Սյունիքի ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման համար ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման հարցը մնում է չլուծված

Սյունիքի ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման համար ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման հարցը մնում է չլուծված

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզում առկա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության համար ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կառավարման հարցը մնում է չլուծված:

Հայաստանում այս միակ  կենսոլորտային համալիրը ստեղծվեց 2013թ-ին, որն իր մեջ ընդգրկեց տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:

Կենսոլորտային համալիրի ստեղծման հիմնական պատճառներից մեկը ֆինանսն էր:  KfW գերմանական զարգացման բանկը պատրաստակամություն էր հայտնել 8.2 միլիոն եվրո տրամադրել Սյունիքում ԲՀՊՏ-ների զարգացման համար: Եւ ՀՀ կառավարությունը որոշեց միավորել Սյունիքի ԲՀՊՏ-ները հետեւյալ հիմնավորմամբ. «Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է  այն հանգամանքից, որ  ՀՀ Սյունիքի մարզում առկա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվում է տարբեր ՊՈԱԿ-ների կողմից, որը թույլ չի տալիս նվազեցնել պահպանման ծախսերը և ավելացնել հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանության ծախսերը: Ուստի, ծախսերն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի  հատուկ պահպանվող տարածքները կառավարվեն մեկ ՊՈԱԿ-ի կողմից»:

«Երբ ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, մեզ համար հարցերը շատ էին. արդյո՞ք արդյունավետ կլինի, թե` ոչ, ի՞նչ ձևով իրեն կդրսևորի այս նոր կազմակերպությունը և կառավարման, և տեխնիկական տեսանկյունից, որովհետև իրենից ներկայացնում է տարբեր կատեգորիաների, բավականին բարդ տարածաշրջանի տարբեր մասերում գտնվող տարբեր ԲՀՊՏ-ներ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Կովկասի Բնության Հիմնադրամի /CNF/ ազգային համակարգող Արման Վերմիշյանը:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծումից հետո` մինչ օրս KfW բանկից ֆինանսական միջոցներ դեռ չեն տրամադրվել: Համալիրը ստանում է ֆինանսական օժանդակություն Կովկասի Բնության հիմնադրամից: «Մենք անցյալ տարի մեկ տարվա պայմանագիր կնքեցինք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր  ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք շարունակելու աշխատանքը իրենց հետ: Բացի այդ, հաշվի առնելով կառավարման հարցերը, ֆինանսավորեցինք հետազոտություն և առաջարկեցինք՝ ինչպես կարող են փոփոխություններ արվել կառավարման համակարգում, որովհետև «Շիկահող»-ը, «Արևիկ» ազգային պարկը, «Սև լիճ»-ը` բոլորը, այնտեղ ունեն նույն մակարդակի կարգավիճակ, որը հենց սկզբից էլ հարցեր էր առաջացնում», - ասաց Արման Վերմիշյանը: CNF-ի առաջարկություններից մեկն այն էր, որն ԲՀՊՏ-երը շարունակեն մնալ որպես առանձին ՊՈԱԿ-ներ` առանձին իրավաբանական անձիք, իրենց համապատասխան պահպանման ռեժիմով: Ըստ Արման Վերմիշյանի` առաջարկությունները պաշտոնապես ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարություն, քննարկումներ են եղել, սակայն դեռևս արձագանք չկա:

«Նախարարությունը ևս փնտրտուքների մեջ է: Իրենք էլ են ուզում հասկանալ՝ ինչպես պետք է շարունակել, որովհետև, իսկապես, խնդիրները շատ-շատ են: Մենք այս տարի ևս մեկ տարվա պայմանագիր ենք կնքել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հետ և դրանով փակելու ենք ընթացիկ ծախսերը՝ մոտ 135 հազար եվրո գումարի չափով, և պետք է տեսնենք՝ ինչ արդյունքներ են լինում, որովհետև մեզ համար ևս «Զանգեզուր»-ը կարևորագույն ԲՀՊՏ է, բայց շատ հարցեր կան: Մենք հույս ունենք նախարարության հետ այս տարի քննարկել այդ հարցերը և ստանալ լուծումներ» - եզրափակեց Հայաստանում CNF-ի ազգային համակարգողը:



Ապրիլ 16, 2015 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր