

ԷկոԼուր
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի հարցը պետք է քննարկվի գործադիրի հունիսի 22-ի նիստում: ՀՀ բնապահպանության նախարարությունը կներկայացնի ««Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թվականների ծրագիրը»: Նախագծի նպատակն է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքներ իրականացնել, ամրակայել սահմանները, ինչպես նաև նպաստել արգելավայրի պահպանման գոտու և հարակից համայնքների հողօգտագործման խնդիրների կարգավորմանը:
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը կազմավորվել է 1958թ-ին: Այն գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատյան գոգավորության նախալեռնային թեք հարթություններում` Գոռավան գյուղական համայնքի վարչական սահմաններում: Չունենալով պահպանություն իրականացնող մարմին և աշխատակազմ` 2007թ-ին արգելավայրը հանձնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ենթակայությանը: Արգելավայրի պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի էկոհամակարգը, իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով: Մարդկային գործոնը պատճառ դարձավ այդ յուրահատուկ էկոհամակարգի քայքայման համար: Մասնավորապես խոսքը էնդեմիկ տեսակ համարվող Դալի ավազամկան մասին է: Իր բնակավայրի եւ կերակրման բազայի կորսոտի պատճառով Դալի ավազամուկը` որպես տեսակ, կարելի է համարել անհետացած, ընդ որում ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի:
Լուսանկարը` www.akumb.am կայքի
Հունիս 21, 2012 at 18:17
