

ԷկոԼուր
Ի պատասխան միջազգային հիմնադրամներ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի եւ CNF-ի ներկայացուցիչ Արման Վերմիշյանի հայտարարությանն այն մասին, որ հիմնադրամները դադարեցնում են Բնապահպանության նախարարությանը ֆինանսավորել հատուկ պահպանվող տարածքների համար եւ պահանջում են անվավեր ճանաչել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար կայացած մրցույթը, Բնապահպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն: Նրանում մասնավորապես ասված է. «Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ: Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ»:
«ԷկոԼուր»-ը WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանին խնդրեց մեկնաբանել նախարարության հադորդագրությունը: Ի պատասխան Կարեն Մանվելյանն ասաց. «Ես գործում եմ մեր կազմակերպության՝ WWF-Armenia-ի կանոնադրությամբ հաստատված իրավասությունների սահմաններում: WWF-Armenia-ն գրանցված է եւ համարվում է WWF-ի միջազգային ցանցի մասնաճյուղ: Խոսրովի արգելոցի պահպանման համար արվող ներդրումները կատարվում են WWF-ի միջազգային ցանցի միջոցով եւ համարվում են տարբեր դոնորների կողմից հատկացված միջոցներ: Բացի այդ, իմ գործողությունները որոշվում են Իրավասությունների սերտիֆիկատով, որն ինձ տրվել է WWF International-ի կողմից»:
Նոյեմբեր 27, 2012 at 21:21
