

ԷկոԼուր
Խոսրովի արգելոցի վերաբերյալ ահազանգի հետ կապված «ԷկոԼուրը»-ը դիմում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Դիմումում ասված է. «Հարգելի պարոն նախարար,
Ինչպես հայտնի է, հասարակության ակտիվ մասնակցության արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց վերականգնելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասի արգելոցային գոտու կարգավիճակը: Դրա հետ մեկտեղ կառավարության որոշման մեջ որեւէ խոսք ասված չէր այն մասին, թե ինչ անել կիսակառույց շինության հետ: Էկոլոգիական հասարակական դաշինքի առաջարկությունը` ապամոնտաժել ադ շինությունը, որովետեւ այն ապօրինի է, Բնապահպանության նախարարությունը չընդունեց: Փոխարենը Բնապահպանության նախարարությանն առընթեր ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է որոշեր այդ կառույցի ճակատագիրը: «ԷկոԼուր»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ որոշակի շրջանակներ կրկին հետաքրքրվածություն են ցուցաբերել այդ շինության նկատմամբ: Մենք խնդրում ենք պարզաբանումներ տալ հետեւյալ հարցերի կապակցությամբ`
- Ի՞նչ առաջարկություններ է արել նախարարության աշխատանքային խումբը Գիլան տեղամասում գտնվող կիսակառույց շինության վերաբերյալ: Եթե առաջարկություններ արվել են, ապա մենք առաջարկում ենք դրանք տեղադրել Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, որպեսզի շահագրգիռ հասարակությունը կարողանա ծանոթանալ այդ առաջարկությունների հետ եւ տա իր գնահատականը
- Ո՞ր հաշվեկշռի վրա է ներկայումս գտնվում այդ շինությունը, եւ բացի կառավարության որոշումից նախարարությունն ինչ իրավական հիմքեր ունի, որպեսզի որոշի, թե ինչ անի այդ կառույցի հետ
- Արդյոք ենթադրվո՞ւմ էր այդ կառույցի շինարարության ծախսերի փոխհատուցում, եւ եթե այո, ապա ու՞մ հաշվին
- Խնդրում ենք նաեւ Ձեզ թույլ տալ հասարակայնությանը նախարարության աշխատանքային խմբի ներկայացուցչի հետ միասին այցելել Խոսրովի արգելոցի Գիլան տեղամաս տեղում իրավիճակին ծանոթանալու համար»:
Հունիս 27, 2012 at 17:52
