ՀԱՋՈՂ ՈՐՍ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԵԹԵ ՈՐՍԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՔ` ԱՍՈՒՄ Է ՏԵՍՈՒՉԸ

ՀԱՋՈՂ ՈՐՍ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԵԹԵ ՈՐՍԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՔ` ԱՍՈՒՄ Է ՏԵՍՈՒՉԸ

Սիրանույշ Գևորգյան, «ԱրմենիաՆաու»

Բնապահպանական պետական  տեսչության գլխավոր մասնագետը հպարտությամբ հայտարարել է, որ այս տարվա սկզբից Հայաստանում որսագողության 60 դեպք է հայտնաբերվել: Պետբյուջե է վճարվել մոտ 30.000 դոլարի տուգանք: 
 
ՀՀ բնապահպանութան նախարարության բնապահպանական պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ որսագողության բավական լուրջ դեպք է գրանցվել հարավային Սյունիքի մարզում, որտեղ բեզոարյան այծ են որսացել: (Այդ կենդանին գրանցված է Կարմիր գրքում): Բեգլարյանի տեղեկացմամբ` մեղավորները տուգանվել են 3 միլիոն դրամով (մոտ 7900 դոլար):
 
Նրա խոսքով` բնապահպանական պետական տեսչության 200 տեսուչները հետևողական աշխատանք են տանում որսագողերին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն նա ընդունում է, որ դժվար է բացահայտել որսագողության բոլոր դեպքերը: 
 
Բեգլարյանը նաև նշեց, որ որսագողության դեպքերը սովորաբար նվազում են որսաշրջանի ժամանակ, որն ամեն տարի սկսվում է օգոստոսի 22-ին և ավարտվում հաջորդ տարվա փետրվարի 28-ին: 

«Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ այս որսաշրջանին որսորդների մասնակցության մեծ ակտիվություն է նկատում:

«Որսաշրջանը սկսում ենք լորի որսից, որը շատ հետաքրքիր է և Հայաստանում ավանդական է համարվում,- ասում է բազմափորձ որսորդ Գրիգորյանը` հավելելով, որ 2000 որսորդներից 1500-ը միշտ մասնակցում է լորի որսին։ - Հետո սկսվում է բադի, կաքավի, նապաստակի որսը»։

Հայաստանում թույլատրված է որսալ մոտ 70 կենդանատեսակ, սակայն ամենասիրված որս են համարվում լորը, կտցարը, նապաստակը, աղվեսը, կաքավն ու վայրի խոզը: 
 
Որս անելու համար որսորդը պետք է լիցենզիա ունենա, որը տրամադրում են որսորդական միությունները: Լիցենզիան արժի 5 հազար դրամ (13,5 դոլար) և տրվում է ամբողջ որսաշրջանի համար: Ամեն կենդանու որսի համար գոյություն ունի առավելագույն քանակ, որը կարելի է որսալ մեկ օրվա ընթացքում:
 
«Օրինակ` մեկ օրվա ընթացքում կարելի է որսալ տասնհինգից ոչ ավելի լոր, երկու նապաստակ, հինգ կաքավ, իսկ խոշոր կենդանիներ` մեկ հատ»,- ասում է Գրիգորյանը:
 
Բնապահպանության ոլորտի մասնագետները մտահոգիչ են համարում Հայաստանում գայլերի, ագռավների, կաչաղակների թվի ավելացումը: Այս տարվա ընթացքում ՀՀ մի քանի մարզերում գայլերը նույնիսկ մտել են որոշ գյուղեր, սպանել ու կերել ոչխարներին:
 
Բեգլարյանն ասում է, որ որսորդները կարող են անվճար, առանց լիցենզիայի գայլ, շնագայլ, կաչաղակ ու ագռավ որսալ: 
 
«Սակայն գայլը շատ զգուշավոր կենդանի է, այն շատ դժվար է որսալ: Բացի այդ, գայլերի քանակն այնքան էլ չի ավելացել, որ նրանց դեմ պայքար սկսվի»,- ասաց Բեգլարյանը:

Սեպտեմբեր 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր