը: «Արփի լիճ» ազգային պարկի սահմանները ձգվելու են մինչեւ միջպետական սահման: Սակայն Վրաստանի կողմից այն դեռ շարունակվելու է Ջավախքի տարածքում` որպես «Ջավախեթի» ազգային պարկ:

Ջավախքի տարածքում նմանատիպ պահպանվող տարածքի ստեղծումը ոչ միայն բնապաահպանական, այլեւ սոցիալ-քաղաքական նշանակություն ունի: Ծրագրի հեղինակներն արդեն իսկ համարձակ ծրագրեր են մշակում տուրիզմի ազատ գոտի ստեղծելու մասին, որով զբոսաշրջիկները հնարավորություն կստանան մի երկրի ազգային պարկի տարածքից զբոսաշրջային երթուղիներով անցնել մեկ այլ երկրի տարածքը: Միաժամանակ ազգային պարկի ստեղծումը նաեւ հարակից համայնքների զարգացման նպատակ է հետապնդում: Աշխատանքային խմբերն արդեն իսկ ուսումնասիրում են հարակից գոտում գտնվող մեկ 10-յակից ավելի գյուղերի զարգացման հեռանկարները: Ընդ որում, շեշտադրությունը ոչ թե սպասարկման ոլորտի, այլ գյուղացու ավանդական զբաղմունքի վրա է արվում:

Ծրագրի համակարգող Աշոտ Սանթրոսյանը կարծում է, որ  գյուղացիները չեն հրաժարվի իրենց ավանդական զբաղմունքից եւ եկամուտի հիմնական աղբյուրից` անասնապահությունից: «Իհարկե չի բացառվում, որ գյուղացին բարելավի իր սոցիալակն վիճակը, ապրուստի նորմալ պայմաններ ստեղծի եւ տուրիստը այցելելով այստեղ գիշերի տվյալ տարածքի բնակավայրերում, օգտվի համայնքի ավանդական կերակրատեսակներից, նիստ ու կացից»,- նշում է նա:

Ազգային պարկի սահմաններն այժմ ճշգրտման փուլում են, բայց արդեն իսկ հստակ է այն ներառելու է 3 արգելավայր` Արտենիսի լիճը, Ախուրյան գետի նախկին հունը եւ կիրճը: Ընդ որում, դրանք ոչ թե միջազգային կառույցներին մատնացույց անելու նպատակով ընտրված ինքնանպատակ տարածքներ են, այլ յուրաքանչյուրը ծառայելու է իր բնորոշ տեսակի պահպանությանը: Իսկ որ ամենակարեւորն է` արգելոցային գոտին կազմելու է ազգային պարկի 40-50 տոկոսը, այնպես ինչպես պահանջում են համաշխարհային ընդունված չափորոշիչները: Համեմատության համար ասենք, որ նախկին երկու «Սեւան»-ի եւ «Դիլիջան»-ի ազգային պարկերում այդ տարածքները ընդամենը 10 տոկոսն են:

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»

 
 Բնապահպանության բազմաճյուղ ծրագիր
  
Կառավարության ս.թ. ապրիլի 16-ի որոշմամբ ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)։ Հայաստանի հյուսիսում, Վրաստանին սահմանամերձ հատվածում «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու ծրագրի հիմքը դրվել է դեռ 2005թ., Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ միջպետական համաձայնագրով։
  
Նախատեսված է«Ջավախեթի» անվամբ ազգային պարկ ստեղծել նաեւ Վրաստանում, «Արփի լիճ» ազգային պարկի հարեւանությամբ, որպեսզի դրանք բնապահպանական առումով մեկ ամբողջություն լինեն։ Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը, Գերմանիայի զարգացման բանկի (KFW) միջոցով։
  
Ծրագրի պաշտոնական խորհրդատու «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ տեղեկացմամբ, 2007թ. նոյեմբերից մեկնարկած «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ազգային պարկի եւ արգելավայրերի ստեղծում» ծրագրի ընդհանուր արժեքը 2,2 մլն եվրո է, իրականացման ժամկետը` 3 տարի։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը մոտ 28 000 հեկտար է։
  
-Սա բնապահպանական երեւի միակ ծրագիրն է այն առումով, որ ծրագրի պլանավորումը ներքեւից վերեւ է կատարվում,- ասաց Կ.Մանվելյանը։
  
Ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ կամ բաղադրիչ. առաջինը՝ ազգային պարկի ստեղծումն է եւ պահպանությունն է բնության, տուրիզմի զարգացումը, եւ երկրորդ հիմնական բաղադրիչը հարակից կամ ազգային պարկի բուֆերային գոտում գտնվող համայնքների զարգացումն է։
 
Խոսքը 14 համայնքների մասին է, որոնց բոլորի ներկայացուցիչներն ընդգրկված են ծրագրի աշխատանքային խմբերի մեջ։ Վերջիններս իրենց աշխատանքներն ավարտել են, ծրագրի միջազգային փորձագետն արդեն ներկայացրել է կառավարման պլանի առաջին նախագիծը, որը շուտով փոխանցվելու է բնապահպանության նախարարությանը եւ KFW բանկին։
  
-Մինչեւ այս տարեվերջ ստեղծվելու է նաեւ երեք արգելավայր,- տեղեկացրեց WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը։ -Դրանցից մեկը (99 հա) լինելու է Արդենիսում։ Այն մի վայր է, որտեղ կռունկներն են բազմանում, եւ այս տարածքը թեեւ դուրս է բուն ազգային պարկից, միանշանակ պետք է պահպանվի։ Հաջորդ արգելավայրը (429 հա) լինելու է Ախուրյան գետի նախկին հունի տարածքում, որի պահպանումը նույնպես շատ կարեւոր է. այստեղ հանդիպում են թե՛ հետաքրքիր թռչուններ, թե՛ բույսեր (նաեւ՝ Կարմիր գրքում գրանցված)։ Երրորդ արգելավայրը՝ «Ախուրյանի կիրճ» անվամբ (1374 հա), լինելու է հենց Ախուրյանի կիրճում, որն ուշագրավ է իր էկոհամակարգով, բացի դրանից, շատ մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար։
  
Հիշյալ արգելավայրերը նույնպես կառավարվելու են «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից, որի գրասենյակի կառուցման տեղն արդեն որոշված է։ Այն լինելու է Արփի լճի անմիջական հարեւանությամբ։ Բացի այդ, զբոսաշրջիկների համար կենտրոն է ստեղծվելու Հայաստանից Վրաստան տանող մայրուղու վրա։ Նշենք նաեւ, որ լճից մոտ 20 կմ հեռու գտնվող ազգային պարկի արգելոցային գոտում (Ջավախքի լեռնաշղթայի վերեւի մասում) է ապրում միջազգային Կարմիր գրքում գրանցված Դարեւսկու իժը, որը նաեւ էնդեմիկ կենդանատեսակ է։
  
Ազգային պարկի ստեղծման ճանապարհին կան նաեւ դժվարություններ։ Տարածաշրջանն անասնապահական է, այստեղ յուրաքանչյուր տարի անասունների մեծ գլխաքանակ է արոտավայր հանվում։ Տեղացիների եկամուտը ստացվում է անասնապահությունից, ինչպես նաեւ արոտավայրերը դրսից անասուններ բերողներին վարձակալության հանձնելուց։ Այս առումով ազգային պարկի սահմանների վերջնական որոշման հետ կապված խնդիր կա, որը, Կ.Մանվելյանի տեղեկացմամբ, դեռ պետք է ճշտվի թե՛ համայնքների, թե՛ պետական մարմինների հետ, քանի որ շատ դժվար է նման տարածքներում ստեղծել արգելոցային գոտի։
  
Ըստ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի, ազգային պարկի տարածքի գոնե 50%-ը պետք է լինի արգելոցային գոտի, հակառակ պարագայում էլ ի՞նչ ազգային պարկ, եթե արգելոցային գոտին լինի, ասենք, 10%, ինչպես «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի պարագայում, որոնք միայն անունով են ազգային պարկ։
  
-Ինչպե՞ս կարող են պահպանել էկոհամակարգը, եթե այնտեղ արգելոցային գոտին 5% է կամ 10%,- ասաց Կ.Մանվելյանը։ Ամենաքիչը պետք է 40-50% լինի արգելոցային գոտին։

Հուլիս 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր