Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են

Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են

ԷկոԼուր

Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ  ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ, իսկապես, Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են, բեղուն սերունդ է եղել նախորդ տարիների ընթացքում, որն արդեն համալրում է այդ պակասած պաշարները, սակայն առանց վերջնական գնահատականի մենք չենք կարող ասել, թե որքան է արդյունագործական պաշարը, եւ թույլ կտրվի որս, թե` ոչ, բայց փաստն առկա է, որ իսկապես սիգի պաշարներն ավելացել են»,- ասաց Էվելինա Ղուկասյանը: ԷկոԼուրի հարցին, թե ինչն է նպաստել սիգի բազմացմանը, Էվելինա Ղուկասյանը պատասխանեց. «Գոյություն ունի բեղուն սերունդ հասկացությունը: Պարզապես մի 2-3 տարի առաջ, իսկապես, Սեւանա լիճը համալրվել էր այդ բեղուն սերունդով, այսինքն, սիգը մեծ քանակի ձկնկիթ էր դրել, եւ դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ լճում ձկնագողությունը համեմատաբար ավելի պակասել էր, որովհետեւ ձկան քանակի կրճատման պատճառով այլեւս այդպես ինտենսիվ որս չէր կատարվում, եւ երկու գործոն` պակասած արդյունահանումը եւ բեղուն սերունդը տվեցին այս արդյունքը: Սակայն ասել, թե դրանք արդյունագործական պաշարներ են, թե` ոչ, ցույց կտան մեր տարեվերջյան հետազոտությունները»:

Հիշեցնենք, որ այս ամառ ՀՀ կառավարությունը 7624.3 հազար դրամ հատկացրեց ՀՀ բնապահպանության նախարարությանը Սևանա լճի ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում անցկացնելու համար: Որոշման հիմնավորման մեջ գրված էր. «Վերջին տարվա ընթացքում հիդրոակուստիկ դիտարկումները ցույց են տվել, որ Սևանա լճում տեղի է ունեցել սիգի մասսայական բազմացում, որի արդյունքում լճում հայտնվել է բեղուն սերունդ, իսկ օտարածին տեսակ կարասը և խեցգետինը, որոնք հայտնվել են լճում մոտ 30 տարի առաջ, շարունակում է  իր զարգացումը և ադապտացումը լճի պայմաններին: Սևանա լճի էկոհամակարգի կայուն զարգացման և իրավիճակը վերահսկելու համար անհրաժեշտ է ներկա վիճակի արդունագործական պաշարների` սիգի, կարասի և խեցգետնի պաշարների հաշվառման և գնահատման աշխատանքների իրականացում: Լճում այդ տեսակների պոպուլյացիայի չափատարիքային, սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան միջոցառումներ մշակել ձկան պաշարների օգտագործման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և պահպանելու միջոցառումների մշակման համար»:

Հոկտեմբեր 07, 2015 at 11:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր