

ԷկոԼուր
Սեւանի ափերը շարունակում են ակտիվ կառուցապատվել: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննությունե ՊՈԱԿ փորձաքննության համար ներկայացվել է միանգամից երեք նոր նախագիծ Սեւանում հանգստի գոտիներ ստեղծելու համար:
Հանգստավայրերը տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի հետևյալ հասցեներում` Ծովազարդ համայնքի Սասունցի Դավիթ 4/1, Սևան –Ճամբարակ խճուղի 8.3 կմ թիվ 1, Սևան քաղաքի հանգստի գոտու 5-րդ փող. 11/1: Ինչպես նշված է բոլոր նախագծերում կառուցապատումը կիրականացվի 1905 մետր նիշից բարձր տարածքներում: Նախագծերում նկարագրված տարածքներում կա հարուստ բուսական և կենդանական աշխարհ:
Սևանա լճի ջրահավաք ավազանի ֆլորան ընդգրկում է անօթավոր բույսերի 1619 տեսակ: Հայտում կենդանական աշխարհի մասին գրեթե ոչինչ ասված չէ: Մեր կողմից նշենք, որ Սևանի կենդանական աշխարհին բնորոշ է երկկենցաղների 6 տեսակ, սողունների 17 տեսակ, թռչունների 267 տեսակ և կաթնասունների 34 տեսակ: Հենց այս կենսաբազմազանությունն էլ «Սևան» ազգային պարկում ենթակա է պահապանման, սակայն ոչ մի նախագծում ներկայացված չէ դրանց վրա իրական ազդեցությունը, միայն գրված է. «Հանգստի գոտու շինարարական աշխատանքները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կարող են թողնել տարածքի բուսական և կենդանական տեսակների վրա և կարող են արտահայտվել`
- շինարարական գոտում շինհրապարակի կազմակերպմամբ, որի արդյունքում հնարավոր է որոշ բուսատեսակների ոչնչացում և տեսակային կազմի աղքատացում,
- ցամաքային կենդանիների բնադրավայրերի և ձվադրավայրերի խախտմամբ,
- տարածքի աղտոտմամբ` շինհրապարակներում կուտակված շինարարական աղբով և վառելիքաքսայուղային նյութերով»: Այս ամենից հարց է առաջանում. իսկապես հատուկ պահպանվող տարածքներում նման աշխատանքները հանդիսանում են հնարավորինս անվտանգ:
Փետրվար 02, 2016 at 13:42
