Արգելոցում ի՞նչ շինարարություն, ի՞նչ էկոտուրիզմ

Արգելոցում ի՞նչ շինարարություն, ի՞նչ էկոտուրիզմ

Ա. Առաքելյան, Հայոց աշխարհ  

«Ելակետ» մամուլի ակումբը «Ի՞նչ է կատարվում Խոսրովի արգելոցում» թեմայի շուրջ երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ, քաղաքացիական ակտիվիստ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ եւ բնապահպանական հարցերի մեկնաբան-լրագրող ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆԻՆ։
   
Կ.Դանիելյանի տեղեկացմամբ, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ բավական մեծ խմբով հուլիսի 18-ին գնացել են Խոսրովի արգելոց, որովհետեւ ահազանգ ունեին նշված արգելոցում գտնվող եւ դեպի Հավուցթառ տանող գրունտային ճանապարհի ընդլայնման վերաբերյալ:
  
-Մենք անհանգստություն ունեինք, որ ճանապարհը մեքենաների համար փաստորեն ավելի լայն հնարավորություն կստեղծի մտնել Խոսրովի արգելոց,- ասաց ՀԿ-ի նախագահը:- Տեղում զննել ենք իրավիճակը, եւ բավական լայն քննարկում է տեղի ունեցել: Էկոլոգիական ակտիվիստների հիմնական կարծիքն այն էր, որ պետք չէր այդ ճանապարհն ընդլայնել. այդտեղ ռիսկը բարձրանում է, որ ավելի մատչելի կլինեն այդ տարածքները: Սակայն հիմնավորումն այն է, որ այդ տարածքում հաճախ հրդեհներ են լինում, եւ հրշեջ մեքենաների համար այդ ճանապարհի ընդլայնումն անհրաժեշտ է:
  
Ճանապարհի ընդլայնումն արդեն կատարվել է։ Կ.Դանիելյանի հավաստմամբ, վտանգվել է, վնասվել է էկոհամակարգը: Պաշտոնական կողմի հետ քննարկումների արդյունքում եկել են այն համաձայնության, որ այնտեղ արգելափակոց կտեղադրվի, վերահսկողություն կլինի, տեսախցիկներ կլինեն, որպեսզի ճանապարհը նպաստի միայն դրական գործընթացներին:
  
-Մենք այնտեղ տեսանք խորովածի տեղ, քարերով սարքված հարմարանք, որոնք ուղղակի պետք չէ, որ այնտեղ լինեին,- ասաց բնապահպանը:- Պապյանի հրահանգով դա քանդվեց միանգամից եւ արգելվեց: 
  
Անդրադարձ է եղել նաեւ Խոսրովի արգելոցում, նախկին Գիլանի արգելավայրի տարածքում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կառուցած շինության նկատմամբ առաջիկա վերաբերմունքի հարցին: Վերոնշյալ շինության կառուցման դեմ բողոքող ՀԿ-ները հրաժարվել էին մասնակցել տվյալ կառույցի առնչությամբ ժամանակին ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` այդ շինության օգտագործման շուրջ քննարկումը համարելով անիմաստ:
  
Նրանց պնդմամբ, անընդունելի են հիշյալ շինության օգտագործման առաջարկվող տարբերակները, եւ այն միանշանակ ենթակա է քանդման, քանի որ արգելոցի տարածքում դրա գոյությունն անթույլատրելի է եւ անհեթեթ: 
  
Էկոլոգիական հասարակական դաշինքը, նամակով դիմելով վարչապետին եւ բնապահպանության նախարարին, խնդրել է նրանց հանձնարարությունը, որպեսզի այդ շինությունը քանդվի, սակայն սայլը տեղից չի շարժվել: Բնապահպան ակտիվիստները նույնիսկ մի նամակ էին հղել վարչապետին, որով նրանից խնդրել ու պահանջել էին թույլատրել, որ իրենք իրենց միջոցներով գնան, այդ շենքը քանդեն:
  
-Այս առումով համաձայնության եկանք, որ ՀԿ-ները կմասնակցեն այդ հանձնաժողովին, ու կփորձենք գալ ընդհանուր հայտարարի,- տեղեկացրեց Կ.Դանիելյանը եւ հավելեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այդ հանձնաժողովի եզրակացությունն ընդունելի է լինելու բնապահպանության նախարարության համար:
  
Ըստ Ս.Ադամյանի, իրենց հասարակական շարժումը հաստատապես թույլ չի տա հիշյալ ճանապարհի հետագա ընդլայնում կամ ճանապարհի ընդլայնման շարունակում դեպի Հավուցթառ: Պարզելու համար, թե ինչի՞ հիման վրա է ճանապարհն ընդլայնվել, նպատակը հրշեջ մեքենաների համար այն անցողիկ դարձնե՞լն է եղել, թե զբոսաշրջության զարգացումը կամ մեկ այլ բան, բնապահպաններն ուսումնասիրելու են այդ աշխատանքների հիմք հանդիսացած փաստաթղթերը: 
  
Խնդիր կա ոչ միայն Խոսրովի արգելոցում տվյալ ճանապարհի ընդլայնման, այլեւ ընդհանրապես պահպանվող տարածքների հետ կապված: Այս կապակցությամբ ՀԿ-ի նախագահն ասաց, որ նախարարի առաջին տեղակալի հետ պայմանավորվել են եւ փորձելու են ԳԱԱ նախագահության հետ խոսել, որպեսզի ակադեմիայում մասնագետներից ձեւավորվի համապատասխան խորհուրդ կամ հանձնաժողով, որն ընդհանրապես օպերատիվ հարցերով, առաջացած խնդիրների կանոնակարգմամբ է զբաղվելու: 
  
-Խոսրովի արգելոցը բնական հուշարձան է Հայաստանի համար, այդ տարածքում, ինչպես փաստեցին մեր մասնագետները, 23 տեսակի գիշատիչ թռչուններ կան, որոնցից արդեն 3-4-ը գրանցվում են միջազգային Կարմիր գրքում,- ասաց դաշինքի համակարգողը։ Բուսաբանների վրա հղում կատարելով՝ նա հավելեց, որ Խոսրովի արգելոցում կան նաեւ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ:
  
Կ.Դանիելյանի տեղեկացմամբ, Խոսրովի արգելոցում, ընդհանուր առմամբ, 1800 բուսատեսակ կա, ինչը բացառիկ դեպք է մեր մոլորակի համար:
  
-Հարեւան երկրներն էլ են էկոտուրիզմը զարգացնում, բայց ոչ արգելոցներում,- ասաց Գ.Նանյանը:- Նրանք զարգացնում են ազգային պարկերում, որտեղ կարող են ե՛ւ բնակավայրեր լինել, ե՛ւ մարդիկ այցելել, ինչպես նաեւ արգելավայրերում, իսկ արգելոցային կարգավիճակը հենց ինքն արգելում է մարդու մուտքը տվյալ տարածք:

Հուլիս 26, 2012 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր