

ԷկոԼուր
«Նախ պետք է տեսնենք, որ պետությունը ուզում է պահպանել «Սեւան» ազգային պարկը որպես ազգային պարկ, նոր մենք կսկսենք այնտեղ աշխատելը»: Այս մասին մայիսի 21-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ազգային համակարգող Արման Վերմիշյանը: Վերջինս նշեց նաեւ, որ ջրբացթողումների եւ ձկնաբուծության զրագացման հետ կապված կառավարության այս վերջին որոշումներն անհեթեթ իրավիճակ են ստեղծել Սեւանա լճի համար, որ Հիմնադրամը սպասում է պետության հետագա քայլերին:
«Սեւանը մեր հետաքրքրությունների շրջանակում է: Մենք պլանավորում էինք Սեւանում աշխատել, պլանավորում էինք սկսել կառավարման պլանից, բայց երկու տեսանկայունից ենք մենք նայում` մեր աշխատանքները որտեղ ծավալենք, ընդհանուր կառավարումը ինպես է իրականացվում, ինչ խնդիրներ կան կառավարման հետ կապված եւ երկրորդը` ֆինանասական հարցեր… Ամեն տարի մոտ 60 միլիոն դրամ էր արժենում այդ մանրաձուկը Սեւանա լիճ լցնելը, այսինքն, սատցվում է, որ դա անիմա՞ստ էր… Այս պարագայում մենք մի քիչ զգուշանում ենք ներդրումներ անել»,- ասաց Արման Վերմիշյանը:
Բության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մավելյանն էլ կարծում է, որ Սեւանա լճի հարցը լուծելու համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ: «Պետք է վերանայել ազգային պարկի թե՛ սահմանները, թե՛ արգելավայրերը եւ համապատասխան փաստաթղթեր եւ կառավարման պլան մշակել, որը հստակ ցույց կտա, թե ինչպես պետք է Պարկը կառավարվի, եւ հետո CNF-ն էլ, մյուս կառույցներն ել կարող են աջակցել, որ, իրոք, այն պահպանվի»,- ասաց նա` հավելելով, որ ստեղծված հանձնաժողովները, որպես մոտեցում, չեն աշխատում: Կարեն Մանվելյանի խոսքով` խնդիրներ կան նաեւ ձկների բազացման հետ կապված: «Մանրաձուկը բաց են թողնում, բայց ձկնուղիները, այդ գետերը փակ են։ Կա՛մ ժողովուրդն է բռնում, կա՛մ ՀԷԿ-եր են սարքում, անիմաստ է դառնում… այդ գումարը ծախսում են, իշխանը բաց են թողնում, եթե մեծանա, պետք է գնա ձվադրման` չի կարող»,-նկատեց նա:
Ըստ Կարեն Մանվելյանի՝ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է գոնե փոխել «Սեւան» ազգային պարկի կարգավիճակը` ստեղծելով առանձին պահպանվող տարածքների խումբ, որը կկառավարվի մեկ սուբյեկտի կողմից:
Նշենք, որ Սեւանա լճի պահպանման համար ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը: Բացի այդ Սեւանը պաշտպանված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: Սակայն, այս ամենով հանդերձ այսօր Սեւանա լիճը լուրջ վտանգի առջեւ է կանգնած:
Մայիս 23, 2014 at 15:38
