

ԷկոԼուր
Սևանի իշխանի պոպուլյացիան Սևանա լճում շարունակում է գոյատևել ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան: Այս մասին 2015թ-ի տարեվերջին հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստում: Բարդուխ Գաբրիելյանը նշել է, որ, համաձայն փորձագիտական գնահատման, իշխանի պաշարները շարունակում են մնալ մոտավորապես նախորդ տարվա մակարդակին՝ մոտ 1-2 տոննայի սահմաններում: Առաջարկվել է ուժեղացնել իշխանի պահպանության հսկողությունը լճում, իսկ ձվադրման շրջանում` հատկապես գետաբերանների հատվածներում:
Անդրադառնալով սիգի պաշարներին` Բարդուխ Գաբրիելյանը հայտնել է, որ 2013-2015թթ. Սևանա լճում արձանագրվել է սիգի արդյունագործական պաշարների աճի միտում, ինչը նախորդ տարիներին բեղուն սերնդով պոպուլյացիայի համալրման արդյունքն է: Անկախ այդ փաստից նա առաջարկել է 2016թ. պահպանել այս ձկնատեսակի որսի արգելքը` ապահովելով լճում սիգի բնական վերարտադրության բարենպաստ պայմանները:
Բարդուխ Բաբրիելյանը տեղեկացրել է նաև, որ, ի տարբերություն նախորդ տարվա, 2015թ. լճում արձանագրվել է արծաթափայլ լճածածանի քանակի կրճատում, ինչը գերորսի արդյունք է: Սակայն, հաշվի առնելով Սևանա լճում այս ձկնատեսակի անցանկալի կարգավիճակը, նա առաջարկել է 2016թ-ին շարունակել այս ձկնատեսակի չսահմանափակված որսը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հունվար 08, 2016 at 14:27
