

ԷկոԼուր
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ մայիսի 22-ին Հայաստանի բնության պետական թանգարանում WWF-Հայաստանը ցուցադրեց «Արջի վերադարձը բնություն» ֆիլմը, որը հիմնված է փոքրիկ Մաշա արջի մասին իրական պատմության վրա:
2012 թվականի աշնանը ՀՀ Վայոց ձորի մարզում բնակիչները գտել էին արջի քոթոթին և հանձնել նրան տեղի բնապահպանական տեսչությանը: Տեսչությունն էլ իր հերթին հանձնել էր արջուկին WWF -Հայաստանին: WWF-Հայաստանը WWF-Գերմանիայի աջակցությամբ իրականացրել է Մաշա արջուկի խնամքը և 2013 թվականի հունիսին, երբ լրացել է նրա մեկ տարին, բաց է թողել Մաշային վայրի բնություն:
Ֆիլմում պատկերված է, թե ինչպես են տարբեր մասնագետներ խնամում և մեծացնում Մաշային, այնուհետև վերադարձնում նրան մայր բնությանը: «Վերադարձը բավականին ռիսկային էր, և մենք գնացինք այդ ռիսկին, քանի որ ունեինք հնարավորություն հետևելու նրան բարձր տեխնոլոգիաների շնորհիվ: Կար մտավախություն, որ նա կմոտենա համայնքներին և խնդիրներ կառաջացնի, սակայն Մաշան իրեն լավ դրսևորեց և դեկտեմբերի 1 -ից գնաց ձմեռացման»,- պատմեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը Կարեն Մանվելյանը:
Վայրի բնության մեջ Մաշայի մենակ մնալը, ըստ Կարեն Մանվելյանի, հետևանք էր, որ միգուցե այս արջի մայրիկին ինչ-որ մեկը սպանել է՝ թողնելով նրան առանց ծնողների: «Եթե նա մնար բնության մեջ, նա չէր ապրի գիշատիչների կամ մարդ-գիշատիչների պատճառով, կամ պետք է տեղափոխվեր և ամբողջ կյանքում ապրեր վանդակում,- ասաց Կարեն Մանվելյանը եւ հավելեց,- Սա բացառիկ պատմություն է և ապացույցն է նրա, որ ավելի լավ է արջն ապրի բնության մեջ և, ընդհանրապես, կենդանին իր կյանքով ապրի, մարդն էլ իր»:
Բացի ֆիլմի ցուցադրությունից WWF-Հայաստանը կազմակերպել էր նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում արված կենդանիների լուսանկարների ցուցահանդես:
Մայիս 22, 2014 at 18:41












