

ԷկոԼուր
Արա Դիլդիլյանի անվան նոր միներալասերների ակումբը արդեն բաց է բոլոր երեխաների համար: Այս մասին ակումբի բացմանը հայտարարեց երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Ակումբը հնարավորություն է տալիս երեխաներին կրթվել, մասնակցել արշավների` ծանոթանալով Հայաստանի միներալների հարստության հետ: Ակումբի անդամները կարող են մոտիկից ծանոթանալու երկրաբանական թանգարանի միներալային հավաքածուների հետ, որը ստեղծել են ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի երկրաբանները: Ակումբը սերտորեն համագործակցում է թագարանին կից գործող «Բնագետ» էկոակումբի հետ, որը ունի 4 տարվա պատմություն:
«Արշավների ընթացքում երիտասարդներին ծանոթացրեցինք, թե ինչպես են բնության մեջ առաջանում քարերը, դրանց հրաբխային ծագման մասին: Հավաքելով առաջին նմուշները, նրանք կազմեցին իրենց փոքրիկ հավաքածուն, և այսօր մենք տեսանք, որ բավականին քարասերներ ունենք և ուսանողների շրջանում, և դպրոցականների»,- նշեց Գայանե Գրիգորյանը:
Սեպտեմբեր 24, 2013 at 12:19
