

Նելլի Դանիելյան, «Ռադիոլուր»
Հայաստանում մինչ օրս բնապահպանական ծրագրերն առաջնորդվում են 1989- 90 թվականներին հրատարակված «Կարմիր գրքով», որը, մասնագետների գնահատմամբ, բավականին հեռու է ներկա իրականությունը ներկայացնելուց:
Այս մտահոգությամբ դեռեւս 2006 թ-ին կառավարությունը որոշում է կայացրել ուսումնասիրել «Կարմիր գրքում» ընդգրկվելու ենթակա տեսակները` դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման նպատակով: 31 մլն դրամ արժողությամբ եռամյա աշխատանքի արդյունքում այսօր նոր «Կարմիր գրքի» նախագծային տարբերակը ներկայացվել է հանրության դատին:
Բնապահպանության նախարարությունում այսօր տեղի ունեցած քննարկմանը մասնակից ՀԿ-ներին, սակայն, հիմնականում մտահոգում էր հատկապես ապօրինի որսի հետեւանքով անհետացող տեսակների պահպանության խնդիրը:
Տարվա ընթացքում պետության կողմից պահպանվող կենդանիների որսի ամբողջական վիճակագրություն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացավ ներկայացնել տարեվերջին։
Ի դեպ, ըստ նախարարի՝ որսագողության այս տարվա վիճակագրությունը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Փաստորեն՝ հազվադեպ կենդանիների որսի համար սահմանված օրենքներն ու պատժաչափերը խստացվում են, որսագողության դեպքերը դրանից չեն նվազում: Միաժամանակ՝ Արամ Հարությունյանը չբացառեց, որ բացահեյտված դեպքերը ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։
Նախարարը նաեւ վստահեցրեց, որ որսագողության մասին որեւէ հաղորդում անուշադրության չի մատվում եւ հավելեց, որ նախարարությանն այս հարցում ոչինչ չի կաշկանդում:
ՆՈՐ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ինգա Մարտինյան, Հետք
Այսօր Բնապահպանության նախարարությունում կազմակերպվել էր քննարկում «ՀՀ Կարմիր գիրքը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որին մասնակցում էին նախարարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և 12 հասարակական կազմակերպություն:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները բացասական ազդեցություն թողեցին երկրի հարուստ կենսաբազմազանության վրա, որի հետևանքով անհետացման եզրին են գտնվել մի շարք արժեքավոր և էնդեմիկ տեսակներ, դեգրադացվել են դրանց բնակմիջավայրերը, կրճատվել են արեալները, փոփոխվել է պոպուլյացիաների քանակական և որակական կազմը: Արդյունքում խիստ հրատապ է դարձել Հայաստանի կենսաբազմազանության համալիր ուսումնասիրության, միջազգային չափանիշներին համապատսխան տեսակների վիճակի գնահատման և Կարմիր գրքի վերահրատարկման խնդիրը` այդ տեսակների պահպանությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով», – ասված է «ՀՀ Կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ տեղեկանքում:
Այսօր ՀՀ-ում գործում է դեռ 1989-90թթ հրատարկված «ՀՍԱՀ Կարմիր գիրք»-ը, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացման վտանգված անոթավոր բույսեր և 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:
2006թ. ՀՀ կառավարության N 1075-ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվող տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանը ուղղված միջոցառումների ծրագիրը», իսկ 2007թվականից միջնաժամկետ ծախսային ծրագրերի ֆինանսավորման շրջանակներում սկսվել են աշխատանքներ «ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի իրականցման ուղղությամբ: Կարմիր գրքի լրամշակված տարբերակն իրականցվել է ՀՀ ԳԱԱ, Երևանի պետական համլսարանի և այլ գիտական հաստատությունների մասնագետների կողմից:
«Բավականին ծավալուն և լուրջ աշխատանք է կատարված: Այս 2 Կարմիր գրքերի հաստատումից հետո հրատարկվելու է 500 օրինակ, մի քանի օրենսդրական ակտերում լինելու են փոփոխություններ, որպեսզի հաստատվեն ցանկերը, ճշգրտվեն ռիսկային գոտիները: Այս 2 ծրագրերի բյուջեն 31 մլն դրամ է»,- ասում Է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Ներկայացվող Կարմիր գրքում ներառվել են նաև սնկեր և անողնաշարավոր կենդանիներ, որոնք ընդգրկված չեն եղել նախկին Կարմիր գրքում: Բոլոր տեսակների վիճակի գնահատումը և դրանց կատեգորիաների որոշումը կատարվել է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների միջոցով` Բնության պահպանության միջազգաին միության դասակարգիչների կիրառմամբ»,- ասաց Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանման վարչության պետ Տատյանա Դանիելյանը:
Հայաստանի բույսերի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են բարձրակարգ բույսերի 463 տեսակ, 40 տեսակի սնկեր, կենդանիների Կարմիր գրքում`155 տեսակի անողնաշարավոր և նույնքան կենդանիներ:
Ներկայացվող Կարմիր գիրքը, սահմանված կարգի համաձայն, քննարկվել է շահագրգիռ կազմակերպություններում և մոտակա ժամանակում կներկայացվի կառավարության հաստատմանը, որից հետո կհրատարկվի հայերեն և անգլերեն լեզուներով:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ
Գայանե Մկրտչյան, «ԱրմենիաՆաու»
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Կարմիր գրքի նոր նախագիծը` հույս ունենալով, որ խորհրդային ժամանակներում հրատարակված գրքի բարեփոխված տարբերակը կնպաստի կենսաբազմազանության ավելի արդյունավետ պահպանմանը ժամանակակից պայմաններում:
(Կարմիր գիրքը կենդանիների ու բույսերի տեսակների բնապահպանական դրության հաշվառումն է, որի նպատակն է օգնել կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը` կատարելու անհրաժեշտ բնապահպանական քայլեր:)
«Նախագծի ընդունումը կնպաստի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և վերարտադրության բարելավմանը, Կարմիր գրքում ընդգրկված տեսակների վերահսկողության ապահովմանը և դրանց նկատմամբ անօրինական գործունեության կրճատմանը»,- ասում է բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ Տատյանա Դանիելյանը:
Ներկայումս Հայաստանում դեռևս գործում է 1989-1990 թթ. հրատարակված «ՀԽՍՀ կարմիր գիրքը» (այն հրատարակվել է խորհրդային պետության փլուզումից և անկախ Հայաստանի ստեղծումից մեկ տարի առաջ): Գրքում ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացման վտանգի առաջ կանգնած բույսեր և 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:
Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները բացասական ազդեցություն են թողել երկրի էկոլոգիայի և հարուստ կենսաբազմազանության վրա: Անհետացման եզրին են հայտնվել մի շարք արժեքավոր և էնդեմիկ տեսակներ, դեգրադացվել են դրանց բնակմիջավայրերը, կրճատվել են արեալները, փոփոխվել է պոպուլյացիաների քանակական և որակական կազմը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշում է, որ այս ամենի արդյունքում խիստ հրատապ էր դարձել երկրի կենսաբազմազանության համալիր ուսումնասիրության, միջազգային չափանիշներին համապատասխան տեսակների վիճակի գնահատման և Կարմիր գրքի վերահրատարակման խնդիրը` այդ տեսակների պահպանությունը կազմակերպելու նպատակով:
Դեռ 2006 թվականին կառավարությունը հաստատել էր նոր Կարմիր գրքի ստեղծման մասին որոշումը: Ծրագիրն արժեցավ 80 հազար դոլար և տևեց 3 տարի, որի արդյունքում ստեղծվեց գիրքը, որն ընդգրկում է բույսերի 463, սնկերի 40, անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների 155 տեսակներ:
Այնուհանդերձ, նախարարը մտահոգված է Հայաստանում որսագողության դեպքերի մասշտաբով, որը շարունակում է մնալ Հայաստանում կենդանիների պաշտպանության հիմնական մարտահրավերը:
Ըստ բնապահպանության նախարարի` թեև կենդանիների որսի համար սահմանված օրենքներն ու պատժաչափերը խստացվում են, միևնույն է` որսագողության դեպքերը չեն նվազում: Նա ավելացնում է, որ անցյալ տարվա համեմատությամբ որսագողության այս տարվա վիճակագրությունում ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում:
Հարությունյանը համոզված է, որ անգամ բացահայտված դեպքերը ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը:
«Այս տարի գրանցվել են որսի մի քանի դեպքեր Սյունիքի մարզում: Որսացել էին երկու բեզոարյան այծ: Հարուցվեցին քրեական գործեր, ինչպես նաև 6 մլն (15 հազար դոլար) դրամ տուգանք սահմանվեց: Մեկ կենդանու համար նախատեսված տուգանքը 3 մլն (7500 դոլար) դրամ է: Գրանցվել են նաև վայրի խոզի որսի դեպքեր: Վնասի հատուցումը հաշվարկվել է 1 մլն դրամ (2500 դոլար)»,- ասում է բնապահապանության նախարարը:
Հայաստանում խոշոր մասշտաբների որսը հիմնականում արտոնյալ խավի համար է: Սակայն Հարությունյանը շեշտում է, որ բնապահպանության նախարարության համար չկան որևէ կաշկանդող հանգամանքներ, որպեսզի ինչպես հարկն է արձագանքեն ցանկացած խախտման առանց բացառության:
Բանալի բառեր. Կարմիր գրքի նոր նախագիծ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, որսագողության դեպքեր, բույսեր և կենդանիներ:
Դեկտեմբեր 04, 2009
