

Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Հայաստանի Կենդանիների եւ Բույսերի Կարմիր գրքերի հրատարակմամբ առայժմ ոչ մի կազմակերպություն չի զբաղվել: Չնայած դեռ նոյեմբերի 5-ին գնումների պետական գործակալությունում հայտարարվել էր մրցույթ, սակայն այն այդպես էլ չէր կայացել, որովհետեւ որեւէ կազմակերպություն չէր ներկայացել: Թե երբ կլինի հաջորդ մրցույթը կամ որն էր մրցույթի հետաձգման պատճառները, պաշտոնական պատասխան չկա:
Հայաստանի Կենդանիների եւ Բույսերի Կարմիր գրքերի աշխատանքները մեկնարկեցին 2007թ.: Նշենք, որ ավելի վաղ ընդունվել էր կառավարության հատուկ որոշում, համաձայն որի 2007թ. սկսվում էին ուսումնասիրություններ, իսկ արդեն 2009թ. պետք է երկու Կարմիր գքրերը հրատարակվեին: Դեռ անցյալ տարի մեզ հետ զրույցում այս աշխատանքներով զբաղվող մասնագետները ասում էին, որ աշխատանքների համար նախատեսված գումարները քիչ են: Քիչ էր, թե շատ ամեն դեպքում աշխատանքները կատարվեցին, թեեւ պետք է նկատել, որ նոր Կարմիր գրքերում ներառվեցին ոչ միայն հատուկ այս ծրագրի համար կատարված ուսումնասիրություններ, այլ նաեւ այնպիսիք, որոնք մասնագետների կողմից կատարվել էին այլ ծրագրերի շրջանակում: Օրինակ, մուֆլոնների համար ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտը հատուկ ուսումնասիրություն չկատարեց, այլ օգտվեց «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքներից: Մի խոսքով, Կարմիր գրքերով զբաղվող մասնագետները գտան ուսումնասիրություններն ու աշխատանքները ավարտին հասցնելու տարբերակը, բայց ինչպես երեւում է, դեռ ոչ բոլոր խոչընդոտներն են հաղթահարված:
Չնայած Կարմիր գրքերի հրատարակմամբ կենդանաբան կամ բուսաբան մասնագետները չէ, որ պետք է զբաղվեին, սակայն նրանք մինչ մրցույթի հայտարարելը շարունակ ասում էին, որ հրատարակման համար գումարները չեն բավականացնելու: Ավելացնենք, որ կառավարության «ՀՀ Կենդանիների Կարմիր գրքում եւ ՀՀ Բույսերի կարմիր գրքում ընդգրկված տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու» N1075 որոշման մեջ գրված է, որ Կարմիր գրքերի հրատարակման եւ հանրամատչելի տարբերակների ստեղծման համար 2007-2009թթ. միջնաժամկետ ծրագրով տրամադրվում է 10մլն 605հազար դրամ:
Պաշտոնական աղբյուրները, սակայն գումարների անբավարարության մասին ոչինչ չեն ասում: Դեռ նոյեմբերի 6-ին բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման բաժնի պետ Արտաշես Զիրոյանը «Հայքին» ասաց, որ մրցույթը չի կայացվել ինչ-որ տեխնիկական պատճառներով, բայց թե կոնկրետ ինչ պատճառով հայտնի չէ: «Գումարի խնդիր չէ, ժամանակի խնդիր է ուղղակի: Երեւի մյուս շաբաթվա ընթացքում կլինի, այդպես է նախատեսված, ինչ-որ թղթային խնդիր կա էդտեղ, լրացումներ կան»,- ասաց Արտաշես Զիրոյանը: Նա ավելացրեց նաեւ, որ կատարված աշխատանքներն արդեն նախարարությունում քննարկվել են, մասնագետները զեկուցել են կատարած աշխատանքները:
Ինչ վերաբերում է գրքերի հրատարակմանը, ապա դա, Արտաշես Զիրոյանի կարծիքով, այս տարվա գործ չէ, ամենայն հավականությամբ, 2010թ, կտպագրվի: Բնապահպանության նախարարության մեկ այլ աշխատակից` Տատյանա Դանիելյանը, որը կոորդանացնում էր Կարմիր գրքերի աշխատանքները, երեկ մեզ փոխանցեց, որ Կարմիր գքրերի հրատարակման մրցույթն այդպես էլ չի կայացել: «Ոչ մեկը չի կարող ասել, թե մրցույթն ինչու տեղի չունեցավ»,- ասաց տիկին Դանիելյանը` հավելելով, որ անհայտ է նաեւ, որ թե նոր մրցույթ երբ կլինի, բայց որ այս տարի մրցույթը պետք է տեղի ունենա, դա հաստատ է: Նկատենք, որ ըստ Տատյանա Դանիելյանի, նախօրոք մրցույթին հայտ ներկայացրել էր 4 կազմակերպություն, սակայն մրցույթին այդպես էլ չեն ներկայացել: Ինչպես պարզ չէր, թե ինչու կազմակերպությունները չէին մասնակցել մրցույթին, այնպես էլ պարզ չէ, թե ինչ պայմաններում է անց կացվելու նոր մրցույթը եւ առհասարակ ով է պատասխանատու մրցույթի համար: Իսկ մինչ չարչրկված մրցույթը կայանա, նոր Կարմիր գրքերն արդեն ուղարկվել են շահագրգիռ նախարարություններին` համաձայնության եւ նկատողությունների համար: Բնապահպանության նախարարությունում խոստանում են, որ առաջիկա մի շաբաթվա ընթացքում դրանք կներկայացվեն նաեւ կառավարությանը:
Այս դեպքում եւս ժամկետները նույնպես հստակեցված չեն: Ինչ վերաբերում է Կարմիր գրքերում ներառած կենդանիներին եւ բույսերին, ապա դրանք, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Տատյանա Դանիելյանը հին Կարմիր գրքի հետ համեմատ (1989թ.) մոտ 2-25 անգամ աճել են: Պատճառը, ըստ նախարարության աշխատակցի, ոչ միայն այն է, որ վտանգված բուսատեսակներն ու կենդանատեսակներն են ավելացել, այլ նաեւ այն, որ փոխվել են չափանիշները: Բացի այդ նախկինում Կենդանիների Կարմիր գրքում միայն ողնաշարավորներն էին ներառված, իսկ այժմ նաեւ անողնաշավոր կենդանիները:
Ներկայումս Հայաստանի կենդանական աշխարհի Կարմիր գրքում ներառված են 310 կենդանատեսակներ, 452 բուսատեսակներ եւ սնկերի 40 տեսակներ: Թերեւս ամենակարեւորը կենդանիներին եւ բույսերին Կարմիր գրքերում ներառելը չէ, այլ դրանց իրապես պաշտպանությամբ զբաղվելը, այնինչ անընդհատ ստացվող ահազանգերը, հատկապես կենդանական աշխարհի վերաբերյալ, բոլորովին էլ այդ մասին չեն խոսում:
Նոյեմբեր 27, 2009
