

ԷկոԼուր
«Մեզ մոտ ամեն ինչից ուզում են գումար աշխատել: Գոնե արգելոցները թողեք հանգիստ, գումար այսստեղից մի վաստակեք»,- հայտարարեց Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ Մարինա Օգանեզովան հուլիսի 18-ին Խոսրովի արգելոց կատարած այցի ընթացքում: Այցը կազմակերպել էր ՀՀ բնապահպանության նախարարությունը` նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Հավուց Թառ վանական համալիր տանող ճանապարհի կառուցման եւ Գիլանում կիսակառույցի հետ կապված խնդիրներին:
Ճանապարհի կառուցումն արդեն ավարտված է, եւ այն տանում է դեպի աղբյուր, որի մոտ մենք տեսանք խորավածի թարմ հետքեր` մոխիրն ու քարերը: «Տեղամասի տնօրենին նկատողություն կհայտարարեք հրամանով ու պատճեն կուղարկեք ինձ, որովհետեւ այդ խորովածանոցները ամբողջ բանով դրած է: Երկու օրում հո չդրեցին դա»,- արգելոցի տնօրենին հանձնարարեց Սիմոն Պապյանը:
«Այս ճանապարհը համարվում է էկոտուրիզմի համար մեկ երթուղին եւ գալիս է դեպի Հավուց թառ վանական համալիրը: Հազար անգամ տեսել եք, թեկուզ գյուղի համայնքի անդամները իրենց մատաղացուն թեւի տակ խփած գալիս են, այստեղ կրակ, թողնում են անհետեւանք, որից բռնկվում է հրդեհ»,- բացատրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը: Այդ պատճառով, տնօրենի խոսքով, հակահրդեհային ճանապարհը պարզապես անհրաժեշտություն է: Նա նշեց, որ այդ ճանապարհի բարեկարգումը, ինչպես եւ մյուս երթուղիների բարեկարգումը նախատեսված է արգելոցի կառավարման պլանով: Ներկաների այն մտահոգությանը, թե ճանապարհի ընդլայնման հետ մեկտեղ կավելանա մարդկանց հոսքը, Բարսեղյանն ասաց, որ հատուկ ուղեփակոց է դրվելու, որը ծառայելու է միայն հրդեհի դեպքում:
«Ես հասկանում եմ, որ տուրիզմը հիմա դառնում է աղետ մեր պահպանվող տարածքների համար, որովհետեւ բացարձակապես չի կանոնակարգվում: Էկոտուրիստական երթուղիները բազմաթիվ տեղերում սխալ են» - ասաց «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ժաննա Գալյանը:
«Ես շատ դեմ էի այն դրվագին, որ մեզ մոտ տուրիստական գործունեությունը ծավալվի նաեւ արգելոցների տարածքում: Իմ տեսակետից արգելոց երբ որ մենք ասում ենք, դա պետք է լինի այն տարածքը, որը պահպանվի մարդուց ընդհանրապես»,- ասաց Մարինա Օգանեզովան:
«Թռչունների պահպանման հայկական միություն» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Ղասաբյանը պնդեց. «Պատմամշակութային տուրիզմն արգելոցի տարածքից պետք է բացառել: Եթե դուք ուզում եք Հավուց Թառ, Հավուց Թառը սահմանային գծով գնում է, սահմանային գծով գալիս է, ուզում եք Սուրբ Ստեփանոս, սահմանային գծով գնացեք... Արտերկրում էկոտուրիզմը զարգացած է ազգային պարկերում, բայց այդ պարկերում էլ կան արգելոցային գոտիներ, որտեղ մուտքն արգելված է բոլորի համար, նույնիսկ կան տարածքներ, որոնք փակ են նաեւ գիտության համար»:
Սիմոն Պապյանը նշեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում մշակվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: «Խնդիրն այն է, որ մենք կարողանանք կողմնորոշվել, կամ բացարձակ ձեւով փակում ենք, կամ ինչ- որ բան պետք է թույլ տանք: Եթե թույլ տանք, ապա ինչն ենք թույլ տալու: Մեր համար` արգելոցի աշխատողների համար բոլորից լավն այն է, որ որոշում ընդունվի բացարձակ փակվի, ոչ մի շունչ չմտնի: Այդ դեպքում ռեժիմը հեշտ է պահպանել»,- ասաց Սիմոն Պապյանը:
Հուլիս 19, 2012 at 14:49










