

ԷկոԼուր
Մայիսի 22-ին աշխարհում նշվեց Կենսաբազմազանության միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Կենսաբազմազանության միջազգային օրը հայտարարեց 2000թ. դեկտեմբերի 20-ին:
Հայաստանում մեծ է կենսաբազմազանության կորուստը: Դրա պատճատները շատ են` կենդանիների եւ բույսերի բնադրավայրերի կորուստ, որսագողություն, հրդեհներ, բնական աղետներ, հիվանդություններ, հանքարդյունաբերություն, փոքր ՀԷԿ-երի շահագործում: Օրինակ աֆրիկյան ժանտախտի պատճառով մի քանի տարի առաջ Հայաստանի հարավում իսպառ վերացան վայրի խոզերը: Միայն վերջերս է նկատվում նրանց բազմացումը: «Հույս ունենք, որ այդ կենդանատեսակը նորից կվերականգնվի իր քանակի մեջ, քանի որ նա կարեւոր աղբյուր է նաեւ ուրիշ անհետացող տեսակների համար որպես կեր, որպես որս ընձառյուծի համար»,- մայիսի 22-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Ձկների ոչնչացման պատճառ են փոքր ՀԷԿ-երը: Օրինակ մամուլում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ Լոռու մարզի Մարց գետում, որի վրա մի քանի փոքր ՀԷԿ է գործում, այլեւս ձուկ չկա: «Վերջերս մի հոդված կարդացի, որ Մարց գետում ոչ մի ձուկ չկա: Հայաստանում այդպիսի գետ չկա, որ ձուկ չլինի: Ես այնտեղ բավականի շատ անգամ եղել եմ, լողացել եմ, իմ աչքերով տեսել եմ` ինչպես է բեղլուն մեծ քանակությամբ լողում գետում: ..Բայց եթե այսպես շարունակեն, իհարկե Հայաստանում ձուկ չի մնա»- ասաց Կարեն Մանվելյանը: Խոսելով Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների մասին` Կարեն Մանվելյանը նշեց. «Այս 5 տարիների ընթացքում որոշ տենդենց ակնհայտ է, որ որոշ տեսակների գլխաքանակն ավելանում է: Դա վերաբերվում է եւ բեզոարյան այծերին, եւ մուֆլոններին եւ արջերին, որոնց պոպուլիացիայի վիճակը բավականին ստաբիլ է Հայաստանում»:
Մյուս ուրախալի լուրն էլ այն է, որ Հայաստանում հղի ընձառյուծ են նկատել: «Դա լավ նշան է. նշանակում է, որ բազմացող մի ընտանիք է ստեղծվում Հայաստանում, որը բավականին լավ արդյունք է: Տա Աստված, որ չսպանեն, մենք էլ հետեւում ենք, որ այդ կենդանին մնա»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Չնայած արձանագրված դրական միտումին Հայաստանի կենսաբազմազանության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Հայաստանի նոր Կարմիր գրքում ավելացել են անհետացման եզրին գտնվող տեսակները` 452 տեսակի բարձրակարգ բյուս նախկին 387-ի փոխարեն եւ 153 ողնաշարավոր կենդանի նախկին 99-ի փոխարեն:
Մայիս 23, 2013 at 19:02
