

Ա1+
Բնապահպանության նախարարությունում ժխտում են, թե օտարերկրացի որսորդներին առաջարկվում է Հայաստանում որսալ կենդանիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը պնդում է,որ huntineurope.com կայքում` Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Մենք դիմել ենք որպես քաղաքացի, ով ցանկություն ունի գալ Հայաստան եւ որս անել, բայց ստացանք պատասխան, թե չունեն այդպիսի ծառայություն»,- ասաց Կարեն Պապոյանը:
Կայքն առաջարկում է հայկական մուֆլոն, բեզոարյան այծ կամ կովկասյան արջ որսալ Հայաստանում` նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: Ըստ առաջարկի` բոլոր նրանք, ովքեր պատրաստ են վճարել 14 000 ԱՄՆ դոլար, կարող են Հայաստանում մեկ շաբաթ Բեզոարյան այծի որսի մասնակցել: Եթե 16 000 ԱՄՆ դոլար վճարեն, ապա կարող են հայկական մուֆլոն որսալ, կովկասյան արջի որսը համեմատաբար ավելի էժան է` 4 500 ԱՄՆ դոլար: Կայքէջում ներկայացվում է «Սաֆարի ինտերնեյշնալ» կազմակերպությունը, որն ամբողջ Եվրոպայով կազմակերպում է որս:
ԲՆ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ՀՀ-ում խստիվ արգելված է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը:
«Բնապահպանական պետական տեսչության կողմից խիստ վերահսկողության դաշտում են ՀՀ այն բոլոր տարածքները, որտեղ հնարավոր կլինի ապօրինաբար որս իրականացնելը: Խիստ հետեւողական ենք եւ կիրառվում է ամենախիստ պատժամիջոցները նման որսագողության դեպքերի դեմ»,-ասաց նա
Ի դեպ, Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը համարում է, որ Հայաստանում չկա որսի մշակույթ: «Զարգացված երկրներում որսը կազմակերպելը անհրաժեշտություն է, իսկ մեզ մոտ դեռ միջնադարյան մակարդակում է»,- ասաց նա: Ըստ նրա` տարբեր երկրներում տարբեր կերպ է որսր կազմակերպում:
«Օրինակ` Աֆրիկայում որսը կազմակերպելու առումով եկամուտների մի մասը վերադարձվում են, որ այդ կենդանատեսակը պահպանվի, բազմացվի: Հայաստանում ինչքանով է գործում, տեղյակ չեմ: Գիտեմ, որ եղել է այդ կազմակերպությունը, եթե չեմ սխալվում այսօրվա դրությամբ չի գործում»,-ասաց նա:
Ի դեպ, «Ա1+»-ը փորձեց զանգահարել huntineurope. com-ում նշված հեռախոսահամարով, սակայն օպերատորը իսպաներենով պատասխանեց, թե բաժանորդը չի կարող զանգերին պատասխանել:
Մարտ 25, 2010
