

ԷկոԼուր
Երեւանի պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի ուսանողները կազմակերպեցին համերգ ի պաշտպանություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի: Վոկալիստները կատարեցին հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դահլիճը բազամարդ էր: Հավաքվել էին Խոսրովի ճակատագրով մտահոգ մարդիկ, ովքեր Խոսրովը պաշտպանում են որսագողերից, հանդես են գալիս արգելոցում անօրինական կառույցների շինարարության դեմ, ահազանգում արգելոցային ռեժիմի խախտման դեպքերի մասին:
Համերգն ուղեկցվեց ցուցահանդեսով, որը ներկայացնում էր Խոսրովի չքնաղ բնությունը եւ խնդիրները: Ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հեինակային լուսանկարները, որոնք ներկայացնում են Խոսրովի բնություն, անօրինական կառույցները, հակահրդեհային ճանապարհի շինարարությունը, պատմամշակության հուշարձաններից Հավուց Թառ վանական համալիրը, որը կառուցվել է 1013թ Գրիգոր Մագիստրոսի կողմից եւ այլն: Մեր ընթերցողներին ներկայացնում ենք «ԷկոԼուր»-ի լուսանկարների օն-լայն ցուցահանդեսը:
Համերգը եւ ցուցահանդեսը կազմակերպել էին Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նվարդ Ստեփանյանը, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը եւ Եղիա Ներսեսյանը:
Դեկտեմբեր 03, 2012 at 14:51















