2016 թվականից կսկսվեն Զանգեզուր կենսոլորտային համալիրի քարտեզագրման աշխատանքները

2016 թվականից կսկսվեն Զանգեզուր կենսոլորտային համալիրի քարտեզագրման աշխատանքները

ԷկոԼուր

2016 թվականից կսկսվեն Զանգեզուր կենսոլորտային համալիրի քարտեզագրման աշխատանքները: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանը:                                        

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստեղծվեց 2013 թ. և ընդգրկեց տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: Համալիրի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը խոստացել է 8.25 միլիոն եվրո տրամադրել:

«Մենք մեր գործողությունների պլանում մյուս տարի հստակ դրել ենք Զանգեզուր կենսոլորտային համալիրի քարտեզագրման աշխատանքների սկիզբը: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2017 թ-ին: Խոսքը մոտ 80.000 հեկտարի մասին է, ինչը բավականին մեծ տարածք է», - ասաց Կարեն Կիրակոսյանը:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի` KfW բանկը նախատեսում է առաջին գումարային փոխանցումները  կատարել 2016 թ-ի փետրվար-մարտ ամիսներին: «Սա ոչ միայն Զանգեզուր կենսոլորտային համալիրին ուղղված գումարն է: Այդ գումարի մեջ կա նաև սոցիալ-տնտեսական բլոկ համալիրին հարակից համայքների զարգացման համար: Մենք պետք է օգնենք մարդկանց և այնպիսի ծրագրեր իրականացնենք, որ ստեղծվեն աշխատատեղեր», - ասաց Կարեն Կիրակոսյանը:

Ի պատասխան հարցի՝ արդյոք ընդգրկված են հանքավայրեր համալիրի սահմանների մեջ, Կարեն Կիրակոսյանը պատասխանեց. «Մեր տարածքում հանքավայրեր չկան»:

Մեր կողմից նշենք, որ Զանգեզուրի կենսոլորտային համալիրի մեջ մտած ԲՀՊՏ-երի նախկին սահմանների համաձայն՝ Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտ 60%-ը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում, Լիճքի պղնձի հանքավայրը «Արեւիկ» ազգային պարկից հեռու է լինելու ընդամենը 780 մետր: Իսկ «Գեղի Գոլդ» եւ «Լեռ-Էքս» ընկերությունները նախատեսում են օգտակար հանածոներ որոնել Գեղի գետի ավազանում` «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 731 –Ն որոշումը, որով 630.6541 հեկտարով կրճատվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը: Մասնավորապես հողատարածքներ կրճատվեցին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի մեջ ընդգրկված   «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքներից:

Դեկտեմբեր 25, 2015 at 12:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր