Գալուստ Նանյան, 'Հայաստանի Հանրապետուտյուն՚ օրաթերթ
Պահպանե՞լ, փրկե՞լ, թե՞ …որսալ
Աշխարհի 25 առանձնացված տարածաշրջաններից Կովկասը նույնպես համարվում է թեժ կետերից՝ իր կենդանական աշխարհի 500 ներկայացուցիչներով եւ բուսական 3500 տեսակներով։ Դրանց մեծ մասը գրանցված է միջազգային Կարմիր գրքում։
Բնապահպանները դրանցից են համարում հայկական մուֆլոնը եւ բեզոարյան այծը։ Օրինակ, հայկական մուֆլոնի հայրենիքը (որը աշխարհում հայտնի է որպես վայրի ոչխարի տեսակ) համարվում է հենց Հայկական լեռնաշխարհը։ Հայկական մուֆլոնների եւ բեզոարյան այծերի հիմնական բնակավայրերը Հայաստանի տարածքում սկսվում են Խոսրովի արգելոցից եւ տարածվում մինչեւ Վայոց ձոր ու Զանգեզուրի լեռնաշղթա։
Դեռ անցյալ տարի միջազգային ծրագրերից մեկով Հայաստանում սկսվեց այդ կենդանու հաշվառումը, որի մի փուլը կավարտվի այս աշնանը եւ, հավանաբար, կունենա շարունակություն։ Ներկայում հաշվառվել է ընդհանուր առմամբ 150—160 հատ։
Մասնագետներն անհանգստացած են, որ եթե մինչեւ հաշվառման ավարտը այս տեսակի գլխաքանակը չգերազանցի 300—400—ը, դա կնշանակի, որ անհապաղ պետք է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն այս տեսակը փրկելու համար։
«Կարծիք կար, որ քանի որ Նախիջեւանի կողմը տաք է, մուֆլոնը Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին է անցկացնում ձմեռը։ Սակայն մեր փորձագետները հայտնաբերեցին, որ մի քանի պոպուլացիաններ մնում են Հայաստանում ձմեռելու»,–ասում է բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը։
Հաշվարկների համաձայն՝ բեզոարյան այծերի քանակը կազմել է 1000 հատ։ Դրանք ավելի շատ նկատվում են Եղեգիսի կիրճում (Վայոց ձորի մարզ), Խոսրովի արգելոցում եւ Սյունիքի մարզի որոշ տարածքներում։ Նախկինում դրանք բնակվել են մեր երկրի տարածքի մոտավորապես 70 տոկոսում, սակայն այսօր հայտնվել են թե Հայաստանի եւ թե միջազգային Կարմիր գրքում, եւ դրանց որսն արգելվել է ընդմիշտ։ Միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների ուսումնասիրություններով՝ տարեկան մեր «որսորդների» թեթեւ ձեռքով որսվում է 300 բեզոարյան այծ։
Դեռ մեկ— երկու տարի առաջ մեր օրենսդիրները ընդունեցին կենսաբազմազանությանը վնաս հասցնողին պատժող տուգանքները, եւ, օրինակ, մուֆլոն եւ բեզոարյան այծ որսալու դեպքում օրինազանցը պետք է մուծի մինչեւ 6000 ամերիկյան դոլար։
Նշենք, որ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման չափերի մասին ՀՀ օրենքով կենդանական աշխարհի նկատմամբ կատարված իրավախախտում չեն համարվում անձի կյանքին, առողջությանը կամ սեփականությանը սպառնացող վտանգը վերացնելու նպատակով կատարված գործողությունները։ Նույն օրենքով սահմանվել են նաեւ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները։ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեքում՝ յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար սահմանվել է ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Օրինակ, առաջավորասիական ընձառյուծին, բեզոարյան այծին եւ հայկական մուֆլոնին օրենքը գնահատել է 6000 դոլարին համարժեք դրամ, ազնվացեղ եղջերուին եւ անդրկովկասյան գորշ արջին՝ 2000 դոլար, վայրի խոզին, զոլավոր բորենուն եւ այծյամին՝ 500 դոլար։
Վերջին երկու տարում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության համար գերակա խնդիր են կենդանական աշխարհի պահպանության խնդիրները, հատկապես ապօրինի որսի դեմ ուղված աշխատանքները։ Անցյալ տարի օպերատիվ աշխատանքներ իրականացնելուց հետո, ըստ տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի, Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է մեկ խոշոր որսագողության դեպք. «Մեկ քարայծի, երկու խոզի, փասիանի, քարակաքավի ապօրինի որսի արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է մոտ 15 մլն 500 հազար դրամի վնաս։ Գործը հանձնվել է մարզի դատախազություն, եւ ներկայում քրեական գործ է հարուցված։ Այս տարի հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք Մեղրիի տարածաշրջանում։ Տեղի երեք քաղաքացիների կողմից երկու քարայծի, մեկ այծամի որսի հասցրած ընդհանուր վնասը կազմել է 7 միլիոն 200 հազար դրամ»:
WWF—ի երեւանյան գրասենյակի ղեկավարը ասում է, որ շատ հաճախ որսորդները որսի միսը հանձնում են իրենց տարածքում առկա ռեստորաններին. «Անցած տարի ամռանը հյուսիսային շրջաններում մի քանի ռեստորանում ինձ առաջարկում էին արջի միս, մինչդեռ արջի որսը նույնպես արգելված է։ Հարավում առաջարկում են եղնիկի եւ բեզոարյան այծի միս։ Զարմանալի է, չէ, որ նման փաստերին ոչ մեկը ուշադրություն չի դարձնում»:
Ստվերային որոսորդության հետ կապված՝ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նույնպես հաստատեց, որ միանշանակ այն գոյություն ունի։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 27—րդ գլուխը վերաբերում է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, իսկ այդ գլխի 294—րդ հոդվածը՝ ապօրինի որսին, որի համար պատիժը սահմանված է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։
Ի դեպ, նույն օրենսգրքի 292—րդ հոդվածը վերաբերում է ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելուն։
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը «ՀՀ»—ին հայտնեց, որ դատախազությունում 2007 թվականի անցած 4 ամիսներին հարուցվել է 4 քրեական գործ, որից երեքը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի համաձայն, իսկ մեկը՝ 294 հոդվածով։
«Սաֆարի»—ի տարածքում բեզոարյան այծերը իրենց վատ չեն զգում: Ըստ Կ. Մանվելյանի, ներկայում կան մասնավոր տարածքներ, որտեղ մուտքը որսի համար արգելված է, որից մեկը Եղեգիսի կիրճը պահպանող «Սաֆարի» ՍՊԸ—ն է. «Ասեմ, որ բնությունը շատ շուտ է հատուցում, եթե տարածքում մարդկային գործոնը չի լինում, եւ արդեն 4—5 տարի է, ծրագիր է իրականացվում, եւ այնտեղ մոտ 10 անգամ աճել է բեզոարյան այծերի քանակը»:
«Սաֆարի» ՍՊԸ—ի տնօրեն Վարդգես Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում (ի դեպ, մի քանի օր առաջ նա նշանակվել է Վայոց ձորի մարզպետ) նշեց, որ իրենք արդեն 4 տարի է հսկում են 3000 հա տարածքը, որտեղ դեռ չորս տարի առաջ հաշվարկվել էին ընդամենը 25 բեզոարյան այծեր։ Իսկ այսօր այդ տարածքում իրենց հանգիստ կյանքն են վայելում ավելի քան 350 բեզոարյան այծեր։ Վ. Մաթեւոսյանը նաեւ հայտնեց, որ 4 տարիների ընթացքում այդ տարածքում «վերակագնվել է» նաեւ վայրի խոզը եւ արդեն, ըստ զրուցակցիս, մյուս տարի կլինի այնպես, որ տարածքում վարի խոզի ավելցուկ կունենան։
Բեզոարյան այծերի մասին խոսելիս Վ. Մաթեւոսյանը ոգեւորվում էր, երբ հիշում էր, որ իրենց են այցելել վրացի բնապահպաները եւ զարմացել, որ բեզոարյան այծերի խմբերը հանգիստ շրջում են 3000 հա տարածությունում առկա գյուղական համայնքերում։ Նա նաեւ հայտնեց, որ ընկերությունը նպատակ ունի զարկ տալու էկոտուրիզմին, ագրոտուրիզմին, ինչպես նաեւ՝ պատմամշակութային տուրիզմին:
Հուլիս 05, 2007
