ԲՈՒՅՍԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է

ԲՈՒՅՍԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է

Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Հանրապետությունում ավելանում է բուսատեսակների ու սերմերի արտահանումն ու ներմուծումը

Բույսերի շուկան կարծես թե վերջին տարիներին աշխուժացել է հանրապետությունում, հատկապես Երեւանում։ Բացվում են բույսերի եւ ծաղիկների համար նախատեսված վաճառակետեր։ Քանի որ վերջին տարիներին բարելավվել է մեր հասարակության կենսամակարդակը, նույն հասարակությունը ձգտում է գեղեցիկ հագնվել, կահավորել կացարանը եւ նույն կացարանը զարդարել դեկորատիվ սենյակային բույսերով ու ծաղիկներով։

Արդյո՞ք կանոնակարգված է բույսերի շուկան մեր երկրում, որտեղի՞ց են բերվում դրանք եւ ինչպե՞ս են վաճառվում, մեր երկիրը այս շուկայում հետաքրքրության արժանացե՞լ է, թե՞ ոչ։
«Բույսերի եւ բուսական արտադրանքի ներմուծման ժամանակ մենք առաջնորդվում ենք «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։ Հենց այդ օրենքի շրջանակներում է, որ բույսերի եւ բուսական արտադրանքի եւ դրանց պաշտպանության ապրանքների ներմուծման ու արտահանման ժամանակ պահանջվում է սահմանային կարանտին տեսուչի եզրակացությունը եւ թույլտվությունը տվյալ ապրանքների ներմուծման ժամանակ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործերի կատարելագործման բաժնի պետ Գագիկ Քառյանը։

«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում սահմանված կարգով «կան որոշակի երկրներ, որոնք մեր երկիր ապրանք ուղարկելուց առաջ նախապես պահանջում են մեր համաձայնությունը եւ թույլտվությունը»,– ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը եւ հավելում, որ, օրենքի համաձայն, դա իրենց կողմից ներմուծող եւ արտահանող կազմակերպություններին տրամադրվում է 10 օրվա ընթացքում, որի մեջ ընդամենը նշվում է. «Բուսական ծագում ունեցող ապրանքը մեր երկիր իր հետ չպետք է բերի ինչ–որ հիվանդություն կամ վնասատուներ, իսկ եթե դրանց առկայությունը բացահայտվի մեր սահմանում, ապա բեռը չի ներկրվի երկիր»:

Բուսական ապրանքը հասնելով սահմանակետ՝ մեր տեսուչը մաքսավորի եւ բեռի տիրոջ հետ բացում է բեռը, ուսումնասիրում տեսականորեն, այնուհետեւ վերցնում նմուշ. եթե կասկածելի բան են տեսնում, նմուշն ուղարկում են լաբորատորիա, իսկ եթե կասկածելի ոչինչ չկա, ապա մաքսատնից բաց է թողնվում։ «Սակայն, երբ բեռը գալիս է հասցեակետ, նորից մեր այնտեղի տեսուչը մաքսավորի հետ բացում է բեռը, կատարում նմուշառում, ուղարկում լաբորատորիա, որի պատասխանն ստանալուց անմիջապես հետո տալիս հավաստագիր եւ կատարվում են մյուս մաքսային ձեւակերպումները»,–ասում է Վ. Գյուլզադյանը։
Բայց եթե երեւանյան լաբորատորիայում նմուշի մեջ հայտնաբերվում է կարանտին օբյեկտ, ապա իրենք նմուշը, ըստ բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետի, իրավունք ունեն 3 ամիս պահել իրենց մոտ լաբորատորիայում, որպեսզի եթե դատարանի կամ պատասխանատվության հարց լինի, փաստ ունենան, որից հետո ոչնչացվի։ Իսկ եթե այդ ծավալները չեն ոչնչացվում, ապա պետք է երկրից անմիջապես հեռացվեն այնտեղ, որտեղից ներմուծվել են։

«ՀՀ»—ին հայտնի դարձավ, որ տարբեր մշակաբույսեր կամ տարբեր ապրանքներ ոչնչացման իրենց եղանակներն ունեն, ինչը կատարվում է ապրանքի տիրոջ համաձայնությամբ եւ նրա ծախսերով, իսկ եթե տերը չի համաձայնվում ոչնչացնել, ապա նա պարտավորվում է երկրի տարածքից դուրս բերել։

Վ. Գյուլզադյանը մեզ պատմեց, որ անցյալ տարի Վրաստանից Հայաստան է բերվել խաղողի 66 հազար տնկի, որոնք վարակված են եղել ֆիլոքսերայով. «Սակայն մենք Երեւանից հետ վերադարձրեցինք Վրաստան»:

Պետական տուրքերի մասով զրուցակիցս հայտնեց, որ դա մնացել է միայն փայտի արտահանման վրա, որի նպատակն է, որ երկրից փայտի արտահանում չիրականացվի։
«Մեր երկրից փայտ կարելի է ասել համարյա չի արտահանվում։ 1 խմ—ի համար պետությունը սահմանել է 10 հազար դրամ պետ տուրք։ Փայտի արտահանման տուրքի գումար է մուծում միայն «Արմենալ» ընկերությունն իր արտադրանքի փայտե կաղապարների արտահանման համար»:

Ինչպես նշեց պրն Գյուլզադյանը, հավաստագիրը տրվում է անվճար, բայց մինչ այդ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների նմուշառման, զննման, դիտարկման, լաբորատոր ուսումնասիրությունները վճարովի ծառայություններ են, որոնց վճարները գանձվում են Բույսերի պաշտպանության եւ կարանտին ՊՈԱԿ—ի կողմից։

Օրինակ, եթե 2005 թվականին 6472 հավաստագրերից՝ 5436—ը եղել է ներմուծման համար, իսկ 1036—ը արտահանման, ապա 2006 թվականին միայն հիշյալ տեսչությունը 7134 ներմուծման եւ արտահանման թույլտվության հավաստագիր է տրամադրել, որից 5691—ը՝ ներմուծման, իսկ 1443—ը՝ արտահանման։
«2007 թվականի վեց ամիսներին մենք արդեն հասցրել ենք տրամադրել ավելի քան 3200 հավաստագիր, որից 2764—ը արտահանման, իսկ, իսկ 436—ը ներմուծման համար»,–ասում է Վ. Գյուլզադյանը։
Ապօրինի ներմուծման 2 նման դեպք է գրանցվել 2006 թվականի առաջին կիսամյակում, 2 դեպք էլ գրանցվել է այս տարի, որի ընթացքում օրինախախտը փորձել է Հայաստան ներմուծել եղեւնու կանաչ ճյուղեր եւ տեսակավոր 5 հատ բույս։

«Եթե Հայաստան են փորձում ներկրել ծառի տնկիներ եւ սերմեր, ապա դրանք նույնպես փորձաքննության պետք է ենթարկվեն, որովհետեւ նրանց մեջ եւս կարող են պարունակվել վնասակար բացիլներ. դա կարգավորվում է նույն օրենքով»,– ասում է Վ. Գյուլզադյանը։
Հայաստանից փոքր ծավալներով Վրաստան է արտահանվում սոխի եւ ռեհանի սերմ։

Մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից «ՀՀ»—ին հայտնեցին, որ եթե 2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 147 տոննա կանաչ բույսեր, տերեւներ եւ ճյուղեր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 156 տոննա։ «Դրանք հիմնականում մեր երկիր են ներմուծվել Վրաստանից, Նիդեռլանդներից եւ Իրանից»,–հայտնեցին կոմիտեից։

Գյուղնախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունից «ՀՀ»—ին տրամադրված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականի հունվար–հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 14 հազար 300 տնկանյութ եւ 139 հազար 689 կտրած ծաղիկ եւ կտրոն, որից 53 հազար 751 հատը միայն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։

Նույն աղբյուրի համաձայն՝ այդ ժամանակահատվածում մեր երկիր է ներմուծվել 386 հազար 666 հատ տնկանյութ, 163 հազար 137 հատ սածիլ եւ սոխուկներ, որից 30 հազար 675 հատը օդային ճանապարհով, 258 հազար 266 հատ կտրոն եւ կտրած ծաղիկ, որից 6 հազար 509 հատը օդանավակայանով, 131,4 տոննա ծաղկի եւ խոտաբույսի սերմ, որից 0.6 տոննան նույնպես օդային տրանսպորտով, իսկ 2 տոննան՝ Մեղրիի անցակետով։ 6 հազար 657 հատ թաղարային բույսերի 2 հազար 173 հատը մեր երկիր է հասել ինքնաթիռով, իսկ 91 հատ կտրած եղեւնի ցամաքային ճանապարհով։ Դեկորատիվ կանաչի ծավալները կազմել են 159,9 տոննա, որից 1,7 տոննան Հայաստան է հասել օդայինով, 8,8 տ. Բագրատաշենի, 8 տոննան՝ Բավրայի, իսկ 0,2 տոննան՝ Գոգավանի անցակետերով։

Հ. Գ. Հավելենք նաեւ, որ բուսասանիտարական հավաստագրերը չեն վերաբերում մեր քաղաքացիների կողմից երկրից արտահանվող եւ երկիր ներմուծվող մինչեւ 50 կգ եւ 150 հազար դրամը գերազանցող ապրանքներին։ Սակայն եթե յուրաքանչյուրս տեղափոխի դեկորատիվ կամ սենյակային բույս, հավաստագրի առկայությունը պարտադիր է, որովհետեւ առանց իմանալու կարող ենք վարակված բույս բերել Հայաստան:

Սեպտեմբեր 05, 2007


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր