

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին մերժել են մասնակցելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրի քննարկմանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Խոսրովի արգելոցում: Խոսրովի խնդրով զբաղվող ակտիվ շահագրգիռ հասարակությունը խորհրդակցությանը չի հրավիրվել: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Սիլվա Ադամյանն ասաց, որ նախօրեին զրույց է ունեցել Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ. «Նա ասաց ինձ, որ հասարակայնությունը չի հրավիրվել, քանի որ շատ լուրջ որոշումներ են ընդունվում` կապված դոնորների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Եւ հասարակայնությունն այդտեղ տեղին չէ: Տեղին են գիտնականները: Ես կարծում եմ, որ հասարակայնությունը տեղին է այնտեղ, որտեղ որոշվում են Խոսրովի ագելոցի հարցերը»,- ասաց Սիլվա Ադամյանը: Իդեպ, Սիլվա Ադամյանը Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող է: Ակտիվ հասարակությանը խորհրդակցությանը չհրավիրելու որոշման նկատմամբ իր անհամաձայնությունը հայտնեց նաեւ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը: Սոցիալական ցանցերում տարածված է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Ուրեմն հատուկ բոլոր լրատվամիջոցներին ու հանրության լայն շրջանակներին, Խոսրովի հարցով մտահոգ քաղաքացիներին հայտարարում ենք, որ ԲՆԱՊԱՀՊԱՆ ԱԿՏԻՎԻՏՆԵՐԸ չեն ներառվել այդ «հանրային» կոչվող քննարկման մեջ, ավելին նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում մեր խմբի մուտքը արգելոց: Հարց չի ծագում ինչո՞ւ: Մի կողմից այժմյա նախարար ՀրաժԱրամ Հարությունյանը հայտարարում է, որ պատրաստ է բոլոր շահագրգիր կողմերին լսել ու քննարկումներ ծավալել Խոսրովի արգելոցի պահպանման ու վերահսկման վերաբերյալ, մյուս կողմից մեր խմբի ՈՉ ՄԻ ԱՆԴԱՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ չէ նոյեմբերի 5ին կայանալիք հանրային քննարկման մեջ: Հիշեցնենք, որ հենց բնապահպան ակտիվիստներն են հանրային օրակարգ հանել արգելոցի խնդիրը և հանդիսանում են առավել շահագրգիռ կողմ քան շատ մասնակիցներ, ովքեր ընդգրկված են այդ ցուցակում: Կրկին անգամ փորձ է արվում իմիտացիոն գործողություններ ծավալել և դոնոր կազմակերպությունների մոտ գործունակ նախարար ձևանալ նորանոր ֆինանսավորումներ պոկելու ու լվալու նպատակով: Այնինչ մեր կողմից նախարարությանը բարձրացրած հարցերը մնում են օդում, չլուծված ու առանց պատասխանի: Եթե էդպես բաց եք, ընդունեք ու լսեք մեր առաջարկները, հարցերը, դիտողությունները»:
Ինչպես հայտնում է HayNews.am կայքը, մի խումբ բնապահպան ակտիվիստներ փակել են ճանապարհը և ոչ լրագրողներին, ոչ բնապահպանության նախարարության աշխատակիցներին թույլ չեն տալիս առաջ անցնել:
HayNews.am-ի թղթակցի տեղեկացմամբ` ակտիվիստներից մեկը նստել է հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով Խոսրովի արգելոց ուղևորվող ավտոբուսի դիմաց, մյուսը կախվել է ավտոբուսից: Բացի այդ վիճաբանություն է տեղի ունեցել մոտ 12 ակտիվիստների ու իրավապահների միջև: Ակտիվիստների պահանջը մեկն է` որպեսզի իրենց ևս թույլ տան մասնակցել հանրային քննարկմանը:
Նոյեմբեր 05, 2012 at 13:59
