

Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Չնայած որսորդների միության տվյալներով, որսի սիրահարների թիվը գնալով Հայաստանում պակասում է, սակայն հայաստանյան որսի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում: Պատճառն այն է, որ Հայաստանի ֆաունան հարուստ է եւ անգամ էնդեմիկ կենդանատեսակները որսի սիրահարների ուշադրությունից չեն վրիպում: Անընդհատ մամուլում հայտնվում են տեղեկություններ, որ Հայաստանում Կարմիր գրքերում գրանցված կենդանիներ են որսվում:
Վերջերս «Էկոլուր» կայքը տեղադրեց մի հրապարակում, որտեղ ասվում էր. «Գովազդային հայտարարություններին զուգահեռ բնապահանության նախարարություն են ստացվում տնտեսություններ կազմակերպելու հայտեր, որոնք զբաղվելու են այդ կենդանիների պոպուլյացիայի պահպանմամբ, օրինակ` կերակրմամբ»: Մենք էլ փորձեցինք բնապահպանության նախարարությունից ճշտել, թե քանի որսորդական տնտեսության հայտ է ստացվել նախարարություն եւ քանիսն է արդեն գործում: Բնապահպանության նախարարությունից պատասխանեցին, որ որսորդական տնտեսություն հիմնելու հայտ որեւէ կազմակերպության կողմից չի ներկայացվել, քանի որ որսորդական տնտեսություն կազմակերպելու համար մրցույթ չի հայտարարվել, ավելին` պարզվում է, Հայաստանում պաշտոնապես որսորդական տնտեսություններ գոյություն չունեն:
Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, թեեւ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքն ընդունված է, սակայն քանի դեռ ենթաօրենսդրական ակտերը թերի են, որսորդական տնտեսություն հիմնելու մրցույթ չի կարող հայտարարվել: Մինչեւ 2010թ. կառավարությունը ժամանակ ունի խնդիրը լուծելու համար: Բայց խնդիրն, իհարկե, անվանումը չէ: Կենդանիների որսով զբաղվող կազմակերպություններ, այդուամենայնիվ, կան: Մամուլում առավել հաճախ շրջանառվում է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկության անունը, որի նախագահը Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանն է: ՀՀ կառավարությունը 2004թ, հունիս 10-ին պետական անտառային հողերից Վայոց Ձորի մարզի Եղեգիսի կիրճից 2400 հա եւ Սյունիքի մարզում 495 հա տարածք անհատույց օգտագործման իրավունքով տվել է այս ընկերությանը: Կնքված պայմանագրով, ընկերությունն իրավունք ունի Եղեգիսի կիրճի, Գեղիի եւ Դարմանաձորի տարածքում օրենքով սահմանված կարգով եւ ձեւով կազմակերպել էկոտուրիզմ եւ կենդանիների օգտագործում: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կենդանական աշխարհի օգտագործման տեսակ է համարվում նաեւ որսը: Ստացվում է, որ կազմակերպությունը չունի որսորդական տնտեսության կարգավիճակ, բայց պայմանագրով իրավունք ունի նաեւ որսով զբաղվելու: Մյուս կողմից էլ քանի որ դա չի համարվում որսորդական տնտեսություն, չի կրում նաեւ որսորդական տնտեսության պարտավորություններ: Ստուգումների հարցը, փաստորեն, նույնպես այստեղ շրջացվում է:
Քանի որ մամուլում Կարմիր գրքերում գրանցված հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի որսի մասին տեղեկությունները հաճախ առնչվում են «Սաֆարի ինտերնացիոնալին», բնապահպանության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե հատուկ ուշադրություն այս կազմակերպությանը դարձվո՞ւմ է, բայց պարզվում է, որ հատուկ ուշադրություն այս կազմակերպությունը չի ստանում: Իսկ վերջերս, օրինակ, մամուլում հոդված տպագրվեց, որտեղ նշվում էր, թե ինչպես է մի որսորդ Եղեգիսի կիրճում բեզոարյան այծ որսացել: Մեկ այլ հրապարակման համաձայն էլ, ռուսական «Այբեկս» ընկերությունը հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի որսեր է կազմակերպում Հայաստանում, իսկ Վայոց Ձորի մարզը հայտնի է այս կենդանատեսակներով: Նկատենք, որ այս հրապարակումներում հաճախ կոնկրետ ինտերնետային կայքերի անուններն են նշում, որոնք վտանգված կենդանատեսակների որս են առաջարկում:
Պարզվում է, բնապահպանության նախարարությունը աչքաթող չի արել այդ կայքերը: «Ինչ վերաբերում է ինտերնետային կայքերում տեղադրված նկարներին, հայտնում ենք, որ պատկերվածը հայկական մուֆլոն չէ, այլ ՀՀ-ում գոյություն չունեցող կենդանատեսակ, ինչը ակնհայտ երեւում է եղջյուրների տեսքից»,- հավաստիացնում է բնապահպանության նախարարությունը: Ուրեմն, պետք է ենթադրել, որ տուժողը Հայաստանի կենդանական աշխարհը չէ, այլ այն խեղճ ու անգետ որսորդները, որոնք հազարավոր դոլարներ են ծախսում, գալիս Հայաստան եւ որսում գիտությանն անհայտ կենդանի:
Մի՞թե մեր իրավապահների համար այդքան դժվար է գտնել այդ կայքերը ստեղծողներին եւ կազմակերպություններին, նրանց պատասխանատվություն ենթարկել կամ առնվազն կանխել նրանց գործունեությունը: Բնապահպանության նախարարությունը, սակայն, այդպիսի բաներ չի անում: «Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի տարածքները, որտեղ առավել տարածված են ՀՀ Կարմիր գրքում գրանցված եւ որսի օբյեկտ հանդիսացող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզորարյան այծ, կովկասյան գորշ արջ եւ այլն) գտնվում են բնապահպանական պետական տեսչության ինչպես տարածքային, այնպես էլ հանրապետական համապատասխան տեսուչների ամենօրյա տեսուչների վերահսկողության տակ»,- պնդում է բնապահպանության նախարարությունը:
Որսագողերը նույնպես, ինչպես երեւում է, նախարարության աչալուրջ հսկողության ներքո են. «Արդյունքում Սյունիքի մարզում հայտնաբերվել է բեզոարյան այծի ապօրինի որսի երկու դեպք: Մեղավորները ենթարկվել են քրեական պատասխանատվության եւ վերականգնել են բնությանը պատճառած 6 մլն դրամը»: Բայց դե իհարկե, խնդիրը ոչ թե մեկ-երկու որսագողի բռնելն է, այլ երեւույթի դեմ պայքարելը, որի մեջ ի դեպ, մտնում է նաեւ որսասեր պաշտոնյաների նկատմամբ վերահսկողություն սահմանելը:
Դեկտեմբեր 10, 2009
