Ներկարարը դարձավ 2015 թվականը խորհրդանշող թռչուն

Ներկարարը դարձավ 2015 թվականը խորհրդանշող թռչուն

ԷկոԼուր

2015 տարին խորհրդանշող թռչնատեսակ է ընտրվել Ներկարարը (Coracias garrulus): Ներկարարի հետ միասին տարվա թռչունը տիտղոսի համար մրցակցում էին Տնային բվիկը, Գիշանգղը, Սև կեռնեխը և Սև մանգաղաթևը։ Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է  «Տարվա թռչուն 2015» կրթական ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Հայաստանի թռչունների պահպանման միությունը»։ Քվեարկությանը մասնակցել է 2123 հոգի Երևանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Արդյունքում Ներկարարը հավաքել է 1037 ձայն, Գիշանգղը՝ 337 և Տնային բվիկը՝ 334 ձայն:

Այսպիսով, «Տարվա թռչուն 2015» կրթական ծրագրի շրջանակներում «Հայաստանի թռչունների պահպանման միությունը» Հայաստանի բնակչության ուշադրությունը կսևեռի Ներկարարի եւ նրա բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ողջ տարվա ընթացքում կանցկացվեն հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաեւ կտարածվեն տպագրանյութեր Ներկարարին առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

Ներկարարը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, գնահատվում է որպես «Խոցելի»: Պահպանվում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով: Բնության մեջ կարելի է ճանաչել Ներկարարին շնորհիվ իր հզոր կտուցի, ուժեղ ոտքերի և մեծ թափահարողների: Ներկարարն ունի բավականին վառ և գունագեղ փետրավորում, որում գերակշռում են երկնագույն և կանաչ գույները: Ունի սուր ճռացող ձայն: Լայնորեն տարածված է Եվրոպայում  և  ձմեռում է Աֆրիկայի հարավում:

Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ապրիլ ամսվա երկրորդ կեսից: Ներկարարը չի խուսափում մարդու ներկայությունից, սակայն ցուցաբերում է որոշակի զգուշավորություն: Ներկարարները համարվում են բացառապես միջատակերներ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ աշնանը կարող են սնվել հատապտուղներով և սերմերով, հազվադեպ կարողանում են որսալ մողեսների և կրծողների:   Ներկարարը բնադրում է փչակներում, պատերի ճեղքերում,  ավազոտ կամ կավե զառիթափերի փորվածքներում: Դնում է 4-5 ձու, ձագերի կերակրմամբ զբաղվում են երկու ծնողները` կերակրելով նրանց մոտ մեկ ամիս:

Այս թռչնատեսակը աչքի է ընկնում նաև իր գյուղատնտեսական նշանակությամբ, քանի որ ոչնչացնում է բզեզներին և այլ միջատներին, որոնք անտառների և գյուղատնտեսական տարածքների վնասատուներն են: Հասուն առանձնյակը մեկ օրվա ընթացքում միջինում ուտում է 25, իսկ երիտասարդ առանձնյակները` մինչև 21 միջատ:

Հունվար 19, 2015 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր