Հյուսիսային Կովկասից անհետացած առաջավորասիական ընձառյուծը վերադառնում է իր ծննդավայր

Հյուսիսային Կովկասից անհետացած առաջավորասիական ընձառյուծը վերադառնում է իր ծննդավայր

ԷկոԼուր 

2016 թ-ի գարնանը կամ ամռանը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Կովկասի կենսոլորտային արգելոցի արևելյան հատվածում առաջին անգամ առաջավորասիական ընձառյուծներին բաց կթողնեն վայրի բնություն: Հյուսիսային Կովկասում առաջավորասիական ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագիրը իրականացնում են ՌԴ-ի Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությունը WWF-Ռուսաստանի հետ համատեղ:

Ծրագիրը քննարկվեց Կրասնոդարում տեղի ունեցած Միջազգային էկոլոգիական մամուլի ակումբի առաջին նիստի ժամանակ, որին մասնակցում էին Կրասնոդարի շրջանի և Ադիգեայի Հանրապետության բնապահպանական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև շրջանների ԶԼՄ-երի ներկայացուցիչները և Հայաստանը, այդ թվում նաև ԷկոԼուրը:

Լուսանկարը`www.wwf.ru կայքի:

2008-2009 թթ-ին Սոչիի ազգային պարկի բազայի վրա կառուցվել է առաջավորասիական ընձառյուծի բազմացման եւ վերականգնողական կենտրոնը: Կենտրոնի առաջին բնակիչները Թուրքմենստանից բերված երկու արուներն էին: 2010 թ-ին Իրանից Սոչի բերվեցին երկու էգեր: 2012 թ-ին Լիսաբոնի կենդանաբանական այգուց այստեղ բերեցին նաև ընձառյուծի զույգի:

«Ծրագրի նպատակը հավակնոտ է, քանի որ վերադարձնել կորցրած պոպուլացիան շատ բարդ է, -  նշեց WWF-Ռուսաստանի «Ռուսական Կովկաս» տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Վալերի Շմունկը: Կենտրոն բերված կենդանիները հանդիսանում են գենետիկորեն զտարյուն կենդանիներ, որոնք սերվել են վայրի առաջավորասիական ընձառյուծներից: Ներկայումս Կենտրոնում կա 13 կենդանի: Նրանց սերունդը, երեք երիտասարդ առանձնյակներ, բաց կթողնվեն բնություն: «Մեր կարծիքով՝ ընձառյուծի առկայությունը վայրի բնության մեջ առողջ էկոհամակարգի արտացոլումն է», - նշեց Վալերի Շմունկը: Նա տեսակետ հայտնեց, որ 2025-2030 թթ-ին բնության մեջ արդեն կարող է լինել 35-45 առանձնյակ:

Ընձառյուծն անհետացել է ռուսական Կովկասից 1920-ական թթ-ին մարդկային գործոնի արդյունքում: «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը պոպուլացիան վերականգնելու համար: Կերային բազան դա թույլ է տալիս, տարածքը նույնպես: Ժամանակին ընձառյուծն ապրել է այստեղ և պետք է վերադառնա իր ծննդավայր», - ասաց Կովկասի կենսոլորտային արգելոցի արևելյան բաժնի ղեկավար Վիկտոր Բուլգակովը: Նա նշեց, որ իրենք արդեն ունեն անհետացած տեսակի վերականգնման հաջողված փորձ. «Արգելոցն արդեն ունի նման փորձ: Մենք վերականգնել ենք վայրի ցուլի պոպուլացիան: 1920-ական թթ-ին սպանվել էր վերջին ցուլը, իսկ այսօր վայրի ցուլի պոպուլացիան կազմում է 900 գլուխ»:

Արգելոցի տարածքում որսագողության վերաբերյալ Վ. Բուլգակովը ասաց. «Իհարկե, կա որսագողություն: Քանի դեռ կան կենդանիներ, կլինեն նաև նրանց սպանել ցանկացողները, իսկ ահա թե ինչ հաճախականությամբ, կախված է տեսուչներից: Կգործադրենք մաքսիմալ ջանքեր` որսագողությունը կանխելու համար»:

Դեկտեմբեր 23, 2015 at 11:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր