ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ «ՄՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՐ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ «ՄՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՐ»

էկոԼուր

«Ջրվեժ» անտառապարկից օտարված սոճու անտառը պետք է անհապաղ վերադարձվի անտառապարկին, իսկ կառավարության 684-Ն որոշումը վերանայվի անտառապարկի ամբողջականության օգտին: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի հետ հանդիպան եկած հասարակական կազմակերպությունների հստակ դիրքորոշումն էր` 21,76 հա տարածքը վերադարձնել  «Ջրվեժ» անտառապարկին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:

Կառավարության որոշման վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: «Ես հույս ունեմ, որ կառավարությունը կլսի հասարակության ձայնը եւ կվերանայի իր որոշումը»,- ասաց նա:

Իրենց ելույթներում «Ջրվեժ» անտառապարկի նշանակության` Երեւանի թոքերը լինելու մասին խոսեցին Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, գիտության վաստակավոր գործիչ Էլիոնորա Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան: «Ջրվեժի Ղրիմյան սոճիները մեզ ամբողջ տարի թթվածին են տալիս: Այդպիսի ուրիշ անտառ Հայաստանում չկա…  Պարկի ստեղծման վրա աշխատել են նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները: Իսկ այժմ ինչ-որ մեկը որոշել է յուրացնել ուրիշի աշխատանքը… Մենք թույլ չենք տա, մինչեւ վերջ կպայքարենք Ջրվեժի համար»,- հայատարարեցին մասնակիցները:

Սոճու անտառը «Ջրվեժ» անտառապարկում միակ «համեղ պատառը» չէ: Խորհրդակցության մասնակիցներ Մանե Հակոբյանը եւ Հրանտ Սարգսյանը բացասական կարծիք հայտնեցին Հրանտ Վարդանյանի բարեգործական հիմնադրամի կողմից անտառապարկի կենտրոնում 32 հա տարածքի վարձակալության վերաբերյալ:  Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ անհրաժեշտ է արգելոցային տարածքներում արգելել տարածքներ վարձակալելը: «Աշխարհում նման պրակտիկա չկա` վարձակալության տալ արգելոցային տարածքները, եւ մենք պետք է հետեւենք միջազգային նորմերին, որոնք պաշտոնական մակարդակով հայտարարում ենք»,- ասաց նա:

Արամ Ղարիբյանը համաձայնվեց այն հարցում, որ նման հարցերը պետք է հասարակական քննարկում անցնեն, եւ խոստացավ տեղեկացնել հասարակայնությանը հետագա որոշումների մասին: «Եթե խնդիրներ են առաջանում, ապա գոյություն ունեն նրանց լուծումները»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Հոկտեմբեր 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր