

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Այն մեկնարկելու է սույն թվականի ապրիլի 28-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7 /Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան/, մուտքը բակի կողմից:
Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, մորթիների մի մասը տրվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտին՝ գիտահետազոտական աշխատանքների համար, մի մասը՝ Հայաստանի բնության թանգարանին՝ էքսպանատներ պատրաստելու համար: Մնացած մասը կոչնչացվի հատուկ սեպտիկ հորերում:
Հիշեցնենք, որ գայլերի սպանդի համար գործադիրը բնապահպանության նախարարութանը հատկացրեց 24 669 200 դրամ՝ 200 գայլ սպանող որսորդներին պարգեւավճար տալու համար:
Ապրիլ 27, 2016 at 15:34
