

Ամենպրես
Շիկահողի պետարգելոցի Սոսիների պուրակում իրականացվում է ամենամյա ծառատունկ: Վերականգնողական ծրագրով 5 հեկտարի վրա արդեն տնկվել է 1500 արեւելյան սոսի եւ 600 հունական ընկուզենի: Նախապես տարածքում իրականցվել է սանիտարական մաքրում, հեռացվել են չորացած ծառերն ու ճյուղերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը, վերջին 3 տարվա ընթացքում 15 հա-ի վրա տնկվել են 7200 արեւելյան սոսի եւ 1200 հունական ընկուզենի: Արգելոցն ունի իր տնկարանը, որը զբաղեցնում է 2 հա տարածք: Այստեղ տնկիների թիվը հասնում է 26 հազարի, որոնց մեջ կան արեւելյան սոսի, հունական ընկուզենի, ամերիկյան ուռենի, արեւելյան եւ վրացական կաղնի:
Տնօրենի հավաստմամբ, ցանկացողներին կարող են տրամադրել բարձրորակ տնկիներ, լուծված է նաեւ դրանց ոռոգման խնդիրը: Արգելոցի կոլեկտիվը առաջիկայում ծառատունկ կիրականցնի նաեւ հարակից գյուղերի վարչական տարածքներում:
Ռ. Մկրտչյանի տեղեկացմամբ, վերջին տարիներին արգելոցում զգալիրեն ավելացել է նաեւ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների թիվը: Այստեղ ծառերի եւ կենդանական աշխարհի աճը նպաստավոր պայմաններ է ստեղծում էկոտուրիզմի զարգացման համար: Այդ նպատակով վերջին շրջանում որոշ աշխատանքներ են իրականցվել` մշակվել են զբոսաշրջության երթուղիները, տպագրվել են պաստառներ, բուկլետներ, իսկ որպես հյուրանոց զբոսաշրջիկների համար կարող է ծառայել վերջերս հիմնանորոգված արգելոցի վարչական շենքը:
Ապրիլ 08, 2010
