ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱրմԻնֆո

Խոսրովի արգելոցում կգործի զբոսաշրջության կենտրոն: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտնեց  WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրվում է կենտրոնը բացել  Խոսրովի արգելոցի կենտրոնական հատվածում: «Այստեղ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն ստանալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, այլ նաեւ ցանկության դեպքում մնալ` գիշերելու»,- ասաց Կարեն Մանվելյանը:

ՎՈՐՈՆՑՈՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ «ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆՅԱ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ»

Հասմիկ Դիլանյան, «Ռադիոլուր»


«Խոսրովի արգելոցի անցյալը, ներկան եւ ապագան»: Այս խորագրով այսօր  համաժողով է կազմակերպվել, որտեղ արգելոցի պատասխանատուներն ու բնապահպանները միասին են փորձել վերհանել արգելոցում առկա հիմնախնդիրները: Խոսրովի արգելոց Պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Վորոնցով Բարսեղյանը «Ռադիոլուր»-ին հավաստիացրել է, որ ոչ անցյալ, եւ ոչ էլ այս տարի իրենց արգելոցում իրավախախտման որեւէ դեպք չի գրանցվել: Նրա այս դիտարկմանը, կրկին «Ռադիոլուր»-ի խնդրանքով արձագանքել է Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Խոսրովի Արգելոցի տնօրենը նաեւ վստահեցրել է, որ բարձրաստիճան եւ ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա արգելված տարածքում որսորդությամբ զբաղվել:

Արդեն քանի տարի է, ինչ բնապահպաններն անընդհատ դժգոհում են` Հայաստանում բնության պահպանման հետ կապված հիմնախնդիրները շատ-շատ են: Ամենուրեք հատվում են ծառեր, ու ողջ հանրապետությունը կանգնած է էկոլոգիական վտանգի առջեւ: Ժամանակ առ ժամանակ ուշադրության կենտրոնում են հայտնվում պետական խոշոր արգելոցները: Այդպիսիք մեր երկրում երեքն են` Խոսրովի պետական արգելոցը Արարատի մարզում, Երեւանից մոտ տասը կմ հեռավորության վրա գտնվող Էրեբունի արգելոցը եւ Սյունիքի մարզում գտնվող Շիկահողի արգելոցը:

Խոսրովի արգելոցում հանդիպում է 283 տեսակ ողնաշարավոր կենդանի: Արգելոցում հանդիպող գիշատիչներից ամենամեծը գորշ արջն է: Այն գրանցված է նաեւ Կարմիր գրքում: Արգելոցի տարածքը հարուստ է նաեւ պատմամշակութային համալիր կառույցներով: Ամեն տարի այստեղ հաճախում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Անցյալ տարի նշվեց Խոսրովի արգելոցի հիմնադրման 50-ամյակը: Խոսրովի արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Վորոնցով Բարսեղյանից փորձեցինք տեղեկանալ, թե իրավախախտման քանի դեպք են իրենք արձանագրել այս տարի:

Պարզվեց. «Խախտումներ չկան, անցյալ տարի էլ, նախորդ տարի էլ չի եղել, քանի որ արգելոցը հսկվում է շուրջօրյա գրաֆիկական հերթապահությամբ: Տուգանք նախատեսված է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական աշխարհի վերաբերյալ: Տուգանքի ցանկը հաստատված է կառավարության կողմից»:

Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի դիտարկմամբ, ընդհանուր առմամաբ, արգելոցն այնքան էլ վատ վիճակում չէ, սակայն, ասել, որ հիմնախնդիրներ չկան, ճիշտ չի լինի:

Արդյո՞ք այնքան լավ են աշխատում արգելոցում, որ վերջին տարիներին ծառահատման կամ որեւէ այլ իրավախախտման դեպք չի գրանցվել, հարցրեցինք Կարինե Դանիելյանին. «Մոնիտորինգ պետք է անել, որ ասենք ճիշտ է, թե՞ ոչ: Մենք պահպանվող տարածքների աշխատակիցներին վստահում ենք»:

Այդուհանդերձ, բոլորս էլ տեղյակ ենք, որ մեր գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների նախասիրությունների ցանկի առաջին հորիզոնականում որսորդությամբ զբաղվելն է: Խոսրովի արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենը խոսակցություններն այն մասին, որ իրենց արգելոցը նույնպես պաշտոնյաների հանգստի ու ժամանցի վայրն է, հետեւյալ կերպ բնութագրեց. «Ոչ մի պաշտոնյա, կարծում եմ այդ մասին ավելորդ կլինի ասել, իրեն երբեւէ թույլ չի տա, արգելոց մուտք գործի եւ իրավախախտում թույլ տա: Դրսի կամ պատի տակի խոսակցությունները երբեւէ թող չմասնավորվի»:

Այս տարվա նոյեմբերի 18-ին Մյասնիկյան պողոտայում հնչած կրակոցներից սպանվեց «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի տնօրեն, 1958 թվականին ծնված Սամվել Շաբոյանը: Ինքնաձիգից կրակահերթ էին արձակել Շաբոյանի ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ: Նա նստած է եղել մեքենայի ետեւի աջ նստատեղին եւ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Վորոնցով Բարսեղյանը հույս ունի, որ նախաքննությունը նոր մանրամասներ կբացահայտի: «Կարծում եմ, դեռ քննության շըջանում կբացահայտվի որոշ պատճառներ ու հանգամանքներ, այդ ուղղությամբ չեմ կարող ոչինչ ասել, դա իրավապահների գործն է: Առայժմ ձերբակալված է երկու հոգի»:

ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻՆ

Aysor.am


Երևանում Բնության համաշխարհային հիմնադրամի հայասատնյան մասնաճյուղը և մի խումբ հասարակական կազմակերպություններ նախաձեռնել էին «Խոսորովի անտառ» պետական արգելոցին նվիրված համաժողով:

«Խոսրովի արգելոցը` իր յուրահատկությունների շնորհիվ, միակն է ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասի էկոտարածաշրջանում: Անկասակած այն յուրահատուկ է Հայաստանի Հանրապետության հատուկ պահպանվող տարածքների շարքում»,- իր խոսքում նշեց «Խոսորվի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը և հավելեց, որ արգելոցում տարածված են 1849 տեսակի բարձրակարգ բույսեր, իսկ ֆլորան ներկայնում է 24 էնդեմիկ տեսակներով:

Վ. Բարսեղյանը նաև տեղեկացրեց, որ արգելոցի տարածքում կան հազվագյուտ տեսակի բուսատեսակներ, որոնց մի մասը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա արգելոցի տնօրենը նշեց, որ անողնաշարավոր կենդանիների ֆաունան ներկայացված է շուրջ 1500 տեսակով, հանդիպում է նաև ողնաշարավոր կենդանիների 283 տեսակ:

Վորոնցով Բարսեղյանը նաև նշեց, որ արգելոցում որսագողության դեպքերը մեծ չափերի չեն հասնում, սակայն հիմնախնդիր կա և սպառնում է հատկապես Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակներին:

«Արգելոցի տարածքում էական անտառահատումներ չկան, սակայն անասունների արածեցումը և խոտհունձը ռեժիմի հիմնական խախտումներից են»,- շեշտեց Վ. Բարսեղյանը:

Արգելոցի տնօրենը անդրադարձավ տնօրինության տրամադրության տակ գտնվող տրանսպորտային միջոցներին և ընդգծեց, որ պետական բյուջեի տեխնիկական աջակցությամբ արգելոցին հատկացվել է 1 «Ուազ» մակնիշի մարդատար և մեկ «Զիլ» մակնիշի մեքենա, իսկ 2009 թ.-ին համալրվել է ևս 3 միավոր տեխնիկայով:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները, հիմնականում, անհանգստացած էին Խոսորվի անտառի բուֆերային գոտում գյուղատնտեսական և այլ նպատակներով տարածքների տրամադրման, որսագողության, արգելոցի սահմանների պահպանման և մի շարք այլ հարցերով:
 
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 27 ՕՐ ՀԵՏՈ

Սոնա Հարությունյան, Հրապարակ

Ճիշտ 27 օր է անցել Խոսրովի պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունից: Հիշեցնենք, որ Սամվել Շաբոյանը սպանվել էր նոյեմբերի 19-ին, ժամը 00։55-ի սահմաններում. Մյասնիկյան պողոտայի վրա նրա ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթ էր բացվել անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայից: Մահացու 30 գնդակ էր դիպել ավտոմեքենայի հետեւի աջ նստելատեղին նստած Ս. Շաբոյանին: Ըստ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, Շաբոյանի սպանության հետ կապված բոլոր հանցագործները ձերբակալված են:

Իսկ երեկ  «Խոսրովի անտառ պետական արգելոց. անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով համաժողովում տեղեկացանք, որ արգելոցի նոր տնօրեն է նշանակվել Վորոնցով Բարսեղյանը, որը մինչ այդ աշխատում էր փոխտնօրենի պաշտոնում: Բարսեղյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ նախկին տնօրեն Շաբոյանի սպանության վերաբերյալ: Նա, իր խոսքով, չէր էլ սպասում, թե կնշանակվի թափուր  պաշտոնին. «Ես ոչ մի նպատակ եւ հավակնություններ չեմ ունեցել,- ասաց նա,- նոր պաշտոնում շատ փոփոխություններ չկան: Պարզապես պետք է շարունակել վարել ճիշտ մշակված գիտական քաղաքականություն: Ես 33-34 տարի աշխատում եմ այս ոլորտում»: Բարսեղյանի նշանակումը կարեւորեց նաեւ «ԲՀՀ (Բնության համաշխարհային հիմնադրամ) Հայաստան»-ի տնօրեն Կարեն Մանվելյանը. «Շատ կարեւոր է, որ այս պաշտոնին նշանակվեց հենց պարոն Բարսեղյանը: Բազմաթիվ մարդկանց անուններ էին տալիս, բայց կատարվեց շատ ճիշտ ընտրություն: Ընտրվեց փորձառու մասնագետ»:

Համաժողովում բազում խնդիրներ առաջ քաշվեցին՝ կապված պետական արգելոցի հետ, որոնցից կարեւորեցին հատկապես արգելոցի տարածքի սահմանների վերջնական ճշգրտումը, մասնագիտական կադրերի ավելացումը, արգելոցին կից բուֆերային գոտում առանձնատների կառուցումը եւ արգելոցի հարակից տարածքները վարձակալության տալը: «Իհարկե, բազմաթիվ արգելքներով են տրվում այդ տարածքները»,- ասաց արգելոցի նորանշանակ տնօրենը: Դա արվում է էկոտուրիզմի զարգացման համար: Բայց ակնհայտ է, որ նրանց վարած գործունեությունը վնասում է արգելոցին: Արգելոցի պահպանության հարցում շատ կարեւոր է  աշխատակիցների աշխատավարձը, ինչի չափազանց ցածր լինելը, բնականաբար, անդրադառնում է նրանց աշխատանքի որակի վրա: Լրագրողներից մեկի հարցին, թե վերջին մեկ տարվա կտրվածքով քանի խախտում է գրանցվել, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում ոչ մի խախտում չի գրանցվել: Արգելոցի տարածքում կատարվող յուրաքանչյուր անօրինական գործողություն ենթարկվում է քրեական պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարին վարազ սպանելու համար աշխատանքից ազատվել էր Խոսրովի անտառի Կաքավաբերդի հատվածի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը: Վարազի սպանության դեպքը տեսագրվել ու ցուցադրվել էր Հանրային հեռուստատեսությամբ, իսկ սպանողը պատժվեց՝ վճարելով ընդամենը 1 միլիոն դրամ տուգանք:

Դեկտեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր