«Խոսրովի անտառ» պետական արգելոցին շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին տրվում է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը: Այս առիթով  ՀՀ բնապահպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հրավիրել էր համաժողով, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի պատվիրակության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գործընկեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ:

«Ցանկանում եմ ընդգծել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրոպական դիպլոմի արժանացած առաջին պահպանվող տարածքն է մեր տարածաշրջանում, և դիպլոմի շնորհումը Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից մեկին կարևորվում է նաև նրանով, որ այս տարի մեզ համար հոբելյանական տարի է` լրանում է մեր երկրում  հատուկ պահպանվող տարածքների հիմնադրման 55-ամյակը: Եվ այսօր մեզ ուրախացնում է նաև այն փաստը, որ  մենք ունենք պահպանվող տարածք, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և որ այն ներառվում է Եվրոպայի բնական ժառանգության ցանկում»,- իր խոսքում մասնավորապես ասել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ Եվրոպական դիպլոմը  սահմանում է նոր պատասխանատվության նշաձող և նոր խնդիրներ է բարձրացնում, որոնց լուծմանը նախարարությունը պատրաստ է:

Հանձնելով դիպլոմը՝ Եվրախորհրդի Եվրոպական դիպլոմ շնորհող փորձագետների հանձնաժողովի նախագահ Մայքլ Աշերն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բնության հատուկ տարածքները պահպանելու ուղղությամբ և Եվրոպական դիպլոմի հանձնումը ոչ միայն գնահատականն է այդ աշխատանքի, այլ նաև՝ պարտավորեցնող փաստաթուղթ:

Համաժողովի ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ»  է շնորհել Դիպլոմի շնորհման ուղղությամբ երկարատև աշխատանքներ իրականացրած Եվրախորհրդի Եվրոպական դիպլոմ շնորհող փորձագետների հանձնաժողովի նախագահ Մայքլ Աշերին, Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի արժանացման հանձնախմբի փորձագետ Հերվե Լեթիերին և ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Հասմիկ Ղալաչյանին:

Սեպտեմբեր 04, 2013 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր